Բաժիններ՝

Ջրվեժ գյուղի բնակիչների կենցաղային տեխնիկան հոսանքի պատճառով վնասվում է

Ջրվեժ գյուղի բնակիչ Արմեն Խաչատրյանը գյուղի բնակիչներից միակը չէ, ում բնակարանի կենցաղային տեխնիկան, սարքավորումները հաճախակի խափանվում են հոսանքի լարման թույլ լինելու պատճառով: Պարզվում է՝ գյուղի բնակիչներին երեկոյան ժամերին բաժին է հասնում ոչ ավել, ոչ պակաս, 160-170 վոլտ էլեկտրաէներգիա: Իսկ ահա նոր տարվա շեմին խնդիրն ավելի է սրվում. վոլտերի քանակը սրընթաց վայրէջք է կատարում՝ մինչև 135-ի (նախատեսվածից մոտ 100 վոլտով պակաս): Հենց սա է պատճառը, որ նորմալ լարման համար նախատեսված տեխնիկան այս պայմաններում երկար չի դիմանում: Արմեն Խաչատրյանը, օրինակ, սեփական միջոցներով է վերանորոգել խափանված մի քանի տեխնիկաները, այդ թվում՝ 2 փոշեկուլը ու մեկ համակարգիչը: Մեր հարցին, արդյոք նա չի՞ դիմել Հայաստանի էլեկտրական ցանցերին (ՀԷՑ), պատասխանեց, որ դիմել է: Սակայն ՀԷՑ-ը  նախ խնդրել է դատական կարգով ապացուցել, որ տեխնիկան հենց հոսանքի լարման պատճառով է խափանվել: Իսկ ինքն էլ, չվստահելով դատարանին, նախընտրել է խնդիրը լուծել սեփական միջոգներով: Համենայն դեպս, այս խնդիրը ոչ նոր է ու ոչ էլ՝ լուծված: Բնակիչները դեռ 2 տարի առաջ՝ 2012 թվականի նոյեմբերին, փորձեցին խնդիրը լուծել սեփական ուժերով. հավաքվեցին, ստորագրահավաք անցկացրեցին ու նամակ-խնդրագիր ուղարկեցին Հայաստանի էլեկտրական ցանցերին: ՀԷՑ-ը դիմողներին նամակով պատասխանեց, որ տվյալ տարում իրենց միջոցները բավարար չեն խնդիրը լուծելու համար: Արդեն հաջորդ տարվա մարտին ուղարկված նամակից հետո ՀԷՑ-ը տեսուչ ուղարկեց՝ խնդիրը վերացնելու համար. փոխվեց մեկ լար, որը, սակայն, իր էական արդյունքը չտվեց: Մյուս նամակն արդեն ուղղված էր ոչ միայն ՀԷՑ-ին, այլև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Վերջինս կապվեց ՀԷՑ-ի հետ ու խնդիրը վերցրեց իր վերահսկողության տակ: Դրանից հետո ՀԷՑ-ը, կրկին նշելով միջոցների սուղ լինելը, խոստացավ խնդրի վերացումն ընդգրկել իրենց 2015 թվականի աշխատանքներում:

Փորձելով ճշտել, թե աշխատանքներն ի՞նչ փուլում են՝ մենք զանգահարեցինք ՀԷՑ: ՀԷՑ-ի Ջրվեժի տարածքային մասնաճյուղից մեզ ասացին, որ տեղյակ չեն, թե աշխատանքներն ինչ փուլում են: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից էլ մեր հարցին պատասխանեցին, որ ՀԷՑ-ին նամակ է ուղարկվել՝ պարզելու համար, թե ի՞նչ է արել ու ի՞նչ է նախատեսում անել առաջիկայում, սակայն պատասխան դեռ չունեն: Իսկ ահա Ջրվեժի գյուղապետարանն իր հերթին՝ պնդում է, որ այս հարցով իրենք չեն զբաղվում, և հարցերը պետք է պարզել սեփական նախաձեռնությամբ ու միմիայն ՀԷՑ-ի հետ:

ԼԻԱՆԱ ԱՆԴՐԵՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս