
Դավութօղլուն ոչ իսլամների հրավիրում է տոնական ճաշի

Երկուշաբթի, դեկտեմբերի 29-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր նստավայրում Նոր տարվա տոնական ճաշկերույթ է կազմակերպելու երկրի ոչ իսլամ համայնքների ներկայացուցիչների համար:
Ինչպես հաղորդում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը, ոչ իսլամների համար նման տոնական սեղան Թուրքիայի բարձրաստիճան օղակներում բացվելու է առաջին անգամ:
Երկրի հունական, ասորական, հրեական և այլ համայնքի կրոնական ներկայացուցիչների հետ տոնական ճաշկերույթին հրավիրված են նաև Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանն ու Պոլսո հայ կաթողլիկ համայնքի արքեպիսկոպոս Հայր Լևոն Զեքյանը:
Սպասվում է, որ Նոր տարվա ընդունելության առթիվ վարչապետին են ներկայացվելու երկրի կրոնական փոքրամասնությունների խնդիրները: «Ժամանակի» փոխանցմամբ, Դավութօղլուն կրոնական փոքրամասնություններին առնչվող կարևոր հայտարարություն է անելու: