Բաժիններ՝

Գյումրիի սպանությունները տեղի ունեցան Ռուսաստանի համար անհարմար ժամանակում. The Guardian

Բրիտանական The Guardian թերթն անդրադարձ է կատարել Գյումրիի դեպքերին՝ հիշեցնելով, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամ, որոնց թվում՝ երկու տարեկան երեխա (Հասմիկ Ավետիսյան), իսկ ընտանիքի ողջ մնացած միակ անդամ, վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց.

«Հազարավոր մարդիկ երեկ հարգել են սպանվածների հիշատակը, ինչպես նաև պահանջել են, որ մարդասպանի դատն իրականացնի հայկական կողմը: Սարսափելի սպանությունը յուրահատուկ է նրանով, որ կասկածյալը ոչ թե հայ է, այլ՝ ռուս:

Խոսքը ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի մասին է: Ռուս սահմանապահները նրան ձերբակալել են Թուրքիա անցնելու փորձ կատարելիս, ինչից հետո նա ընդունել է կատարած հանցանքը:

Հանցանքի շարժառիթները մնում են անորոշ: Որոշակի տվյալներով՝ Սիբիրից եկած նորակոչիկը, ով ընդամենը երկու ամիս է, ինչ ծառայում էր 102-րդ ռազմակայանում, ունի հոգեկան խնդիրներ:

Եվ այնուամենայնիվ, այս դեպքը մտահոգել է շատ հայերի: 2013 թվականին Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ երկար սպասված Ասոցացման համաձայնագրից՝ հօգուտ Մոսկվայի գլխավորած Մաքսային միության: Շատերը դրանում տեսան Կրեմլի ճնշումների հետք»:

Թերթն ուշադրություն է հրավիրում, որ Գյումրիում ռուս զինվորականների մասնակցությամբ սա առաջին միջադեպը չէ. «1999 թվականին ռուս երկու սպաներ, գտնվելով թմրանյութի ազդեցության ներքո, կրակել են Գյումրիի շուկայում՝ սպանելով երկու մարդու ու վիրավորելով տասնյակ անձանց: 2013 թվականին էլ երկու տղա երեխա զոհվեցին ռազմաբազայի զորավարժարանում ռուս զինվորների թողած պայթուցիկ սարքերի հետևանքով:

Գյումրիում կատարված սպանությունների ներկայիս դեպքը գրանցվեց Ռուսաստանի համար անհարմար ժամանակում, ով ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ կողջունի իր զինված ուժերի շարքերում օտարազգի պայմանագրային զինծառայողների ներկայությունը:

Դա մասնավորապես վերաբերում է Հայաստանում, Բելառուսում, Տաջիկստանում ու Ղրղզստանում մնացած բազաներում տեղաբնակների թվակազմը մեծացնելուն (Ռուսաստանն իր բազաները դուրս է բերել Վրաստանից, Ադրբեջանից, Ուզբեկստանից)»:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ օտար երկրների քաղաքացիները ևս կարող են պայմանագրային հիմունքներով ծառայության անցնել ռուսական բանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս