«Հայաստանը գնում է ԵՏՄ` հասկանալով, թե հակառակ դեպքում ի՞նչ ռեակցիա կարող էր լինել Ռուսաստանի կողմից»
Ի՞նչ ապագա է սպասվում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)` հաշվի առնելով այդ նախագծի գլխավոր դերակատարի` Ռուսաստանի ներկայիս տնտեսական ու քաղաքական վիճակը, և արդյո՞ք 2015թ. հունվարի 1-ից Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին կլինի իրական, թե՞ կմնա վիրտուալ, հռչակագրային մակարդակում:
Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, օրինակ, համոզված է, որ ԵՏՄ-ն երբեք չի կարող կայանալ, որովհետև այդ միության վերաբերյալ ստորագրված փաստաթղթերը նախատեսում են խորը ինտեգրացիոն գործընթացներ, իսկ դրանք հեռանկար չունեն` մի քանի պատճառներով:
Բ. Նավասարդյանը «168 Ժամի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ, առաջինը` ԵՏՄ շուկան շատ փոքր է, որպեսզի այսօրվա գլոբալ առևտրային-տնտեսական հարաբերություններում կարողանա ինքնուրույն քաղաքականություն իրականացնել, և երկրորդ` ԵՏՄ անդամ երկրները չունեն միմյանց նկատմամբ այն հետաքրքրությունը և նաև այն օբյեկտիվ հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան իսկապես ձևավորել տնտեսական սերտ համագործակցություն:
Այս իմաստով նա մատնանշեց այն լուրջ տարաձայնությունները, որ այսօր ծագել են Բելառուսի և Ռուսաստանի միջև, և ավելացրեց, որ Ղազախստանն էլ իր հերթին` բազմավեկտոր տնտեսական քաղաքականություն է վարում` փորձելով համագործակցել ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի, Եվրամիության և մի շարք այլ երկրների հետ:
«Բայց որպես աշխարհաքաղաքական միավոր` ԵՏՄ-ն արդեն գործում է և, բնականաբար, կշարունակի գործել գոնե մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում, քանի դեռ շարունակում է խորանալ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը, և առայժմ լուծումների հեռանկար չի երևում: Այնպես որ, Ռուսաստանը փորձելու է այդ երկրների նկատմամբ իր ազդեցությունը, որը պայմանավորված է ոչ թե ստորագրած փաստաթղթերով, այլ փաստացի լծակներով, օգտագործել հենց այդ աշխարհաքաղաքական մրցակցության մեջ»,- ասաց Բ. Նավասարդյանը:
Իսկ կոնկրետ Հայաստանի դեպքում անդամակցությունը, ըստ նրա, չի կարող գործել` հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, մասնավորապես` ընդհանուր սահմանի բացակայությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանի շուկան հետաքրքիր չէ Ղազախստանի և Բելառուսի համար:
Եվ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը ծանր հետևանքներ ունեցավ նաև Հայաստանի վրա, մեր զրուցակիցը կանխատեսում է, որ Հայաստանի իշխանությունները, այնուամենայնիվ, նույն ոգով կշարունակեն ԵՏՄ-ի ուղղությամբ քաղաքականությունը. «Հայաստանն այդ հարցերում ինքնուրույն որոշում կայացնելու ռեսուրս չունի և որոշումների կայացման իրավունքը լիովին հանձնել է Ռուսաստանին` որպես իր ռազմավարական գործընկերոջը: Եվ, բնականաբար, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանալու են այնպես, ինչպես ձեռնտու է Ռուսաստանին, իսկ Հայաստանի շահը Ռուսաստանի համար գոնե որոշ սկզբունքային հարցերում հաշվի չի առնվելու»:
«Հունվարի 1-ից Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին լինելու է շատ իրական` այն իմաստով, որ Հայաստանում կսկսեն գործել ԵՏՄ-ի` ավելի բարձր մաքսային դրույքաչափերը»,- իր հերթին` ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ներկայացուցիչ, քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը:
Նշենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրով որոշ ժամկետով բացառություն է արվել Հայաստանի համար գրեթե 800 ապրանքատեսակների մասով, որոնց գինը չի բարձրանալու: Սակայն այդ պայմանագիրը մանրամասն ուսումնասիրած ակտիվիստը նշում է, որ այդ բացառությունները չեն ծածկում ապրանքատեսակների ամբողջ դաշտը, և հունվարի 1-ից Հայաստան ներկրվող մի շարք ապրանքատեսակներ կթանկանան: Իոաննիսյանի խոսքով` դա վերաբերում է, օրինակ, կահույքին, հագուստին, բջջային հեռախոսներին, սննդամթերքի մի մասին, կենցաղային իրերին, տեխնիկային և այլն:
«Հունվարի 1-ից այդ ամենը ռեալ թանկանալու է, և դա թղթի վրա չի լինելու, լինելու է շոշափելի: Ցանկացած հայաստանցի, որ կայցելի խանութ, կտեսնի դա և կզգա: Այս մասով դա լինելու է ավելի քան շոշափելի: Իսկ թե ընդհանուր առմամբ որքանով կիրականացվի այդ միության գաղափարը, որ, օրինակ, մարդիկ ավելի լավ կապրեն, ընդհանուր բարեկեցություն կլինի, և այլն, և այլն, իհարկե, մնալու է թղթի վրա: Այդ միության ձևակերպած գաղափարը նույնն է, ինչ Եվրամիության գաղափարը` սահմանները հանենք, որպեսզի բիզնեսի համար ավելի լավ պայմաններ ստեղծվեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն. իհարկե, դա տեղի չի ունենալու: Հունվարի 1-ից մենք ականատեսը կլինենք ճիշտ հակառակին»,- ասաց Դ. Իոաննիսյանը:
Իսկ Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հարցը դիտարկում է մի քանի հարթությունների վրա` իրավական, քաղաքական և տնտեսական:
Ինչպես հայտնի է, Հայաստանի միանալու պայմանագիրն արդեն վավերացրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի խորհրդարաններն ամբողջությամբ, ինչպես նաև Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը: Եվ այս համատեքստում «168 Ժամի» զրուցակիցը նկատեց, որ եթե Բելառուսի խորհրդարանի բարձրագույն ատյանն էլ վավերացնի, Հայաստանն իրավական տեսանկյունից կդառնա ԵՏՄ լիակատար անդամ: Սակայն այս հարցում, ըստ քաղաքագետի, կարող են որոշակի դերակատարում ունենալ Բելառուս-Ռուսաստանի հակասությունները. «Տարվա վերջին Բելառուսը հերթական անգամ փորձում է ինչ-որ բան պոկել Ռուսաստանից, և կա որոշ քաղաքական և տեսական հնարավորություն, որ Բելառուսը չի հասցնի վավերացնել: Այդ հարցն այսօր-վաղը կորոշվի, բայց, համենայն դեպս, ինձ թվում է` հավանականությունը բավականին բարձր է»:
Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին և ընդհանրապես ԵՏՄ-ի ապագային, ապա Սերգեյ Մինասյանն այդ իմաստով դեմ է ծայրահեղ մոտեցումներին: Միաժամանակ` նա չի բացառում, որ ԵՏՄ-ն գնա ԱՊՀ-ի կամ ՀԱՊԿ-ի ճանապարհով, այսինքն, ըստ էության, դառնա հերթական ձևական կառույցը, որը նախաձեռնել է Ռուսաստանը: «Այս ճգնաժամի, պատժամիջոցների և նաև Ռուսաստանի ու Բելառուսի և Ռուսաստանի ու Ղազախստանի հարաբերությունների համատեքստում, կարծում եմ, առնվազն մոտակա տարիներին Եվրասիական միությունը չի լինի այն, ինչի մասին գուցե որոշ մարդիկ նոստալգիական հուշերով երազում էին Կրեմլում, և ավելին` չի լինի այն, ինչից այդքան շատ վախենում է Հայաստանի քաղաքական էլիտայի և հասարակության մի մասը: Այդ ամորֆ վիճակը դեռ բավական երկար կպահպանվի»,- ասաց Ս. Մինասյանը:
Անդրադառնալով տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր տնտեսական օգուտներին` քաղաքագետը նշեց, որ իր կարծիքով` Ռուսաստանում ստեղծված ճգնաժամային վիճակի պատճառով` ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում որևէ մեկն այս պահին ի վիճակի չի նմանատիպ տնտեսական հաշվարկներ անել:
Այսպիսով, թեև իշխանությունները Հայաստանին համոզում են, որ այս անդամակցությունը տնտեսական գործընթաց է, Սերգեյ Մինասյանն ավելի շատ կարևորում է հարցի քաղաքական կողմը` նշելով, որ Հայաստանի նպատակն այս գործընթացը որքան հնարավոր է` անվտանգ անցնելն ու Ռուսաստանի հետ խնդիրներ չստեղծելն է. «Կարծում եմ, որ նույնիսկ 2013թ. սեպտեմբերի 3-ին կամ դրանից առաջ էլ Հայաստանի իշխանությունները որևէ պատրանք չեն ունեցել: Եթե իրերն անվանենք իրենց անուններով, Հայաստանը գնում է այս գործընթացին շատ պարզ պատճառով` հասկանալով, թե հակառակ դեպքում ինչ ռեակցիա կարող էր լինել Ռուսաստանի կողմից: Իմ կարծիքով` Հայաստանում ոչ ոք չէր ցանկանա Ուկրաինայի ճակատագիրը կիսել: Քաղաքականության մեջ շատ հաճախ է լինում, որ մարդիկ գնում են այնպիսի քայլերի` իմանալով, որ դա կարող է բերել վատ արդյունքների, բայց նաև հասկանալով, որ եթե չգնային այդ քայլին, դա կարող է ավելի վատ կամ ծանրագույն հետևանքներ ունենալ: Եթե Հայաստանը չգնար այդ քայլին, Ռուսաստանի դիրքորոշումը, կարծում եմ, բավական կանխատեսելի էր: Եվ մարդիկ, ովքեր այստեղ դեմ են ԵՏՄ-ին, ըստ իս, պատկերացնում են, թե Ռուսաստանն ինչ ձևով կարող էր արձագանքել: Հետևաբար, Հայաստանը ռացիոնալ ձևով ընդունեց այն պրագմատիկ որոշումը, որը հեշտ չէր, բայց գոնե չարյաց փոքրագույնն էր»:
Ս. Մինասյանի կարծիքով` Հայաստանը հունվարի 1-ից հետո, երբ արդեն իրավական առումով կլինի ԵՏՄ լիակատար անդամ, հնարավորություն կստանա մանևրելու և փորձելու զարգացնել Եվրամիության հարաբերությունների նոր ձևաչափը, այդ թվում` նաև տնտեսական հարցերում. «Ես մնում եմ այն կարծիքին, որ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին և խնդիրներին` հնարավոր կլինի որևէ ձևով Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը համադրել Հայաստան-Եվրամիություն համագործակցության հետ` ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ոլորտում, այդ թվում` ստեղծել համագործակցության ինչ-որ ձևաչափ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) շրջանակներում»: