ՀՀԿ-ն պատրաստ է դրամի արժեզրկման և գնաճի թեմայով արտահերթ նիստ անցկացնել, բայց դռնփակ

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը այսօր կրկին արտահերթ նիստ են հրավիրում՝ դրամի արժեզրկման և գնաճի թեմայով: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խմբակցությունը համաձայն է արտահերթ նիստ անցկացնել, սակայն՝ դռնփակ:

«Մենք կարծում ենք, որ եթե մեր խնդիրը պրոբլեմ լուծելն է, իսկ մեր խնդիրը, այո, պրոբլեմ լուծելն է, առաջարկում ենք, որ միգուցե ավելի արդյունավետ միջոցն ու ֆորմատը կլինի փակ քննարկումը»,- ասաց Է. Շարմազանովը:

Ըստ նրա՝ տնտեսությունում ստեղծված իրավիճակն այն հարցն է, որ մասնագիտական ու խորը գնահատականների կարիք ունի, իսկ զգացմունքային, սիրողական մակարդակի ու զգացմունքային հայտարարությունների կարիք չկա: Է.Շարմազանովը նշեց, որ պատգամավորների մեջ չկան տնտեսագիտական խորը գիտելիքներ ունեցող շատ պատգամավորներ: Ընդ որում՝ ինքն իրեն ևս դասեց նմանների թվին, այսինքն՝ չունի տնտեսագիտական գիտելիքներ:

«Հարցը շատ գայթակղիչ է, շատ մտահոգիչ է, և տեսախցիկների ու լրատվամիջոցների ներկայությունն այդքան արդյունավետ չի լինի»,- ասաց Շարմազանովն ու հավելեց, որ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Արծվիկ Մինասյանն էլ համակարծիք են, որ քննարկումները պետք է անցկացվեն փակ ռեժիմով:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ժողովրդի մեջ առկա խուճապին՝ Է.Շարմազանովը նշեց, որ եթե Ռուսաստանի նման երկրում կան խնդիրներ, Հայաստանում ինչպե՞ս կարող են չլինել.

«Այսօր առկա խնդիրն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այն, որ ԱԺ-ն ուզում է փակ քննարկումներ անել, խոսում է այն մասին, որ մտահոգություն կա: Ինչպե՞ս կարող է մտահոգություն չլինել, եթե մարդը գիշերը քնում է, առավոտյան արթնանում և տեսնում, որ եթե իր ստացած աշխատավարձը պետք է բավարարեր 10 կիլոգրամ շաքարավազի, այսօր բավարարելու է 7, 5 կամ 4 կիլոգրամի: Մենք՝ բոլոր պատգամավորներս, էս աշխարհում ենք ապրում: Դուք մի մտածեք, որ մենք ընտրյալներ ենք, էս պրոբլեմները մեզ չեն վերաբերում: Իհարկե, մեր աշխատավարձերը մի քիչ ավելի բարձր են, հիմա չեմ ուզում էստեղ լացեմ: Մեզ ավելի շատ մտահոգում է մեր սոցիալապես անապահով խավի վիճակը: Այստեղ խնդիր կա նաև բիզնեսի հետ, տարբեր խնդիրներ կան, որոնք պետք է նստենք ու քննարկենք»:

Տեսանյութեր

Լրահոս