ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ ստորագրել այնպիսի համաձայնագիր, որը չի հակասի Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին

Հայաստանի և Եվրոպական միության (ԵՄ)  նոր փաստաթղթի ստորագրման շուրջ երկխոսությունը հնարավոր է դարձել միայն այն ժամանակ, երբ Հայաստանն ավարտել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամագրվելու շուրջ բանակցությունները և ստորագրել ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը: Դրանից անմիջապես հետո` նոյեմբերի 4-ին, կողմերը Բրյուսելում սկսել են «Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակի ուսումնասիրության քննարկումները»:

Այս մասին այօրվա ասուլիսում տեղեկացրեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան` նշելով, որ այդ քննարկումների նպատակն է պարզել, թե որ ոլորտներում կարող են համագործակցել Հայաստանը և ԵՄ-ն և ինչպես պետք է դա անեն, որպեսզի այդ հարաբերությունները չհակասեն ԵՏՄ-ին առջև Հայաստանի ստանձնած նոր հանձնառություններին:

«Ուզում եմ ընդգծել, որ Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել բանակցությունները` Հայաստան-ԵՄ համագործակցության նոր իրավական բազա ձևավորելու նպատակով, հաշվի առնելով և հարգելով սեպտեմբերի 3-ից հետ Հայաստանի ստանձնած նոր հանձնառությունները»,- հայտարարեց Տրայան Հրիսթեան:

Դեսպանն ավելացրեց, որ ԵՄ-ն պատրաստ է կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիլնյուսի նախորդ տարվա գագաթաժողովում, և շարունակել աջակցությունը Հայաստանին` ժողովրդավության, Մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայություն հաստատելու և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Եվրամիությունը նաև կխրախուսի հայ գործընկերներին մասնակցել Արևելյան գործընկերության բոլոր ձևաչափերին և միջոցառումներին:

Կարդացեք նաև

Այսպիսով, նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովը և Հայաստանը ստորագրել են «Հայաստանին Եվրամիության աջակցության միասնական հայեցակարգի փոխըմբռնման հուշագիր», որով սահմանվում են 2014-17 թթ. համագործակցության ռազմավարական նպատակներն ու առաջնահերթությունները:

«Բյուջեին ուղղակի օժանդակության մեխանիզմի միջոցով աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ հիմնական ոլորտներին` մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարում և արդարադատություն»,- նշեց դեսպան Հրիսթեան:

Ըստ նրա`այդ փոխադարձ քննարկումների ժամանակ երկու կողմերը պայմանավորվել են, որ փորձելու են պահպանել այն, ինչ բանակցվեց, համաձայնեցվեց, բայց չստորագրվեց Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ժամանակ. «Մենք պայմանավորվեցինք ապագայի քննարկումների ժամանակ որպես ելակետ ընդունել Վիլնյուսում ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Հայաստանի և ԵՄ-ի համատեղ ուսումնասիրությունների առաջին նիստը, ինչպես տեղեկացրեց դեսպանը, նվիրված է եղել փոխադարձ առևտրին և առևտրի ոլորտում հնարավոր համագործակցության ուղղություններին: Հրիսթեայի խոսքով` կողմերը ուսումնասիրել են փոխադարձ առևտրի ուղղությունները` հայկական կողմի ներկայացրած փաստաթղթի հիման վրա:

«Մենք հնարավորինս աշխատեցինք հայկական կողմի հետ, որպեսզի առևտրի ոլորտում մեր ապագա համագործակցության ուղղությունները նախապես պարզվեն»,- ասաց նա`այս համատեքստում նաև նկատելով, որ վիճակագրական վերջին տվյալների համաձայն` ԵՄ-ն շարունակում պահպանել առաջին տեղը Հայաստանի առևտրային գործընկերների շարքում. «Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մոտ 27 տոկոսը բաժին է հասնում Եվրամիությանը, որը նաև Հայաստանում ամենախոշոր ներդրողն է. նույն տվյալների համաձայն` Հայաստանում կատարված ներդրումների 52 տոկոսը բաժին է հասնում Եվրամիությանը: Եվ որ ավելի կարևոր է`արտաքին աջակցության խոշորագույն դոնորը Եվրամիությունն է»:

Կողմերի միջև երկխոսության երկրորդ փուլը կայացել է դեկտեմբերի 12-ին: Այդ նիստը հիմնականում նվիրված է եղել Հայաստան-ԵՄ ապագա համաձայնագրի` քաղաքական, արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտներին առնչվող բաղադրիչներին:

«Պետք է ասեմ, որ սա յուրօրինակ մեկնարկային կետ էր, որովհետև ինտենսիվ քննարկումները դեռ առջևում են: Դրանց նպատակն է հստակ պատկերացում կազմել այն մասին, թե նոր իրողության պայմաններում ինչը կարելի է ճշգրտել ԵՄ-ի առաջարկի մեջ, որպեսզի դա արտացոլվի մեր միջև կնքվելիք ապագա համաձայնագրում: Հուսով եմ, որ այս համագործակցության աշխատանքի հաջորդ փուլը կկայանա հաջորդ տարվա հունվարին Բրյուսելում, որտեղ, ինչպես սպասվում է, տեղի է ունենալու համագործակցության խորհրդի նիստը»,- ավելացրեց Տրայան Հրիսթեան:

Տեսանյութեր

Լրահոս