Բաժիններ՝

Որքան քուն է անհրաժեշտ երեխային՝ ըստ տարիքի

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ուսումնական տարվա սկիզբը ենթադրում է նաև ռեժիմով քնելու և արթնանալու սկիզբ:

Անկախ տարիքից երեխան կփորձի ըմբոստանալ և, որքան հնարավոր է, ձգել ժամանակը, երբ ասում են՝ քնելու ժամանակն է: Ռեժիմին հակադրվում են հատկապես դեռահասները, ովքեր ամառվա ընթացքում սովորել են գիշերներն արթուն անցկացնելուն և առավոտյան ուշ արթնանալուն: Իսկ այն, որ քունն անհրաժեշտ է օրվա ընթացքում արագ կողմնորոշվելու, ինֆորմացիան հեշտությամբ ընկալելու համար, հատկապես փոքր տարիքի երեխաների դեպքում, դա կարծում եմ նորություն չէ:

Կանոնավոր ռեժիմի անցնելու համար պետք է նախ իմանալ, որքան քուն է անհրաժեշտ ձեր երեխային. 5-12 տարեկաններին անհրաժեշտ է 10-11 ժամ քուն, իսկ 12 տարեկանից մեծ երեխաներին՝ 8,5-9,25: Մեծերին անհրաժեշտ քնի ժամերը տատանվում են 7-9 ժամվա սահմանններիում:

Ամառվա ազատ ռեժիմից ուսումնական տարվա ռեժիմին անցնելու համար 1 օրը բավական չէ: Անհրաժեշտ է աստիճանաբար երեխային սովորեցնել նոր ռեժիմին՝ օրական 15-ական րոպե առաջ գցելով նրա գրաֆիկը, մինչև որ հասնեք այն անհրաժեշտ ժամին:

Ստեղծեք քնելու տրամադրող պայմաններ. քնելու ժամից առնվազն 2 ժամ առաջ արգելեք զբաղվել ակտիվ խաղերով, կամ մարմնամարզությամբ, համակարգչային խաղերով, բջջային հեռախոսով, սահմանափակեք հեռուստացույց դիտելու քանակը: Հնարավոր է, որ այդ ժամին դեռ լույս լինի, ուրեմն պետք են հաստ վարագույրներ: Իսկ առավոտյան, վարագույրները բացելով, կհեշտացնեք նրանց արթնանալը:

Հիշեք, որ մեկ անգամ ուշ քնելը դեռ վտանգավոր չէ, բայց եթե անքնությունը կամ անկանոն քունը շարունակվում են երկար ժամանակ, կարող են դառնալ Ձեր երեխայի թերի առաջադիմության, վատ դատողության, հոգնության, նույնիսկ հորմոնալ խանգարումների պատճառ, ինչպես նաև դժվարեցնում են քրոնիկ հիվանդությունների բուժումը, եթե դրանք առկա են:

Հաջորդ նյութում մի քանի խորհուրդ քնելու ողնաշարին չվնասող դիրքերի մասին:

Բարի գիշեր և վաղուց արդեն բարի երազներ մեր բալիկներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս