Ողբերգությունը հնարավոր էր կանխել, եթե ժամանակին ռազմաբազայի ղեկավարությունն իրազեկեր փախուստի մասին
Հարցազրույց «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի հետ
Վահան Թումասյանն ապրում է այն նույն թաղամասում, որտեղ երեկ տեղի է ունեցել ոճրագործությունը: Ավետիսյանների բնակարանը նրա տնից մի քանի տուն այն կողմ է. «Հազիվ մի 30 մետր հեռավորության վրա»: Վահանն իրենց թաղամասը բնութագրում է՝ որպես խախաղ և ապահով, որտեղ ապրող մարդիկ նույնիսկ գիշերը քնելուց առաջ սովորություն չունեն տան դուռը փակել: Տներն իրարից հեռու են, և հենց այդ պատճառով հարևանները չեն լսել ավտոմատի կրակոցների ձայնը, և հարևաններից մեկն ընդամենը պատահականության արդյունքում է հայտնաբերել, որ Ավետիսյանների ընտանիքը ենթարկվել է հարձակման:
«Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 6-ին, սակայն հարևանները դրա մասին ահազանգել են 11-11-ն անց կես, դեպքից առնվազն հինգ ժամ անց»: Մենք Վահանի հետ խոսեցինք Գյումիրում երեկ և այսօր տիրող հոգեբանական վիճակի և այս ողբերգության հետագա ազդեցության մասին:
– Գյումրին սթրեսի մեջ ապրող քաղաք է, որովհետև մարդիկ դեռ չեն կարողացել հաղթահարել 88-ի երկրաշարժի հետևանքները: Եվ նման ամեն մի դեպք ու իրադարձություն քաղաքը գցում է նոր սթրեսի մեջ, մարդիկ միանգամից խուճապահար են լինում: Առանց այն էլ Գյումրիում աշխուժություն չկա, բայց երեկ երեկոյան Գյումրին մեռյալ, լքված քաղաքի տպավորություն էր թողնում, մարդիկ իրար զանգում և զգուշացնում էին, որ պետք չէ դուրս գալ տանից, նույնիսկ խիստ անհրաժեշտության դեպքում գերադասում էին տանից դուրս չգալ, իրար խորհուրդ էին տալիս աշխատանքի չգնալ, երեխաներին դպրոց չուղարկել: Ես միայն այս իրադարձություններից հետո ամբողջ խորությամբ հասկացա փարիզցիներին և հասկացա, թե ինչու Ֆրանսիայի իշխանությունները որոշեցին բանակային ստորաբաժանումներ մտցնել քաղաք: Ես մտածում եմ, որ նման մի բան պետք էր անել նաև Գյումրիում, որովհետև հայկական բանակի ներկայությունը մարդկանց վստահություն և ապահովություն կներշնչեր:
– Արդյոք կփոխվե՞ն քաղաքի և ռազմաբազայի հարաբերությունները, մարդիկ կփոխե՞ն իրենց վերաբերմունքը ռուսների նկատմամբ:
– Գյումրեցիների համար ռազմաբազան միշտ եղել է կայունության և ապահովության գործոն: Մարդիկ համարել են, որ ապրում են Թուրքիայի հարևանությամբ, բայց կա ռուսական բազա, որն անհրաժեշտության դեպքում կարող է իրենց պաշտպանել: Մյուս կողմից՝ ռազմաբազան ու դրանում աշխատող ռուս սպաները համարվել են՝ որպես եկամտի աղբյուր: Գյումրիում, որ միշտ համարվել է ավանդապաշտ քաղաք, վերջին մի քանի տարիներին հատկապես ռուսների համար գիշերային ակումբներ էին բացվել, գիշերային ակումբներից մեկի վրա հենց այդպես էլ գրված է՝ «Մուտքը միայն ռուս սպաների համար», ռուսներին գրավելու համար խանութներն անվանում էին ռուսական անուններով՝ «Ռոսիա» կամ «Յոլկի-պալկի»:
Երևի նաև մեր մեղքով ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը սկսել էր քաղաքը համարել իրենը, ռուս սպաները սկսել էին վերևից նայել քաղաքային և մարզային իշխանություններին, հաշվի չնստել նրանց տեսակետի հետ, ու դա տարածվում էր նաև շարքայինների վրա: Ինչո՞ւ, օրինակ, ռուսները ժամանակին տեղյակ չէին պահել քաղաքային իշխանություններին, որ ռազմաբազայից զինվորական է փախել, որ նա զինված է, որովհետև նրանք արհամարհական վերաբերմունք ունեն քաղաքային իշխանության նկատմամբ: Եթե ժամանակին տեղյակ պահեին, գուցե որոնումներն էլ ժամանակին սկսվեին, գուցե հնարավոր լիներ կանխել այս ողբերգությունը: Ես նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ քաղաքային իշխանությունները պետք է որոշակի վերահսկողական ֆունկցիաներ ունենան ռազմաբազայի նկատմամբ, որովհետև հնարավոր չէ, որ 6-7 հազար զինվորական ապրի մի քաղաքում, և նրանք հաշվետու չլինեն այդ քաղաքի իշխանություններին:
– Գուցե այս միջադեպն առի՞թ դառնա, որ այդ հաշվետվողականությունն իրականանա:
– Միայն հաշվետվողականությամբ հարցը չի կարելի լուծել. պետք է Հայաստանի իշխանությունները հասնեն նրան, որ ռազմաբազայի ծառայողների 30-40 տոկոսը լինեն ազգությամբ հայեր, Հայաստանի քաղաքացիներ: Իրավական առումով ես չգիտեմ, թե դա ինչպես է հնարավոր անել, բայց եթե ռուսական սահմանապահ զորքերի դեպքում դա հնարավոր եղավ, նույնը կարելի է ռազմաբազայի համար անել: Սահմանապահ զորքերի օրինակը ցույց է տալիս, որ հայ զինվորականներն ավելի լավ են կատարում իրենց ծառայողական պարտականությունները, քան ռուսները: Շիրակի մարզի տարբեր գյուղերից անասնագողության դեպքեր էին գրանցվում, և այդ գողացված անասունն անցկացվում էր դեպի Թուրքիա: Չեմ կարծում, թե՝ առանց ռուս սահմանապահների գիտության կամ աջակցության:
Մեկ-մեկուկես տարի առաջ սահմանին քուրդ սպանվեց: Դեպքի մասին գրվեց, բայց չգրվեց, թե ինչի է սպանվել այդ քուրդը: Իսկ գյուղացիներն ասում են, որ քուրդը ցանկացել է Հայաստան գալ՝ անասունի հարցով «ռազբորկա» անելու, որ խոստացված անասունն իրեն չի հասել: Քուրդ սահմանախախտի վրա կրակողը հայ սահմանապահ է եղել, որը ծառայել է ռուսական սահմանապահ ջոկատում: Դրանից հետո անասնագողության դեպքերը դադարեցին, քանի որ սահմանի այն կողմում տեսան, որ չեն կարող անպատիժ անել այն, ինչ ուզում են: Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանած ռուս զինվորին էլ, իմ տեղեկություններով, Բայանդուրի գյուղացիներն են նկատել, բայց ասվում է, որ ռուսներն են բռնել: