Բաժիններ՝

Ի պատասխան գլխավոր դատախազի. ռուսական կողմը խախտել է պայմանագիրը

Այսօր Գյումրիում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ քանի որ ՌԴ զինվորական Վալերի Պերմյակովին մեղսագրվող հանցաքներից առաջինը եղել է զորամասը զենքով լքելը, ուստի հարցը ՌԴ իրավազորության ներքո է:

Պարոն Կոստանյանը նաև ընդունեց այն փաստը, որ խնդիրը բարձրացվել է այն բանից հետո, երբ Պերմյակովը հայտնվեց ՌԴ ռազմաբազայում:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը`

1. Հանձնման և ՌԴ սահմանադրության հետ կապված խնդիրները ի հայտ եկան միայն այն ժամանակ, երբ Պերմյակովը ռուս սահմանապահների կողմից հանձնվեց ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարին: Ռուս Սահմանապահները, սահմանը հատելու փորձ կատարողին որևէ իրավունք չունեին հանձնելու որևէ մեկին` բացի ՀՀ իրավապահ մարմիններից:

ՌԴ սահմանապահները խախտել են «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածը, ինչը և հանգեցրել է հանձնման հետ կապված բոլոր խնդիրներին:

2. 1999 թվականին, երբ ՌԴ զինվորականներ Դանիս Պոպովն ու Ալեքսանդր Կամենևը նույն Գյումրիյում զենքով լքեցին զորամասն ու կրակ բացեցին պատահական անցորդների վրա, արդյունքում մահացավ 2 հոգի, 10-ը վիրավորվեցին:

Պոպովին և Կամենևին ձերբակալեցին հայ իրավապահները (ոչ առանց քաղաքացիների օգնության) և այդ անձինք դատվեցին Հայաստանի Հանրապետություն` Շիրակի մարզի դատարանում (նախագահությամբ դատավոր Էդվարդ Մանուկյանի):

3. Իրավական տեսանկյունից բացարձակ կարևոր չէ, թե ո՞ր աշխարհագրական տարածքում է տեղի ունենալու հանցագործության մեղավորի դատը: Կարևոր է, թե ո՞ր երկրի դատարանն է այն քննելու:

Այս դեպքում, համաձայն Գևորգ Կոստանյանի, ըստ ամենայնի, Պերմյակովի գործը քննվելու է Գյումրիում ՌԴ կայազորային դատարանը, իսկ գործը վարելու է ՌԴ քննչական կոմիտեյի կայազորային 517-րդ քննչական մարմինը:

Վերոնշյալը իրավական հիմք է տալիս պնդելու, որ հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները հետաքննություն սկսեն այն փաստի շուրջ, թե ինչու են ռուս սահմանապահները հանցագործին հանձնել ռազմաբազայի հրամանատարին: Ինչպես նաև, հարկավոր է քրեական հետապնդման ենթարկել այն սահմանապահներին, ովքեր օգնել են Պերմակյովին խուսափել հայ իրավապահներից:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս