Բաժիններ՝

«Մեզ պատիվ չի բերում 100-ամյակից առաջ ստեղծված նման մթնոլորտը». Աշոտ Մելքոնյան

Հայկ Դեմոյանը մեկ անգամ չէ, որ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի դեմ հանդես է եկել հրապարակային հայտարարություններով:  Նա  նախորդ հայտարարություններում իր  ատենախոսության տապալումը կապել է   ինստիտուտի  տնօրենի  անվան հետ, նրա գործունեությունը բնորոշելով՝    «խայտառակ, լկտի, կոռուպցիոն»…

 Աշոտ Մելքոնյանն անցնող տարվա մեջ տարբեր առիթներով փորձել է հանդարտեցնել  իրավիճակը, ինչպես  այսօր մեզ հետ զրույցում ասաց, նույնիսկ 10 օր առաջ այցելել է  Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, մասնակցել է 100-ամյակի միջոցառումների հայեցակարգային քննարկումներին, կարծիքներ և տեսակետներ է հայտնել, որոնք ընդունվել են. «Իմ մասին  Դեմոյանի  արած ոչ պատշաճ հայտարարություններից և իմ դեմ  նրա գրած հոդվածներից հետո ես այցելել եմ  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ,  մասնակցել եմ հայության համար կարևորություն ներկայացնող  հարցի քննարկմանը, նշանակում է՝  ուզում եմ համազգային հարցերն այլ մանր հարցերից վեր դասել, բայց նա շարունակում է «մատի փաթաթան» դարձնել այն տեսակետները, որ ժամանակին հայտնել եմ իր ատենախոսության առթիվ»,- ասաց Աշոտ Մելքոնյանը՝ հիշեցնելով, որ Հայկ Դեմոյանի նման   պահվածքը    նրա ատենախոսության  պաշտպանությանն իր  չմասնակցելու առիթով է:    «Քաղաքական  հարցեր կային: Ես չէի կարող մասնակցել   մի ատենախոսության պաշտպանության, որի մեջ    ներկայացված որոշ հարցերի հետ համաձայն չէի: Նրա ատենախոսության մեջ հայ-ադրբեջանական հարցում  Թուրքիան  ներկայացվում է՝ իբրև   կոնֆլիկտի կողմ, ինչը շատ  վտանգավոր տեսակետ է: Թուրքիան կոնֆլիկտի կողմ չէ, այ ներքաշված է կոնֆլիկտի մեջ:  Իսկ իմ անհամաձայնությունը   նա  ընկալել է՝ իբրև անձնական վիրավորանք, և առիթը բաց չի թողնում տարբեր հայտարարություններ անելու իմ անձի մասին: Մեր միջև անձնական հարց չկա: Եթե լիներ, ես տասն  օր առաջ չէի այցելի: Այսօր էլ  պատրաստ եմ համագործակցել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հետ»,- 168.am-ին հայտնեց Աշոտ Մելքոնյանը:   Նա կրկին անգամ անպատվաբեր համարեց Հայկ Դեմոյանի հայտարությունները՝ նշելով, որ Ցեղասպանության 100-ամյակից առաջ  հայ ժողովրդին  պատիվ չի բերում նման միջավայրում անցկացնել միջոցառումները:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ցեղասպանությանն առնչվող գիտական  հարցերի առումով՝  Հայկ Դեմոյանի գործունեությունն առհասարակ, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց. «Ուրիշից հարցրեք: Ես այդ հարցին չեմ  պատասխանի, քանի որ շատ սուբյեկտիվ կլինի իմ տեսակետը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս