«Քանի որ մեզ զոռով են մտցնում ԵՏՄ, ապա այժմ որեւէ հայտարարությամբ հանդես գալ պետք չէ …. »
ՀՀ եւ ԼՂՀ սահմանին մաքսակետ դնել, չդնելու խնդրի վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
-Պարոն Համբարյան, չնայած ՀՀ իշխանությունները հավաստիացնում են, որ ՀՀ եւ ԼՂՀ սահմանին մաքսակետ չի դրվելու, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրում չկա այնպիսի կետ, որի համաձայն, մեր երկրի՝ այդ կառույցի անդամ դառնալուց հետո, մաքսակետը չի դրվելու: Ճիշտ չէ՞ր լինի ԵՏՄ անդամ երկրներից գրավոր երաշխիքներ պահանջել, որ մաքսակետը չի դրվելու:
-Մաքսակետ դնել, չդնելու մասին ավելի շատ խոսում են հայկական ԶԼՄ-ները, քաղաքական վերլուծաբանները, քան Ռուսաստանի, Ղազախստանի կամ Բելառուսի: Մենք խնդրին պետք է ավելի թեթեւ նայենք, քանի որ Ղազախստանի նախագահն այս տարվա մայիսի 29-ին Ալիեւի նամակն ընթերցեց միայն մեկ պատճառով, որ երեւի թե Ալիեւը նրան շատ էր խնդրել՝ իր ձայնը «վերեւներն» հասցնելու համար:
Ինքն էլ որպես թուրքալեզու երկրի նախագահ, ղազախ ժողովրդի ղեկավար, որոշեց չվիրավորել Ադրբեջանի նախագահին եւ մի 15-20 րոպեով դարձավ Ադրբեջանի նախագահի մամլո խոսնակը: Ինչ վերաբերում է մեր կողմից պահանջ ներկայացնելուն, որ հատուկ կետ մտցվի համապատասխան փաստաթղթի մեջ, որի համաձայն, ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետ չի տեղադրվելու, ես կասեմ, որ դա առաջին հերթին մեր խնդիրն է:
Ոչ մի փաստաթղթում էլ պետք չէ նշվի, թե մենք թույլ չենք տա, քանի որ հենց այսպես էլ թույլ չենք տալու: Ես դա ավելորդություն եմ համարում. ո՛չ ռուսի, ո՛չ բելառուսի ո՛չ էլ ղազախի գործը չէ՝ մաքսակետ դրվելու է, թե ոչ: Դա մեր ներքին, հայկական խնդիրն է, թե մենք, մեր հայրենիքում, ում հետ, ինչ հարաբերություններ ունենք: Ով էլ, որ այդ մասին խոսում է, դա անում է նրա համար, որպեսզի վարձահատույց լինի ազերիներին՝ նավթի եւ խավիարի դիմաց:
Եթե Բելառուսն ու Ղազախստանն այդ հարցը մեծ խնդիր համարեին, ապա այդ երկրների խորհրդարանները չէին վավերացնի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Հարցն արհեստական է բարձրացված եւ, եթե դա շատ լուրջ հարց լիներ, ապա այդ խնդրի «լուծման» վերաբերյալ համապատասխան հայտարարություններ կարվեին: Ճիշտ է, ես Արցախն համարում եմ, որպես անկախ պետություն, բայց այդ տարածքն հայկական աշխարհի, պատմական Հայաստանի մի մասն է եւ ես չեմ կարող անկախ ասելով մտածել, որ այն Հայաստանից լիովին կամ բացարձակ անկախ երկիր է: Երբ մենք ենք խոսում մաքսակետ դնել, չդնելու մասին, դա ավելի շատ մեզ է վնասում: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ղազախստանը, ո՛չ էլ Բելառուսը երբեւէ իրավունք չունեն մեզ, մեր հայրենիքում որեւէ բան պարտադրել:
Այլ բան է, երբ միջազգային ասպարեզում Ռուսաստանի կողմից մեզ պարտադրվում է մտնել ԵՏՄ, բայց այլ է, երբ մենք մեր հայրենիքում պետք է պառակտվենք ինչ-որ մի մաքսակետի խնդրի պատճառով: Ամեն ինչ ունի իր չափն ու սահմանը: Եթե մենք նկատենք, որ որեւէ բան մեր ազգային շահերին վնաս է կամ Ռուսաստանը փորձում է անել, այն, ինչ ժամանակին կոմունիստ առաջնորդներն արեցին 1921 թվականին, թուրքերի հետ ստորագրելով Մոսկվայի եւ Կարսի խայտառակ պայմանագրերը, ունենալով համապատասխան դասերը, մենք դա չպետք է թույլ տանք:
-Խնդիրն այն է, որ ոչ ՀՀ-ն, ոչ էլ ԵՏՄ մյուս երկրները չեն ճանաչել Արցախը որպես անկախ պետություն կամ իր տարածքի մի մաս:
-ՀՀ-ն Արցախը չի ճանաչում, որպեսզի չխափանի բանակցային գործընթացը, որն ընթանում է Մինսկի խմբի շրջանակներում, որը ձեւավորվել է 1992 թվականին: ՀՀ-ն հանդիսանում է Արցախի հանրապետության անվտանգության երաշխավորը: Կան այսպես ասած կարմիր գծեր, որոնցից այն կողմ, մենք մեզ թույլ չենք տա անցնել:
-Ղազախներն ու բելառուսները տարբեր պահանջներ են ներկայացնում Ռուսաստանին: Մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանն արգելել է Բելառուսի եւ Ղազախստանի տարածքով սննդամթերքի տարանցումը դեպի իր երկիր, Բելառուսն էլ սկսել է իր եւ Ռուսաստանի սահմանին եղած մաքսակետերն աշխատեցնել: Հայաստանի ղեկավարությունը կարծես ոչ մի առաջարկ կամ պահանջ ռուսներին չի ներկայացնում:
-Նախ ասեմ, որ հենց Ռուսաստանն է մաքսակետ դրել Բելառուսի սահմանի վրա, քանի որ վերջինս խախտում է Ռուսաստանի կողմից ընդունված այն կարգը, որի համաձայն, Եվրամիությունից համապատասխան ապրանքների ներկրումը դեպի ՌԴ արգելվում է: Այժմ, բելառուս գործարարները, ի դեմս գլխավոր գործարար Ալեքսանդր Լուկաշենկոյի, որոշել են Եվրամիությունից Բելառուսիա ապրանքներ ներկրել, դրանք վերավաճառել դեպի Ռուսաստան:
Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները դա երբեւէ թույլ չէին տա, ուստի, կարծես թե ռուս-բելառուսական հարաբերություններում խնդիրներ են ստեղծվում: Ռուսաստան-Բելառուս, Ռուսաստան-Ղազախստան տնտեսական խնդիրները մեզ բացարձակ չեն վերաբերում: ՀՀ-ն իրավունք էլ չունի միջամտելու կամ որեւէ հայտարարություն անելու ռուս-բելառուսական հարաբերությունների վերաբերյալ: Սլավոնական, եղբայրական ժողովուրդներ են, թող իրենց հարցերն իրար մեջ պարզեն: Առավել եւս ԵՏՄ-ի պահով մենք մեր խնդիրներն ունենք, ավելի լավ է դրանք պարզենք: Երբ մենք խնդիրներ ենք ունենում Ռուսաստանի կամ Ղազախստանի հետ, երբեւէ տեսե՞լ եք, որ Բելառուսը խառնվի հայ-ղազախական կամ հայ-ռուսական խնդիրներին: Մենք էլ չպետք է խառնվենք իրենց խնդիրներին:
-Այդ դեպքում, ինչու՞ է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչը հայտարարում. «Մենք անհանգստություն ունեինք, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում Հայաստանի կազմում, կարող են հայտնվել Մաքսային միության կազմում»։ Իրենց ի՞նչ գործն է՝ մեր երկրից դուրս տարածքները կհայտնվե՞ն ԵՏՄ կազմում, թե՞ ոչ:
-Դա նավթախավիարային դիվանագիտության հետեւանքներից մեկն է: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: 2-3 տարի առաջ, երբ ռուս-բելառուսական հարաբերություններում կային մեծ խնդիրներ եւ Ռուսաստանը Բելառուսից պահանջում էր փակել մոտ 500 մլն դոլարի հասնող գազի պարտքը, ընկերական հարաբերություններն հաշվի առնելով, 300 մլն դոլարն իր գրպանից հանել եւ Բելառուսի նախագահին տրամադրել էր Ի.Ալիեւը: Սա նույն օպերայից է, ինչպես որ Ղազախստանի նախագահը մայիսի 29-ին ընթերցեց նամակը:
Բելառուսի նախագահն էլ այս ձեւով է «բավարարում» Ալիեւի սպասելիքները Բելառուսից: Ինչ վերաբերում է որեւէ մեկի անհանգստությանը, թե մենք ԵՏՄ մտնում ենք Լեռնային Ղարաբաղով, թե ոչ, ինձ մի բան է հետաքրքրում:
Պարզվել է, որ ԼՂ-ն կարելի է ասել՝ Հայաստանի հետ դարձել է ՄԱԿ-ի, ԱՀԿ-ի, Եվրախորհրդի, Միջազգային օլիմպիական կոմիտեի, ԱՊՀ, Սեւծովյան տնտեսական համագործակցության միջազգային կազմակերպության անդամ եւ մենք մինչեւ հիմա դրա մասին չենք գիտեցել: Երբ ձեւավորվեց ԵՏՄ-ն, պարզվեց, որ Հայաստանից պահանջում են դուրս բերել այդ կազմակերպության տարածքից ԼՂ-ն:
Դա ծիծաղելի է, քանի որ պարզվում է՝ մինչեւ հիմա, բոլորը ճանաչել են ԼՂ-ն որպես Հայաստանի մաս: 1992 թվականից Հայաստանն անդամակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների, ակտիվորեն համագործակցելով բոլորի հետ: Ո՛չ Նյու Յորքը, ի դեմս ՄԱԿ-ի գրասենյակի կենտրոնի, ո՛չ Բրյուսելը ի դեմս եվրոպական կազմակերպությունների կենտրոնի, ոչ մեկն այդպիսի անիմաստ եւ անտրամաբանական պահանջ Հայաստանին չի ներկայացրել: Այժմ, երբ Հայաստանը պետք է անդամակցի ԵՏՄ-ին, մեր հանդեպ նման պահանջ ներկայացվեց: Ադրբեջանցիներն ապացուցում են, որ մինչեւ հիմա, ԼՂ-ն Հայաստանի հետ միասին եղել է վերը նշված կազմակերպությունների անդամ:
1994 թվականից հետո, երբ Ադրբեջանը խայտառակ պարտություն կրեց եւ աղերսում էր զինադադար կնքել ու ԼՂ պաշտպանության նախարարի ստորագրության կողքին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն էր իր ստորագրությունը դնում եւ դրանից արդեն 20 տարի է անցել, իրենք նոր հիշում են, որ ԼՂ-ն չպետք է անդամակցի որեւէ կազմակերպության: ԼՂ-ն ինքնահռչակ հանրապետություն է, որը ճանաչված չէ, բայց դե ֆակտո գոյություն ունի ու իր պետական կառուցվածքով, հազար անգամ ավելի դեմոկրատական է, քան տոտալիտար, բռնապետական Ադրբեջանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: