«Հայաստանը չունի առաջնորդ». Պարույր Հայրիկյան
«Հայ մարդն ի վերջո հասկանում է, որ իր ապահովության երաշխավորը հայկական պետությունն է: Հետապնդումներ, հալածանքներ, դժվարություններ հայկական պետության մեջ կարող են լինել, բայց այդ բոլորը չեն կարող լինել մարդու հայկական պատկանելիության պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Գյումրիում և Երևանում տեղի ունեցած երեկվա դեպքերին:
Ըստ նրա՝ հայ մարդիկ նույնիսկ ենթագիտակցորեն զգում են, որ վտանգված է պետականությունը. «Եթե քո պետության տարածքում խոսում են այլ պետության Սահմանադրության գերակայության մասին, դա արդեն նշանակում է, որ քո երկիրը օկուպացված է: Մարդկանց գիտակցության մեջ այն տագնապը կա, որ մեր ազգային անվտանգությանն է լուրջ վտանգ սպառնում: Դրանով կարելի է բացատրել, մասնավորապես, արժանապատիվ գյումրեցիների կեցվածքը:
Դրան հակառակ՝ լրիվ բթացած են իրավապահ մարմինները. կարծես թե գործ ունես առողջ բանականությունը կորցրած տգետների հետ: Նրանք ընդամենը պիտի շենքի ապահովությունը հսկեին, քանի որ դա նրանց պարտականությունն է, բայց առանց բռնարարքների: Երեկ՝ գիշերը, Ազատության հրապարակից հավաքել են բոլոր այն մարդկանց, ում ձեռքին եռագույն դրոշ է եղել: Սա, ինչպես ժողովուրդն է ասում, արդեն վերջն է: Սա անշնորհքություն ասելը մեղմ է, իհարկե, և ցույց է տալիս, որ ոստիկանական համակարգը բթացման փուլում է»:
Պ. Հայրիկյանի խոսքով՝ բողոքը կարող էր նվազագույնի հասած լինել, եթե երկիրն զգար, որ նախագահ ունի. «Հայաստանը չունի առաջնորդ, նախագահ չկա, կա Պուտինի խամաճիկ: Եթե, օրինակ, սգո օր հայտարարեր, ապա դա նախևառաջ կընկալվեր որպես նախազգուշացում, հետո էլ՝ դրանով ցույց կտրվեր Հայաստանի ցավագին վերաբերմունքը:
Ռուսների համար արդեն սովորական է դարձել հայ սպանելը Ռուսաստանում: Ես պաշտոնական թվեր եմ ստացել՝ գլխավորելով Մարդու իրավունքների հանձնաժողովը. տարեկան 850-950 բռնի մահով սպանված մարդու դիակ է բերվում Հայաստան Ռուսաստանից: Չեն վերլուծվում, թե ով, ինչպես, ինչի համար: Հիմա ռուսներն արդեն վարժվեցին, որ հայերին կարելի է նաև Հայաստանում սպանել, ինչո՞ւ միայն Ռուսաստանում. չէ՞ որ «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի» քաղաքականությունը կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ հայերը քիչ լինեն, ու պարտադիր չէ, որ դա տեղի ունենա Հայաստանում»:
Ըստ Հայրիկյանի՝ կասկած է հարուցում հատկապես այն փաստը, որ եթե սպանություն կատարողը մեկ հոգի լիներ, ապա առաջին կրակոցից հետո ընտանիքի մյուս անդամները կփորձեին փախչել կամ գոնե տեղից շարժվել, այնինչ բոլոր զոհերը մահճակալում են եղել: Ըստ նրա, կասկածելի է նաև այն, որ հանցագործություն կատարողը դեպքի վայրում է թողել իր իսկությունը, իր անձը հաստատող փաստեր: Բայց ԱԻՄ առաջնորդը չփորձեց այս մի քանի փաստերի հիման վրա հեռուն գնացող եզրակացություններ անել՝ դա համարելով նաև մեծամտություն: Նա հույս հայտնեց, որ իրավապահները ինչ որ պետք է, կանեն գոնե տեղեկություն ստանալու առումով: