«Ամանորին հաճախ փնտրում ենք ու փորձում գտնել բաներ, որոնք իրականում գոյություն չունեն». հոգեբան

«Ընդհանրապես անհնար է առանց սթրեսի: Այն նաև ժողովում է մեր ներքին ուժերը, որ կարողանանք մի ինչ-որ նոր բան անել, մի նոր գործ ձեռնարկել»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, գիտական բաժնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը՝ խոսելով նախատոնական և հետտոնական սթրեների մասին:

Նրա խոսքով՝ սթրեսը հաճախ առաջանում է այն ժամանակ, երբ մարդն ամեն ինչ բարդում է օբյեկտիվ իրականության վրա, բայց իրականում պետք է ինքն ունենա այդ ակտիվ դրսևորումները, որպեսզի այդ սթրեսը կարողանա հաղթահարել իր ներսում, որպեսզի իմանա, որ դա իրենն է. «Մարդը կարող է իր անհաջողությունների մեջ մեղադրել դիմացիններին, շրջապատող աշխարհին, մինչդեռ չի տեսնում, որ հաջողության հասնելու համար ոչինչ էլ չի անում և իրեն դրել է սթրեսի մեջ: Մարդկանց մոտ միշտ կա այդ մանկության զգացողությունը, երբ ցանկանում են, որ իրենց փոխարեն մյուսներն անեն, այնինչ գալիս է մի ժամանակ, երբ ստիպված ենք լինում ինքներս դասավորել մեր կյանքը և ինքներս պատասխան տալ մեր արած-չարածների համար»:

Մեզ մոտ՝ Հայաստանում, ավանդույթ է դարձել Նոր տարին դիմավորել ճոխ և առատ սեղաններով, և ըստ Ռ. Պողոսյանի՝ դրան նախապատրաստվելու ճանապարհին մարդիկ նորից հայտնվում են սթրեսային իրավիճակներում: Հոգեբանն ասաց, որ դա ոչ թե պատճառ է, այլ հետևանք. «Ընդհանուր առմամբ՝ դա մշակութաբանական հարց է: Մտածողությունը, որ ինչպես դիմավորենք Ամանորը, այնպես էլ կընթանա տարին, պարզապես սնոտիություն է: Հաճախ, երբ գումար չի լինում որևէ բան գնելու համար կամ սեղանին ինչ-որ բան պակաս է լինում, առաջանում է մրցակցություն, որը ևս բերում է սթրեսային իրավիճակների:

Գոյություն ունի նաև հետտոնական սթրես հասկացությունը, որն ավելի վտանգավոր է, քան նախատոնականը, քանի որ մարդիկ ինչ-որ մեծ սպասելիքներով պատրաստվում են Ամանորին և երբ ավարտվում են տոները, ու մարդիկ նորից հայտնվում են դատարկության մեջ, հասկանում, որ կյանքը շարունակում է իր նույն հունով ընթանալ, նորից ընկնում են սթրեսի մեջ. «Մարդիկ սպասում են մեծ փոփոխությունների, մեծ հաջողությունների, բայց հետո տեսնում են, որ ոչ մի փոփոխություն էլ չեղավ, այսինքն՝ այն, ինչին սպասում էին, չեն ստանում: Դա մի մրցավազք է, որից հետո դատարկություն է լինում, քանի որ դիմացն ամբողջ մի տարի է: Հաճախ մենք փնտրում ենք ու փորձում գտնել բաներ, որոնք իրականում գոյություն չունեն»:

Վերջում հոգեբանը խորհուրդ տվեց կախվածության մեջ չընկնել ամանորյա այս աժիոտաժից. պետք է ապրել այնպես, ինչպես ապրել եք մինչև հիմա. «Աշխատեք այդ օրը քայլել երեկոյան Երևանով. հրաշալի ժամանակ է, հրաշալի լուսավորություն: Քայլեք ընկերներով, եղեք այն մարդկանց հետ, ում հետ կցանկանայիք, և կտեսնեք, թե որքան մեծ ուրախություն կարող եք մեկդ մյուսի հետ կիսել: Հետո մի բան էլ ասեմ, լսեք ջազային երաժշտություն. դա պարզապես հրաշալի է, ջազը ոչ մի վերջակետ չունի, այն նաև ցույց է տալիս, որ ամբողջ կյանքը տոն չէ, առօրյա է: Ապրեք այդ առօրյայով և հավերժության մեջ»:

 

Տեսանյութեր

Լրահոս