ԼՂՀ-ի վերաբերյալ ի՞նչ կից նոտայի մասին էր խոսում Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը

Լեռնային Ղարաբաղին առնչվող ի՞նչ կից նոտայի մասին էր երեկ խոսում Բելառուսի Արտաքին գործերի նախարարի տեղակալը: Խոսելով այս հարցի մասին`ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ Թևան Պողոսյանը 168.am-ին ասաց, որ, ըստ երևույթին, դա այն նույն փաստաթուղթն է, որը Հայաստանը ժամանակին ուղարկել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ կամ WTO), երբ անդամակցում էր այդ կառույցին:

«Մեզ մոտ այդպիսի նոտա չի եղել: Դրա համար էլ այն նոտա է կոչվում, որովհետև ուրիշների համար է: Ըստ իս` դա նույն փաստաթուղթն է, որն ուղարկել է Հայաստանը, երբ անդամակցում էր ԱՀԿ-ին: Ես տեղյակ եմ, որ այն ժամանակ էլ այդ տեսակի նամակ է գնացել Արտաքին գործերի նախարարության կողմից: Երևի ԱԳՆ-ի կողմից նույն բովանդակությամբ թուղթ է գնացել, որտեղ նկարագրվում է, որ Հայաստանն անդամակցում է այս սահմաններով»,- նշեց Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Բելառուսի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը երեկ Բելառուսի խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանի միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը չի հայտնվի Եվրասիական տնտեսական միության կազմում, և նաև ավելացրել, որ «պայմանագրին նոտա է կցվել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության մաս»: Միխնևիչը նաև ասել էր, որ իրենք մտահոգել է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը կարող էր հայտնվել ԵՏՄ կազմում:

Իսկ Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում՝ մեկնաբանելով Միխնևիչի հայտարարությունը, հիշեցրել էր, որ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեռ ամիսներ առաջ է վերահաստատել դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում:

Այս համատեքստում Թևան Պողոսյանն անդրադարձավ մեր հարցին, թե կարելի՞ է արդյոք Միխնևիչի ասածը համարել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետի հարցը օրակարգ վերադարձնելու փորձ:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորը նախ նշեց, որ չի կարծում, թե Հայաստանի և ԼՂՀ-ի միջև որևէ մաքսակետ է դրվելու, երկրորդն էլ` դա ֆիզիկապես անհնար է` հաշվի առնելով սահմանի երկարությունը. «Ինձ չի թվում, թե որևէ մեկը ուժային զորքեր է ուղարկելու և պարտադրանքների է դիմելու: Եթե նույն բովանդակությամբ թուղթ գնացել է ԱՀԿ-ին անդամակցելիս`2005-2006 թթ., դրանից հետո քանի՞ մաքսակետ է տեղադրվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանի վրա»:

Մեր զրուցակիցը նաև ավելացրեց` երբ ասում են, որ Ղարաբաղի հարցը ԵՏՄ անդամակցության շրջանակներում չի քննարկվել, իր կարծիքով` դրա մեջ իրականություն կա` հաշվի առնելով հետևյալը. «Եթե որևէ մեկը պարտադրելու է Ղարաբաղի սահմանի վրա մաքսակետ դնել, ապա այդ երկիրը պետք է գիտակցի, որ իր պարտադրանքի հետևանքն այն է, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն դե յուրե և նոր տեղադրի մաքսակետ, որովհետև այլ պարագայում չես կարող բացատրել` ինչու ես այդտեղ մաքսակետ դնում»:

Նրա խոսքով` եթե որևէ երրորդ կողմ Հայաստանից պահանջի դնել մաքսակետ, պետք է պատրաստ լինի «գործ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահ երկրների հետ» և գիտակցի, որ դրանով խաթարում է բանակցային գործընթացն ու հրահրում է պատերազմական գործողությունների վերսկսում:

«Եթե ձեզ թվում է, որ Բելառուսը կամ Ղազախաստանը պատրաստ են իրենց վրա վերցնել այդ դերակատարումը, որից հետո Ռուսաստանը, Ամերիկան և Ֆրանսիան իրենց հետ են խնդիր ունենալու, ապա ինձ չի թվում, թե այդ երկու երկրներն այս ամենը չեն պատկերացնում»,- նշեց Թևան Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս