Ոչնչացվել են 3000-ից ավել ժամկետանց ապրանքներ. Լևոն Սարգսյան

Հաշվի առնելով, որ հանրապետական «Ազատ Արցախ» թերթը ԼՂՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանի հետ հարցազրույցը հրապարակել է ոչ լրիվությամբ, հրապարակում ենք նյութը ամբողջությամբ:

Մեկ տարի է` հիմնադրվել է սննդի անվտանգության պետական ծառայությունը: Ինչու՞ նման ծառայության հիմնադրման անհրաժեշտություն առաջացավ: Նախկինում գործող կառույցն ի վիճակի չէ՞ր լրիվությամբ կարգավորել ոլորտը:

-2014թ-ին ստեղծվեց ԼՂՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կառավարչական հիմնարկը, որը, ինչպես բոլոր երկրներում, կոչված է ապահովել և զարգացնել սննդամթերքի անվտանգության համակարգը` կանխարգելելով սննդամթերքի վնասակար ազդեցությունը` ի շահ մեր բնակչության: Իսկ մինչ այդ տարբեր ներգերատեսչական մարմինների կողմից սննդամթերքի անվտանգության համակարգում իրականացվում էին ճյուղային որոշ վերահսկողական գործառույթներ:

Եվ, բնականաբար, մեր երկրի անվտանգության համակարգի սննդամթերքի ոլորտում մեկ միասնական և կենտրոնացված կառավարում իրականացնելու անհրաժեշտությամբ էլ ստեղծվեց նման կառույց:

-Ի՞նչ ապրանքատեսակների վրա եք վերահսկողություն իրականացնում (ներկրված ապրանքատեսակներ, տեղական արտադրանք և այլն):

-Երբ նշում ենք սննդամթերքի անվտանգություն, պետք է հասկանալ սննդարդյունաբերության և վաճառքի ամբողջ շղթան կամ, ինչպես բազմաթիվ երկրներում է ընդունված ասել` դաշտից մինչև սեղան վերահսկողությունը, այսինքն` հումքի պատրաստում, հումքի տեղափոխում, վերամշակում, բուն արդտադրություն, արտադրության տեղափոխում, համապատասխան պայմաններով վաճառքի իրականացում, և այս ամբողջ շղթայում ծառայությունը հանդիսանում է վերահսկող մարմին:

Իսկ այս ամբողջի մեջ, բնականաբար, մտնում են ինչպես արտահանվող սննդային ապրանքները, այնպես էլ` ներմուծվող:

-Ի՞նչ է տվել կառույցի ստեղծումը շարքային սպառողին:

-Կառույցին վերապահված յուրաքանչյուր աշխատանքի արդյունք տարածվում և օգտակար է ամբողջ բնակչության համար, լինի շարքային, թե ոչ շարքային: Երբ մենք նշում ենք այս կամ այն խմբաքանակի ոչ պիտանի ապրանքների ոչնչացման կամ վաճառքի շուկայից հանման մասին, ապա պետք է հասկանալ, որ այդ վտանգավոր սննդամթերքի օգտագործումը կարող էր օգտագործվել բոլորի կողմից` անկախ սոցիալական կամ այլ տեսակի խավերի տարբերակումից, և մեր կողմից նման վտանգի կանխարգելումը ծառայում է բնակչության անվտանգությանը, անգամ այն անձի համար է օգտակար, որի մոտ հայտնաբերում ենք թերություն, քանի որ նույն ապրանքատեսակից կարող էին օգտվել նաև թերացող տնտեսվարողի ընտանիքի անդամները կամ նրա բարեկամները:

-Որքանո՞վ ենք ապահովագրված անորակ սննդամթերքից: Դուք ստուգում եք միայն պահպանման ժամկե՞տը, թե՞ կան սննդամթերքի որակի այլ չափորոշիչներ էլ, որոնք հաշվի են առնվում:

-Գլոբալացման գործընթացների արդյունքում այսօր մեր երկրում առկա են հեռավոր երկրներում արտադրված ապրանքատեսակներ, իսկ այստեղ կարող ենք ստուգել կարևորագույն վտանգավորության բաղադրիչները, այս համատեքստում մենք ապահովագրված կարող ենք լինել այն դեպքում, երբ` նախ տվյալ ապրանքի ծագման երկրում առկա լինի արդյունավետ գործող սննդամթերքի անվտանգության համակարգ, հետո ինքներս ուշադիր լինենք այն պայմաններին, որոնք անհրաժեշտ են սննդային ապրանքների գնման և օգտագործման համար, և ԼՂՀ ՍԱՊԾ կողմից իրականացվի օպերատիվ և ամենօրյա բարեխիղճ աշխատանք, այսինքն մի գործընթաց, որը յուրաքանչյուր օր պահանջում է ինչպես հասարակությանը իրազեկման և հասարակական բնույթի մեթոդական աշխատանքներ, այնպես էլ հստակ և արդյունավետ վերահսկողություն սննդի ամբողջ շղթայում:

-Կան ապրանքատեսակներ, որոնց մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելվում է. վերջին շրջանում ավելի ու ավելի շատ է շահարկվում քաղցկեղածին և այլ հիվանդություններ հարուցող հավելումներով սննդանթերքի առկայության փաստը: Այդ գործընթացը վերահսկելու և շուկայում հնարավորինս էկոլոգիապես մաքուր արտադրանքի առկայությունն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ տարվու՞մ են:

-Բոլոր այն ապրանքատեսակների արտադրությունը, որն արգելվում է ՀՀ-ում, բանականաբար, ԼՂՀ-ում նույնպես արգելում ենք իրացումը, իսկ ինչ վերաբերում է հավելումներին, ապա բոլոր այդ չափանիշները հստակեցված են օրենքով և յուրաքանչյուր արտադրամաս պետք է ուղղորդվի հենց այդ չափանիշներով, իսկ մեր կողմից իրականացվում են աշխատանքներ, որպեսզի արտադրությունները գործեն ըստ օրենքի, իսկ անհրաժեշտ օրենսդրա-իրավական բազայի բացակայության դեպքում մշակում և կառավարությանն ենք ներկայացնում կարագվորող իրավական ակտերը:

Էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակ և առավել էկոլոգիապես մաքուր ապրանքատեսակների մասով տարբերությունն առկա է, որպեսզի հասկանանք ինչպիսի շահեկան դրություն ունի ԼՂՀ-ն այս իմաստով, ապա միայն բավարար է շեշետել այն հանգամանքը, որ եթե եվրոպական երկրներում հողերի աղտոտվածության աստիճանը հասնում է 1 հա-ին 200-400 կգ` քիմիական պարարտանյութերի մասով, ապա մեր երկրում այն կազմում է 18-20կգ: Ու առաջիկայում մենք պլանավորում ենք ԼՂՀ-ում գյուղտնտեսական մթերքների արտադրողների հետ կատարել համապատասխան մեթոդական և իրազեկման աշխատանքներ, որի արդյունքում լաբորատոր փորձաքննություն կիրականացվի նրանց կողմից արտադրված ապրանքների համար, և ունենալով օրենքով սահմանված էկոլոգիապես մաքուր ապրանքի թույլատրելի նորմերը, տրամադրել համապատասխան հավաստագիր, որը նաև թույլ կտա այս ապրանքատեսակն ինչպես արտահանել, այնպես էլ վաճառել ավելի թանկ գնով: 2014-ին այդ փորձն ունեցանք ձմերուկ արտադրողների հետ, որոնց արտադրանքում նիտրատների առավելագույն քանակը եթե նախկին տարիներին եղել է 150-190, այս տարի այն նվազել է մինչև 60-90:

-Համառոտ` Սննդի անվտանգության պետական ծառայության 2014թ. կատարած աշխատանքների մասին։

-Չնշելով իրավակառուցվածքային և ներկազմակերպչական աշխատանքները, նշենք ծառայության կողմից փաստացի կատարված մի շարք կարևոր աշխատանքներ:

Հաշվառվել և, զուգահեռաբար, ուսումնասիրվել է 1300 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը:

Ոչնչացվել են 3000-ից ավել ժամկետանց ապրանքներ:

ԼՂՀ ներմուծվող բոլոր սննդային ապրանքատեսակների համար արդեն առկա են անվտանգությունը հավաստող փաստաթղթերը, հակառակ պարագայում սննդամթերքը հանվում է վաճառքի շուկայից:

Կաթնամթերքի և հրուշակեղենի արտադրություններում կատարվել են մասնագիտական ուսումնասիրություններ և տեսուչների ցուցումներով իրականացվել են հրուշակեղենի արտադրությունում հիգիենայի թվով ութ կարևոր պայմաններն ապահովելուն միտված բարեփոխումներ, ինչպես նաև` հիգիենայի մոտ տասը կարևոր պայմաններն ապահովելուն միտված բարեփոխում կաթնամթերքի արտադրություններում: Այս մասին ընթերցողը մանրամասն կարող է ծանոթանալ ծառայության ֆեյսբուքյան էջում:

Արգելվել է մսի վաճառքի կետերին կախել մսամթերքը արտաքին բաց միջավայրում, և այսօր հատկապես Ստեփանակերտում չկա մի մսավաճառ, որը նախկինի պես տեղադրի մսամթերքն արտաքին բաց միջավայրում` դարձնելով մսամթերքը վտանգավոր, ինչպես նաև` մսամթերքի լաբորատոր փորձաքննությունը կատարվում է պարտադիր կերպով:

Առաջին անգամ ստուգվում են բանջարաբոստանային կուլտուրաներում և մթերքներում նիտրատների թույլատրելի առավելագույն քանակները:

Եվ նաև շեշտենք, որ այս ամբողջ աշխատանքներն իրականցրել ենք առանց մեկ տուգանք կիրառելու` օգտագործելով տնտեսվարողների հետ անհատական բացատրական աշխատանքները, իրավական ակտերին ծանոթացնելով և զգուշացման կառավարաման գործիք կիրառելով:

Այսքանը` որպես համառոտ` ոլորտային կարևոր աշխատանքների վերաբերյալ, մնացած բոլոր աշխատանքների մասին ևս ներկայացված է մեր ֆեյսբուքյան էջում:

-Ի՞նչ խնդիրներ եք փորձելու լուծել առաջիկայում։

-Առաջիկա տարում անհրաժեշտություն ունենք ամրապնդելու այն ձեռքբերումները, որոնք ունեցանք այս տարի, ինչպես նաև բարձրացնելու սննդի անվտանգության համակարգի ամրապնդման նշաձողը` մի կողմից խիստ վերահսկողական ստուգումներով, մյուս կողմից մեթոդական օգնություն ցուցաբերելվ մեր տնտեսվարողներին, հատկապես HACCP կամ ինչպես ընդունված է անվանել` վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման աշխատանքներում, որն ամրպնդելու է սննդի անվտանգության համակարգը և մեծ առավելություն է ստեղծելու տվյալ ապրանքատեսակների արտահանման համար:

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս