Բաժիններ՝

«Հեռուստատեսության ոլորտում կտրուկ, շոկային քայլերը գործուն չեն». media.am

media.am-ը գրում է. « Հեռուստատեսությունն անպայման պիտի հիշեցնի արժանապատիվ ապրելակերպի մասին»

Հանրային հեռուստաընկերությունն արդեն երկու տարի է՝ նոր ղեկավարություն ու թարմացված աշխատակազմ ունի: Ալիքում շատ բան է փոխել, եւ առաջինը, թերեւս, զուսպ մոտեցումն է, որի արդյունքում եթերից դուրս են մղվել նախկինում վարկանշային (բավական մակերեսային ու թեթեւամարս) հաղորդումներն ու սերիալները: Ակնհայտորեն բարձրացել է ցուցադրվող ֆիլմերի որակը, ու պակասել է գովազդի ծավալը:

«Առաջին»-ի այսօրվա եթերացանցը կարող է առարկություններ առաջացնել, բայց այն վանող չէ, ինչը մեր հեռուստադաշտում արդեն իսկ մեծ ձեռբերում է, քանի որ միանման ու ցածրորակ հեռուստաարտադրանքը (արյուն, սկանդալ, արդիականի իմիտացիա) վերջին տարիներին գերակշռում է ողջ դաշտում:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը չի ձգտում մեդիայում մեկնաբանել «Առաջին» ալիքի նոր ռազմավարությունը՝ վստահ լինելով, որ այն, ինչ այսօր կա եթերում, հսկա սառցաբեկորի ընդամենը գագաթն է, իսկ հիմքն անտեսանելի ու ծավալուն աշխատանքն է: Նրա համոզմամբ՝ Հանրայինում տեղի ունեցող փոփոխությունները (թե՛ կառուցվածքային, թե՛ բովանդակային) հստակ գաղափարային պլատֆորմ ունեն ու միտված են ավելի պատրաստված ու խորը ընկալող լսարան ձեւավորելուն: «Փորձում ենք սպիտակ եթեր ձեւավորել»,- ասում է նա:

«Առաջինի» նոր ռազմավարությունը Ռուբեն Ջաղինյանը համեմատում է շոշափողի էֆեկտի հետ: Մաթեմատիկական այս եզրույթը նա օգտագործում է՝ տեսանելի դարձնելով լսարան-հեռուստաարտադրանք կապը, որը միշտ էլ երկակի է եղել (մեկը մյուսով է պայմանավորված, ինչպես առաջարկն ու պահանջարկը): Եվ քանի որ վերջին տարիներին թելադրող ու պահանջարկ ունեցող է հեռուստատեսային կիսագլամուրային-կիհսաքարոզչական (մեծ հաշվով՝ ոչինչ չասող) հաղորդումների ձեւաչափն ու լեզուն, Հանրայինը փորձելու է փուլ առ փուլ նոր առաջարկ ձեւավորել:

Ինչպե՞ս կբնութագրեք այն մոդելը, որին ձգտում է «Առաջինը», եւ որը պատրաստվում եք իրագործել:

Հանրային հեռուստաընկերությունը զարգացման երեք փուլ ունի: Այդ փուլերը մենք հստակ նախանշել ենք ու հետեւելու ենք: Հիմա առաջին փուլն է, որը ենթադրում է փոփոխություններ՝ նորը կառուցելու նպատակով:

Երկրորդ փուլում, որը կսկսվի 2015 թվականի սեպտեմբերից, արդեն նկատելի կլինի հեռուստաընկերության առաջընթացը, քանի որ հաղորդումներն ավելի դիտարժան կդառնան: Այսինքն՝ այսօրվա հետազոտական, փորձնական մոդելը դանդաղորեն կվերածվի ավելի խորը եւ լավ իմաստով՝ ժամանցային մոդելի:

Երրորդ փուլը կմեկնարկի երկու տարի անց, երբ արդեն կձեւավորվի այն հեռուստաընկերությունը, որը սիրելու ենք եւ հուսով եմ՝ դիտելու ենք հպարտությամբ: Եվ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում:

Հանրային հեռուստաընկերության մասին պատկերացումներն ու սպասելիքները շատ տարբեր են, եւ մենք փորձում ենք հաշվի առնել տարբեր տեսակետները:

Սկզբում սիրողական հարցումներ էինք անում, հետո անցում կատարեցինք դեպի մասնագիտական մոտեցումը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կառույցի մի մասն է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը», որը շատ լուրջ հետազոտական աշխատանք է տանում ու թիրախային խմբերի միջոցով պարզում լսարանի սպասելիքները:

«Ցանկացած հաղորդաշար սկսելուց առաջ նախեւառաջ պետք է լավ  պատկերացնել, թե ինչպիսին կլինի այդ հաղորդաշարի ութերորդ կամ   տասներորդ հաղորդումը: Եվ մինչեւ դա պարզ չլինի, այն սկսել չի կարելի»

Երեւի մի տարբերակ կա. պետք է ենթադրել, որ լսարանն ավելի խելացի ու լայնախոհ է, քան նույնիսկ կա իրականում եւ ապացուցված է հարցումներով:

Ցանկալի է օգտագործել մասնագիտական բանաձեւերը: Մաթեմատիկայում կիրառվող «շոշափող» հասկացությունը շատ լավ նկարագրում է մեր արածը: Շոշափողը հպվում է տարբեր գագաթնակետերին ու մի աստիճան բարձրացնում դրանք: Հետո նորից է հպվում, բայց ավելի բարձր կետից ու իր հետեւից ձգում ողջ գիծը: Եվ այդպես շարունակ: Դրանով հնարավորություն է բացվում քայլ առ քայլ վերափոխել ընկալման ընդհանուր պատկերը:

Կան իրավիճակներ, երբ կտրուկ, շոկային քայլերը չեն գործում: Այդպես է հատկապես հեռուստատեսության ոլորտում: Չի ստացվի միանգամից փոփոխություններ անել, քանի որ փոփոխություններից շատերը կարող են լսարանի կողքով անցնել եւ ոչ մի հետք չթողնել: Մի հարյուր մարդ կհիանա, բայց լսարանի մեծ մասը, անսպասելի եւ բարդ բան տեսնելով, միանգամից կփոխի ալիքը: Իսկ շոշափողի մեխանիզմով կատարվող փոփոխությունները շատ գործուն են, թեեւ, իհարկե, ավելի դանդաղ են իրականանում:

Միանգամից եւ կտրուկ փոխել հնարավոր չէ, այդ պատճառով էլ ընտրեցինք փուլային տարբերակը: Քայլ առ քայլ վերափոխելով՝ առաջ ենք գնում: Սա ընթացք է, որն արագացնել չի կարելի (եթե շտապենք, ողջ նավը շուռ կգա): Եթե ուշադիր նայեք, յուրաքանչյուր վեց ամիսը մեկ փոփոխություններ կտեսնեք:

Այնպես որ շատ հաղորդումներ փոխվում են եւ դեռ փոխվելու են: Բոլորս էլ շփվում ենք տարբեր մարդկանց հետ, այդ թվում` սոցցանցերում, ֆոկուս խմբերի տեսքով, ուսումնասիրում ենք սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներն ու տեսնում լսարանի միջինացված մակարդակը: Հարկավոր է ոչ միայն հաշվի նստել այդ ընկալման մակարդակի հետ, այլեւ փորձել փոխել այն:

Կան բաներ, որոնք հարիր չեն Հանրային հեռուստաընկերությանը: Այն ամեն դեպքում պետք է մրցակցի ու հաղթի իր որակով:

Հանրայինի նոր քաղաքականության ո՞ր փուլում են հայտնվելու լրատվական ծրագրերը: Համենայնդեպս, հիմա քաղաքական, վերլուծական, նաեւ լուրջ բանավիճային ձեւաչափի հաղորդումներ չկան, միայն լուրերի ավանդական թողարկումներն են:

Ընդհանրապես լրատվությունն ամենաբարդ հատվածն է, հատկապես Հանրային հեռուստաընկերությունում: Եվ մենք գերադասում ենք չշտապել: Կարծում եմ՝ այսօր «Առաջինի» լուրերի թողարկումների պատասխանատուներն անում են հնարավորը՝ հավասարակշռությունն ապահովելու համար:

Իսկ լրատվական ծրագրերը երկու հիմնական բաղադրիչ ունեն՝ վարչական-տեխնիկական եւ բուն բովանդակային: Բովանդակությունը աստիճանաբար փոխվում է (չեք կարող դա անտեսել):

Այո, քաղաքական բանավիճային հաղորդում մենք դեռեւս չունենք: Բայց չունենք ոչ թե այն պատճառով, որ դա հնարավոր չէ Հանրայինում, այլ որովհետեւ դեռ չենք գտել այն ձեւաչափը, որը կգոհացնի մեզ: Նույն պատճառով Հանրայինում չկան նաեւ ժամանցային կամ հումորային հաղորդումներ: Դեռ քննարկում ենք դրանց վերջնական մոդելը:

Իմիջիալյոց, Հանրայինում հիմա անտեսանելի, բայց բուռն լաբորատոր աշխատանք է եռում, անընդհատ փորձարկվում, մշակվում ու պիլոտային տարբերակով հաղորդումներ են պատրաստվում, թեմաներ են քննարկվում ու հաղորդավարներ հրավիրվում: Որոշ բան ստացվում է, որոշ բան՝ ոչ, բայց ընթացք կա:

«Թե՛ «Երեւան» ստուդիայի, թե՛ հեռուստաընկերուության արխիվային նյութերը թվանշայնացվում են: Դա արվում է կարեւոր նախապայմանով. ողջ արխիվը պիտի բաց տեղադրվի ինտերնետում եւ հասանելի լինի բոլորին»

Ցանկացած հաղորդաշար սկսելուց առաջ նախեւառաջ պետք է լավ պատկերացնել, թե ինչպիսին կլինի այդ հաղորդաշարի ութերորդ կամ տասներորդ հաղորդումը: Եվ մինչեւ դա պարզ չլինի, այն սկսել չի կարելի:

Այսինքն՝ կարո՞ղ եմ սպասել, որ Հանրայինի եթերում կտեսնեմ այն խնդիրները, որոնք հուզող են, մտահոգող ու ամեն քայլափոխի տեսանելի:

Այո, մեր նպատակը դա է:  Իսկ մյուս ալիքների հետ մրցակցություն, վարկանիշների մրցավազք կա՞:

Չի կարելի ասել, որ մրցակցություն չկա, պարզապես վարկանիշները գրավում են այն տեղը, որը պիտի գրավեն (ոչ ավել): Սկզբից էլ պարզ էր, որ ծրագրերի փոփոխություն անելով՝ մենք ռեյթինգի նվազում կունենանք: Բայց ամեն ինչ դեռ առջեւում է, եւ երբ ձեւավորվի մեր կայուն լսարանը, մենք առաջնային դիրքում կհայտնվենք:

Ի վերջո, ջուրը քար է տաշում: Եթե անընդհատ կաթիլ առ կաթիլ փորձես արժեքների փոփոխություն կատարել, կհաղթես: Ընդ որում՝ նկատի ունեմ ոչ միայն Հանրայինին, այլեւ բոլոր հեռուստաալիքներին: Փոփոխությունները բոլորիս են պետք: Նշանակություն չունի, որ տարբեր թիմերում ենք խաղում, բոլորս էլ նույն հավաքականի անդամներն ենք ու հանդես ենք գալիս մեկ դրոշի տակ: Հույս ունեմ, որ մյուս հեռուստաընկերությունների ղեկավարներն էլ են այդպես մտածում:

Հանրային հեռուստաընկերությունը ազգային հարստության՝ արխիվի տերն է: Ի՞նչ վիճակում է այժմ արխիվը, եւ պատրատվու՞մ եք արդյոք արխիվային նյութերը հանրային շրջանառության մեջ դնել: Դա նաեւ բազմաթիվ հաղորդաշարերի հիմք կարող է դառնալ:

Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի արխիվում ահռելի աշխատանք է արվել (եւ արվում) արխիվը հավաքագրելու, թարմացնելու ու կարգավորելու նպատակով: Խնդիրն այն է, որ հեռուստաընկերության արխիվային միավորները ոչ մի տեղ ամրագրված չէին, եւ հնարավորություն չունեինք ստուգել ունեցածը: Շատ նյութեր արխիվից կորել են, անհետացել: Ընդ որում՝ շատ բան կորել է ոչ թե դավադրությունների, այլ անփույթ մոտեցման պատճառով: Ժապավենները ֆիզիզկապես մաշվել են՝ տարիներ շարունակ գտնվելով անհրաժեշտ պայմաններ չունեցող պահեստներում կամ նկուղներում:

Համենայնդեպս, այն, ինչ ունենք թե՛ «Երեւան» ստուդիայում, թե՛ հեռուստաընկերության արխիվում, թվանշայնացնում ենք, եւ այդ փուլը նախատեսում ենք ավարտել 2016 թվականին: Դա արվում է կարեւոր նախապայմանով. արխիվը պիտի բաց տեղադրվի ինտերնետում եւ հասանելի լինի բոլորին: Խոսքը ողջ արխիվի, ոչ թե որոշակի հատվածի մասին է:

Շատ բան է արվում, թեեւ առաջին հայացքից դա չի երեւում: Մի քանի տարի հետո ունենալու ենք պրոֆեսիոնալ հեռուստանկերություն, որի ամեն օղակն է հստակ աշխատում՝ միջանցքներից սկսած, արխիվով վերջացրած:

Տպավորություն է, որ հեռուստատեսային դաշտը մի տեսակ հոգնած է, նոր գաղափարներ չեն ծնվում, էնթուզիազմն է պակասել:

Եթե անկեղծ խոսենք, ոչ միայն հեռուստաընկերությունում, ամեն տեղ էլ հոգնած ու անտարբեր մոտեցում կա: Երջանկության միավորն ընդհանրապես բարդ հաշվարկելի է: Հաճախ մարդիկ թաքցնում են իրենց հույզերը, ամաչում են ցույց տալ, որ երջանիկ են: Հարցնում ես՝ «Ինչպե՞ս ես», ասում են՝ «Դե ոչինչ էլի, բայց կարող էր ավելի լավ լինել»:

Կայացած, ինքնաբավ, երջանիկ մարդը միշտ կոնտրաստ է ստեղծել գորշ ֆոնի հետ: Այդպես էր խորհրդային տարիներին, այդպես է նաեւ հիմա: Եվ շատ ծրագրերում մեծ դժվարությամբ, բայց փորձում ենք այդ մոտեցումը կոտրել, հիանալու ու գնահատելու ունակությունն արթնացնել:

Մեծ ցանկություն ունենք 1970-ականների Երեւանի մասին սերիալ նկարահանելու: Նաեւ՝ Ղարաբաղի: Կարծում եմ՝ հենց այդ տարիներին մենք անտեսանելի, բայց թանկ

«Քաղաքական բանավիճային հաղորդում մենք դեռեւս չունենք: Բայց չունենք ոչ թե այն պատճառով, որ դա հնարավոր չէ Հանրայինում, այլ որովհետեւ դեռ չենք գտել այն ձեւաչափը, որը կգոհացնի մեզ»

բան ենք կորցրել կամ էլ չենք կարողացել հասցնել մինչեւ մեր օրերը: Իհարկե, եղել է եւ՛ լավը, եւ՛ վատը, բայց մեր հուշերի այսօրվա պահոցում պակասում է հենց այդ տարիների վերաիմաստավորումը:

Քանի որ արժեքներն ու տեխնոլոգիաները փոխվել են, մարդիկ ձգտում են դեպի հեշտ հումորը, մակերեսային զգացմունքները, թեթեւ սերիալային կրքերը: Ժամանակն է այդպիսին. կեցությունն է որոշում գիտակցությունը: Բայց այս ընթացքում մենք շատ կարեւոր բաներ ենք բաց թողել: Այստեղ ապրող ու հույս ունեցողը, իր ընտանիքի ու երեխաների ապագայի մասին մտածողը պիտի հպարտանալու առիթներ ունենա:

Բարեբախտաբար թե դժբախտաբար, այդ մարդիկ հեռուստատեսության պահանջն ունեն: Կարծում եմ՝ հեռուստատեսությունն անպայման պիտի հիշեցնի արժանապատիվ ապրելակերպի մասին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս