Բաժիններ՝

Սերժ Թանկյանը հաստատել է՝ Ջորջ Քլունին կայցելի Հայաստան. «Արմենպրես»

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին 2015թ. ապրիլին կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շրջանառվող լուրն Instagram-ի իր էջում հաստատել է System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը:

«Լուրեր են պտտվում, թե Ջորջ Քլունին հաջորդ ապրիլին մեզ հետ մեկնելու է Հայաստան: Դա անհերքելի ճշմարտություն է»,- գրել է Թանկյանը:

System of a Down (SOAD) ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը դեկտեմբերի 13-ին էր Լոս Անջելեսի The Forum համերգասրահում: Այնուհետև 2015-ի ապրիլի 10-20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին):

Ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա անվճար համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (Արթնացրեք հոգիները) խորագրով:

System of a Down-ը խումբը ստեղծվել է 1994 թ. Լոս-Անջելեսում: Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բաս կիթառ):

Նրանք ընտրել են System of a Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims of a Down:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս