Բաժիններ՝

Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն աճել է. Ս. Ասրյան

Անցնող տարին կրթության և գիտության բնագավառում, նշանավորվել է ձեռբերումներով ու առաջընթացով, որոնք նկատելի են դարձրել մի շարք կրթական նոր ծրագրերի դրական արդյունքները։

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԼՂՀ Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը՝ հավելելով, որ հանրակրթական դպրոցներում դեռևս շատ են անելիքները, որոնց հետևողականորեն փորձում են համապատասխան լուծումներ տալ։ Խոսելով նախադպրոցական ոլորտի մասին, նախարարն ընդգծել է, որ հանրապետության մի շարք մանկապարտեզների կառուցման գործընթացը շարունակական գործընթաց է։ Մասնավորապես ավարտին են հասցվել Հադրութ և Մարտակերտ շրջկենտրոններում, Տումի, Հարգոմեր գյուղերում մանկապարտեզների կառուցման աշխատանքները։ ԿԳ նախարարի տեղեկատվության համաձայն, Արցախում ներկայումս գործում է 45 մանկապարտեզ, որոնցից 30-ը պետական կարգավիճակ ունեն։ Մանկապարտեզ է հաճախում շուրջ 3435 երեխա։

Նախորդ տարվա համեմատ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն աճել է՝ 336-ով, որոնց թվում 62-ը՝ նախադպրոցականեր են, իսկ 1455-ը՝ հաճախում են մանկապարտեզ։ Անցնող տարում շոշափելի առաջընթաց է արձանագրվել նաև դպրոցաշինության բնագավառում։ Մասնավորապես կառուցվել և ընթացիկ ուսումնական տարվա սկզբին շահագործման են հանձնվել Ստեփանակերտի համար 1, համար 6, Ասկերանի շրջանի՝ Աստղաշենի, Քաշաթաղի շրջանի՝ Արտաշավիի և Մարտակերտի շրջանի՝ Չափարի համայնքների դպրոցական շենքերը։ ԿԳ նախարար Ս. Ասրյանի խոսքով, ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում ստուգումներ են իրականացվել հանրակրթական 33 դպրոցներում՝ ուսուցման որակի հետ ծանոթանալու և այն բարձրացնելու նպատակով։ Հետևողական աշխատանք է տարվել նաև մանկավարժական կադրերի վերապատրաստման առումով։ Անդրադառնալով բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների գիտելիքների աստիճանին, նախարարը մանրամասնել է, որ դիմորդների 23 տոկոսը ստացել են գերազանց գնահատականեր, 45-ը՝ բավարար, իսկ 32-ը՝ անբավարար, միաժամանակ նկատել է, որ գերազանցությամբ ընդունվող դիմորդների թիվն անցած տարվա համեմատ աճել է 2 տոկոսով։

Կրթության ոլորտում ներդրված մի շարք նոր ծրագրերից Ս. Ասրյանը կարևորել է «Յուրաքանչյուր աշակերտին մեկ համակարգիչ», և Dasaran.am համացանցային ուսումնատեղեկատվական ծրագրերը, որոնցում ներգրավված են 90 դպրոցներ։ Նախատեսվում է նաև ստեղծել ընդհանուր դպրոցական ցանց, որի միջոցով ուսուցիչներն ու աշակերտները կծանոթանան կրթության ոլորտում իրականացվող աշխատանքներին ու բարեփոխումներին, ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրին»։

Artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս