ԿԲ նախագահը կանխատեսել է 2 տոկոսանոց հավելյալ գնաճ
Այսօր Հայաստանի խորհրդարանում կազմակերպված փակ քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի տված պարզաբանումները, ըստ ԱԺ պատգամավորների, առանձնապես չեն տարբերվել այն պարզաբանումներից, որոնք տալիս է Ռուսաստանի ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան ռուս պատգամավորներին: ԿԲ նախագահը դոլար-դրամ փոխարժեքի փոփոխությունը պայմանավորել է ԱՄՆ-ի կողմից վարվող ֆինանսավարկային քաղաքականության փոփոխությամբ:
ԱԺ փակ քննարկումից դուրս եկած պատգամավորներն ասել են, որ իրենց ընկալմամբ` ԿԲ նախագահը հասկացնել է տվել, որ Միացյալ Նահանգները դոլարի ընդլայնողական քաղաքականությունը փոխարինել է զսպողական քաղաքականությամբ, որի արդյունքում առաջացել է դոլարի դեֆիցիտ: Արթուր Ջավադյանը խորհրդարանականներին բացատրել է, որ ճգնաժամը պայմանավորված չէ միայն Հայաստանով, և այն միջազգային մասշտաբի է: Այս պատճառի դեմ, ԿԲ-ն, բնականաբար, անզոր է, և այն շարունակելու է իր ազդեցությունը: Մյուս պատճառը, ըստ Ջավադյանի, սպեկուլյացիան է և խուճապը. բանկերն ունեն բավարար քանակությամբ դոլար, սակայն դա չեն վաճառում: ԿԲ նախագահը վստահեցրել է, որ իրենք գիտեն սպեկուլյանտներին, և շատ կարճ ժամանակում կանխելու են սպեկուլյատիվ դրսևորումները:
Ջավադյանի պատասխաններից պատգամավորները հասկացել են, որ ԿԲ-ն թույլ է տալու, որ դրամն արժեզրկվի և կայունանա իր շուկայական փոխարժեքի վրա:
ԿԲ նախագահը վստահեցրել է, որ ԿԲ-ն ունի արտարժույթի բավարար պաշարներ` դրամի արժեզրկումը կանխելու և գործընթացը վերահսկողությունից դուրս չթողնելու համար: ԱԺ պատգամավորները, որոնց մեծամասնությունն այնքան էլ շատ չի հասկանում տնտեսագիտությունից, ասում են, որ այս փակ քննարկման միակ դրական արդյունքը կարող է լինել այն, որ իրենք ԿԲ նախագահից ստացել են հավաստիացումներ, որ իրավիճակը կառավարելի է, և մոտ ապագայում իրենք կտեսնեն դրա արդյունքները: «Տպավորությունն այնպիսին էր, որ ԿԲ նախագահն էլ մեզանից ակնկալիք ուներ, որ մենք այդ դրական սպասումները կփոխանցենք հասարակությանը»,- ասացին նրանք:
Անդրադանալով դրամի արժեզրկման գնաճային ճնշումներին, Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ իրենք կանխատեսւմ են հավելյալ 2 տոկոսանոց գնաճ: Սակայն պատգամավորներն այս հայտարարությունն ընդունել են քմծիծաղով: Հարցի համար հերթագրված պատգամավորների մի մասը լքել է ԱԺ նիստերի դահլիճը` մինչև հարց տալու իրենց հերթը հասնելը, համարելով, որ միևնույն է` իրենց հարցերը մնալու են անպատասխան: