Ստեփան Դեմիրճյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը ևս չեն մասնակցի Ծառուկյանի միջոցառմանը
Մեր տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին չի մասնակցելու նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀԱԿ խորհրդի նախաամանորյա հավաքի ժամանակ Ծառուկյանի կազմակերպած միջոցառումը բոյկոտելու մասին էր հայտարարել նաև ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀԺԿ նախագահի որոշումն անմիջականորեն կապ ունի Տեր-Պետրոսյանի որոշման հետ. դրանք փոխկապակցված են: Ստեփան Դեմիրճյանը՝ չլինելով ՀԱԿ խորհրդի անդամ, մասնակցել է այդ միջոցառմանը: Իսկ ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը բոյկոտում այդ խորհրդաժողովը, և ինչո՞ւ է նրան միանում ՀԺԿ նախագահը:
Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ շարքային հրավիրյալի կարգավիճակով մասնակցելով Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովին, ՀԱԿ-ը գործընկերոջ կարգավիճակից վերածվում է ԲՀԿ-ի շարքային արբայնակի: Ճիշտ է, մինչև հիմա էլ ՀԱԿ-ի վիճակն առանձնապես նախանձելի չէր, քանի որ ստիպված էր հանդուրժել ԲՀԿ-ի ցանկացած քմահաճույք և մշտապես համաձայնել ԲՀԿ-ի որոշումների հետ: Բայց ֆորմալ առումով ՀԱԿ-ը ԲՀԿ-ի գործընկերն էր եռյակում, որտեղ կար դարձյալ ֆորմալ հավասարություն, և որոշումներն ընդունվում էին կոնսենսուսով: Լևոն Տեր-Պետրոսյանը նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ փորձեց ընդլայնել եռյակի կազմը և դրա մեջ ընդգրկել նաև ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, սակայն նրա այդ փորձը ձախողվեց, քանի որ և՛ ԲՀԿ-ն, և՛ «Ժառանգությունը» հայտարարեցին, որ իրենց համար ֆորմատի փոփոխությունն անընդունելի է, որ եռյակը խորհրդարանական խմբակցությունների համագործակցություն է, որից հետո Տեր-Պետրոսյանը ստիպված նահանջեց:
Միանձնյա հրավիրելով նման խորհրդաժողով՝ Ծառուկյանը, ըստ էության, լուծարում է եռյակը և փորձելու է ձևավորել կուսակցությունների համագործակցության նոր ֆորմատ, որի վերևում կլինի ԲՀԿ-ն՝ որպես առաջնորդ կուսակցություն, իսկ ներքևում՝ մնացած բոլորը՝ հավասարի կարգավիճակով: Եթե Տեր-Պետրոսյանը կամ Ստեփան Դեմիրճյանը մասնակցում են այդ խորհրդաժողովին, ստացվում է, որ ընդունում են Ծառուկյանի առաջարկած նոր ֆորմատը, ընդունում են որ ՀԱԿ-ը կամ ՀԺԿ-ն նույն տրամաչափի կուսակցություններ են, ինչպես, օրինակ, Ժողովրդական կուսակցությունը կամ Ազգային համաձայնությունը: Դա թույլ չտալու համար Տեր-Պետրոսյանը որոշել է բոյկոտել Ծառուկյանի կազմակերպած միջոցառումը:
Նույնը նա առաջարկել է անել Ստեփան Դեմիրճյանին, որի ղեկավարած ՀԺԿ-ն իրականում ոչնչով չի տարբերվում Հայաստանում գործող մյուս մարդ-կուսակցություններից, սակայն, ի տարբերություն դրանց, Ստեփան Դեմիրճյանը 2003թ. նախագահական ընտրություններին մասնակցած նախագահի թեկնածու է, ով նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ երկրորդ փուլում ստացել էր ընտրողների գրեթե 48 տոկոսի ձայները, իսկ նույն թվականին կազմակերպված խորհրդարանական ընտրություններում Դեմիրճյանի ղեկավարած «Արդարություն» դաշինքը երկրորդն էր ՀՀԿ-ից հետո:
Այնպես որ, Ստեփան Դեմիրճյանը կարող է պահանջել, որ իրեն հատուկ կարգավիճակ տան՝ գոնե իր անձի և իր ղեկավարած կուսակցության ունեցած անցյալի փայլի ու փառքի դիմաց:
Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովին չի մասնակցելու նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցության ներկայացուցիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, այսօր մեզ տեղեկացրեց, որ Հովհաննիսյանը Հայաստանում չէ, և իր ունեցած տեղեկություններով՝ մինչև հունվարի 20-ը Հայաստանում չի լինի: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ժառանգությունից» խորհրդաժողովին այլ անդամներ մասնակցեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ կարող են կուսակցության ինչ-որ անդամներ գնալ այդ միջոցառմանը, որովհետև իրենք դա պարտադրված են անել, բայց «Ժառանգություն» կուսակցությունն այդ միջոցառմանը պաշտոնապես չի մասնակցելու»:
Այսպիսով, եթե Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովը բոյկոտեն վերջին երեք նախագահական ընտրություններին մասնակցած և պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը գրաված երեք թեկնածուներ Ստեփան Դեմիրճյանը, Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա Ծառուկյանի կազմակերպած համաժողովի ներկայացուցչականությունն էականորեն կնվազի: Կստացվի, որ այդ միջոցառմանը մասնակցում են միայն հանրությանն անհայտ ինչ-որ կուսակցություններ, որոնք գոյություն ունեն միայն պետռեգիստրի տված վկայականի շնորհիվ, որոնք երբևէ որևէ ընտրության ինքնուրույնաբար չեն մասնակցել, կամ, մեղմ ասած, խիստ համեստ արդյունքներ են ունեցել:
Դժվար չէ կանխատեսել, որ նման կուսակցություններին իր շուրջը համախմբելուց հետո Ծառուկյանը, միևնույն է, փորձելու է համագործակցության որոշակի եզրեր գտնել նաև ՀԱԿ-ի հետ, իսկ ՀԱԿ-ի միջոցով՝ նաև ՀԺԿ-ի: Այդ դեպքում Տեր-Պետրոսյանը կարող է ՀԱԿ-ի և ՀԺԿ նախագահի համար հատուկ կարգավիճակ պահանջել: Ի վերջո, առանց ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի և «Ժառանգության», ԲՀԿ նախագահը չի կարող իրեն ընդդիմության առաջնորդ և Համազգային շարժման լիդեր հռչակել:
Հ. Գ. Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանը և Ստեփան Դեմիրճյանը կբոյկոտեն Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովը, նույնը չի կարելի ասել ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի մասին, ով դեռևս անցյալ տարեվերջին մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցելու է Ծառուկյանի կազմակերպած միջոցառմանը: Սարգսյանը չի հրաժարվի իր հայտարարությունից, և արդյունքում կստացվի, որ երրորդ պատգամավորը չի վերահսկվում ՀԱԿ ղեկավարության կողմից: