Air Armenia-ի նոր սեփականատերերը չեն ուզում, որ իրենց դեպքում գործածվի «օֆշորային ընկերություն» արտահայտությունը
Air Armenia ավիաընկերությունը նոր սեփականատեր ունի: Դեկտեմբերի 12-ին ստորագրվել է պայմանագիր նոր գործընկերոջ՝ East Prospect Fund-ի հետ, որին անցել են բաժնետոմսերի 49 %-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Air Armenia-ի գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը:
East Prospect Fund հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բաբիլյովը հայտարարեց, որ 30 մլն դոլար են ներդնելու Air Armenia-ում, կգնեն ևս 2 օդանավ, կվերակառուցեն ընկերությունը: Թռիչքները կսկսվեն մարտ ամսից, քանի որ հունվար-փետրվարը պասիվ ամիսներ են:
«Մենք հատուկ ենք եկել Հայաստան: Այժմ ոչ բոլորն են գալիս ԱՊՀ տարածք: Սակայն մենք ընտրել ենք Air Armenia-ին, հավատում ենք, որ Հայաստանը կծաղկի և, կարծում ենք, որ Air Armenia-ն բավականին հեռանակարային ընկերություն է»,- ասաց Բաբիլյովը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր ներդրումային հիմնադրամ նայում է, թե ով է իր գումարները տնօրինելու: Նա հատուկ գնահատանքի արժանացրեց Ա.Ավետիսյանի գործնական ունակությունները:
Հիմնադրամի ներկայացուցիչ, ներդրումային քաղաքականության գծով խորհրդատու Եկատերինա Պավլյուկը նշեց, որ արևմտյան աուդիտորները քննել են և բարձր են գնահատել հենց Ա.Ավետիսյանի ունակությունները:
Վ.Բաբիլյովը հայտնեց, որ հիմնադրամի ակտիվները 2.5մլրդ դոլար է, ներդրումներ արվելու են նոր՝ արաբական ու հարավարևելյան ուղղություններ զարգացնելու համար. «Մենք ուզում ենք՝ Air Armenia-ն դառնա տարածաշրջանային առաջատար»:
Նա հաստատեց դիտարկումը, որ ընկերությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, սակայն շտապեց հավելել, որ ոչ մի դեպքում չեն ուզում, որ իրենց հանդեպ գործածվի «օֆշորային ընկերություն» արտահայտությունը. «Մենք լիցենզավորված ընկերություն ենք, և մենք ընկերություն չենք, հիմնադրամ ենք: Այլ ֆինանսական կառույցների համեմատ մենք աշխատում ենք բրիտանական կանոններով: «Սորոսի» հիմնադրամն էլ է գրանցված ոչ հարկային տարածքում: Ներդրումային գործունեությունն ունի իր յուրահատկությունը, հաճելի չէ դեռ շահույթ չստացած հարկեր վճարել, իսկ շահութից վճարում ենք հարկերը»: