Ազատամարտիկներն առաջարկում են իշխանություններին «գեղեցիկ հեռանալ»

«Ազատամարտիկների դաշինք» հասարական կազմակերպության խորհրդի անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ հայտարարեցին, որ 2015թ. իրենց հիմնական նպատակն իշխանափոխության իրականացումն է: Ըստ կազմակերպության ոչ ֆորմալ ղեկավար գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի՝ ազատամարտի մասնակից 50 հրամանատարներ միավորվել են, որպեսզի կանգնեն ժողովրդի կողքին և ասեն. «Ժողովուրդ, մենք քեզ հետ ենք, քո կողքին կանգնած ենք»: Ըստ  Մելքոնյանի՝ իրենց կազմակերպությունը երկու նպատակ ունի. ազատվել այս իշխանություններից և կանգնել ժողովրդի կողքին, որպեսզի ժողովուրդը կարողանա իրականացնել իր սահմանադրական իրավունքը և առանց կաշառքի, առանց ճնշումների՝ ընտրի երկրի նախագահ:

Մելքոնյանը զուգահեռներ անցկացրեց ներկա վիճակի և 1998թ. հետ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: «Կոչ ենք անում իշխանություններին՝ երկիրը չտանել ցնցումների: Ունենք նախադեպ, երբ 1998թ. իշխանությունը շատ գեղեցիկ ձևով փոխվեց»,- հայտարարեց Մելքոնյանը՝ կոչ անելով իշխանություններին նույն գեղեցիկ ձևով հեռանալ և իշխանությունը զիջել այն մարդկանց, ովքեր կարող են երկիրը դուրս բերել այս վիճակից:

Կազմակերպության խորհրդի մեկ այլ անդամ էլ՝ Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը, խոսեց այն մասին, թե ինչու ազատամարտիկներն իրավունք ունեն մասնակցել քաղաքական պայքարին, և որքանով է այդ պայքարը սահմանադրական: Ըստ Պետրոսյանի՝ իրենք համագործակցում են քաղաքական ուժերի հետ, և իրենց նպատակն է՝ օգնել քաղաքական ուժերին՝ սահմանադրական ճանապարհով իրականացնել իշխանափոխություն: «Այսօրվա վիճակից դուրս գալու միակ ճանապարհն իշխանափոխությունն է»,- մի քանի անգամ կրկնեց Ռազմիկ Պետրոսյանը, ավելացնելով, որ ազատամարտիկներն ընդառաջ են գնացել քաղաքական ուժերին և համաձայնել են մի փոքր հետաձգել իշխանափոխության իրականացման ժամկետները:

Իսկ ինչու են հետաձգել այդ ժամկետները, եթե իշխանափոխությունը խիստ անհրաժեշտություն է, և ինչ կանեն ազատամարտիկները, եթե պարզվի, որ իրենց խոստացված ժամկետներում ևս իշխանափոխություն տեղի չի ունենա: Մեր այս հարցադրումը, ըստ էության, մնաց անպատասխան: Ռազմիկ Պետրոսյանը միայն բացատրեց, որ նախընտրելի է, որ Համաժողովրդական շարժմանը և իշխանափոխությանը մասնակցեն ոչ թե 50 հազար մարդ, այլ ամբողջ հասարակությունը, որ որքան հնարավոր է՝ մեծ թվով մարդիկ «թոթափեն իրենց միջի ստրուկին»: Այս բացատրությունից պարզ է, որ Համաժողովրդական շարժման ղեկավարները, այսինքն՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իշխանափոխության հետաձգումը բացատրել է ավելի մեծ թվով մարդկանց համաժողովրդական շարժման մեջ ընդգրկելու, այն հնարավորինս մասսայական դարձնելու ցանկությամբ: Ինչպես ավելի վաղ գրել էինք, ԲՀԿ ղեկավարն «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության ղեկավարությանը խոստացել է, որ իշխանափոխությունը հետաձգվում է մինչև 2015թ. մարտ: Սակայն ազատամարտիկները չգիտեն, թե ինչ են անելու, եթե այդ ժամկետը ևս փոփոխության ենթարկվի, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխանափոխության ժամկետները հետաձգվում են:

Ռազմիկ Պետրոսյանը հայտարարեց նաև, որ իրենց կազմակերպությունը կամուրջի դեր է խաղում տարբեր քաղաքական ուժերի միջև և փորձում է իրար հակադիր, իրար նկատմամբ անվստահություն ունեցող ուժերին միավորել: Սա իսկապես այդպես է. «Ազատամարտիկների դաշինք»  կազմակերպության ղեկավարությունը հանդիպում է Համաժողովրդական շարժմանը չմիացած քաղաքական կուսակցությունների ղեկավարների, տարբեր քաղաքական գործիչների հետ,  նրանց առաջարկում կամ միանալ իշխանափոխության գործին, կամ գոնե չխանգարել իրենց: Ազատամարտիկներին իսկապես թվում է, որ երեք ամիս հետո ԲՀԿ-ն նախաձեռնելու է իշխանափոխություն, և իրենք այդ գործում մեծ անելիք ունեն կատարելու:

Բայց արդյո՞ք այսօրվա իրավիճակը նման է 1998թ., երբ ըստ Գագիկ Մելքոնյանի՝ «Տեր-Պետրոսյանը գեղեցիկ հեռացավ»: Բացարձակ ոչ մի նմանություն չկա: Տեր-Պետրոսյանը գեղեցիկ չհեռացավ, ինչպես ինքը նշեց իր հրաժեշտի խոսքում, նա ստիպված էր հեռանալ, քանի որ կար հայտնի ուժերի ճնշումը: Այսօր հայտնի ուժերը` Պաշտպանության նախարարը, ԱԱ ղեկավարը, Ոստիկանապետը և նաև վարչապետը, հայտարարում են, որ պաշտպանում են նախագահ Սերժ Սարգսյանին: Նույնիսկ այն ուժերը, որոնց աջակցում են ազատամարտիկները, ոչ թե իշխանափոխություն են ուզում, այլ ընդամենը փորձում են հասնել նրան, որ նախագահ Սարգսյանը հրաժարվի սահմանադրական փոփոխություններ կատարելու իր նպատակից: Մարտ ամիսը՝ որպես իշխանափոխության ժամկետ, պատահական չի ընտրված. այդ ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է հայտնի իր տեսակետը սահմանադրական փոփոխությունների մասին, և «Համաժողովրդական շարժումը» փորձում է նման ժամկետներ հայտարարելով՝ ճնշում գործադրել նրա վրա: Ազատամարտիկների դաշինքն այդ ճնշման լծակներից մեկն են:

Տեսանյութեր

Լրահոս