Ովքե՞ր են կազմակերպել հարձակումներն ազատամարտիկների և Արամ Մանուկյանի վրա
Այս հարցն այժմ հուզում է շատերին, բայց հանցագործներից որևէ մեկը դեռևս չի բացահայտվել: Կարելի է, իհարկե, տրամաբանական եզրահանգումներ անել, սակայն ստույգ տեղեկությունների ու փաստերի բացակայության պայմաններում վերլուծություններն այդպես էլ մնում են ենթադրությունների մակարդակում:
Հիշեցնենք, որ անցնող շաբաթվա առաջին միջադեպը կապված է ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի հետ: Միջադեպի մանրամասները պատմում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ երկուշաբթի օրը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանն «Արաբո» և «Ապարան» ջոկատների հրամանատարներին հրավիրել է ռեստորան և զրույցի ընթացքում պահանջել, որպեսզի քաղաքական գործընթացներին չխառնվեն ու նախագահի դեմ չգնան, ինչին ի պատասխան` ազատամարտիկները «բաց տեքստով» ասել են, թե ինչ են մտածում «նրա նախագահի» մասին:
Իսկ երբ ազատամարտիկները դուրս են եկել ռեստորանից, նրանց են մոտեցել 7-8 երիտասարդներ և սկսել են վիճաբանել ազատամարտիկների հետ, որից հետո գործը հասել է քաշքշոցին և միմյանց հարվածներ հասցնելուն:
Դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձանց խումբը հարձակվել և դաժանորեն ծեծի է ենթարկել մեկ այլ ազատամարտիկի` Սուրեն Սարգսյանին: Իսկ վերջին դեպքը գրանցվեց հինգշաբթի օրը` դեկտեմբերի 11-ին, երբ իր տան շքամուտքում կրկին անհայտ անձի կողմից հարձակման և բռնության ենթարկվեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Վերջին շրջանում քաղաքացիների նկատմամբ բռնությունների շարքը համալրում է նոյեմբերի 27-ին Նախախորհրդարան քաղաքական նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի վրա կատարված հարձակումը, իսկ մինչ այդ` Նախախորհրդարանի մի շարք անդամների մեքենաները հրկիզելու դեպքերը:
Քաղաքական դրդապատճառներ ունե՞ն այդ միջադեպերը, թե՞ ոչ: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված բռնութունն ուղղակիորեն կապում են իշխանությունների հետ: Դեպքից հետո Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշեց. «Արամ Մանուկյանը դասական քաղաքական գործիչ է, և նրա վրա հարձակումը կարող է կապված լինել միայն նրա քաղաքական գործունեության հետ: Իսկ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որտեղ իշխանության գլուխ ուղղակի հանցագործներն են»:
Իսկ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր հերթին` հայտարարեց, որ չորս դեպքերն էլ կապված են միմյանց հետ, և գործում է «ահաբեկչությունների շղթա»:
Ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ բռնությունը խստորեն դատապարտել է նաև Նախախորհրդարանի քարտուղարությունը, որ Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ մասնավորապես հայտարարել է.
«Ռեժիմը բացահայտ կերպով նախաձեռնել և ցինիկաբար իրականացնում է զանգվածային բռնություն, որի թիրախ են դառնում տարբեր ուժերի ներկայացուցիչներ ու պայքարող քաղաքացիներ: Նախախորհրդարանի քարտուղարությունը նման իրավիճակում հույժ կարևոր է համարում բռնությունների կանխարգելման և արձագանքման հասարակական-քաղաքական գործուն մեխանիզմի ձևավորումը, որը պետք է կյանքի կոչվի բռնություն չհանդուրժող բոլոր ուժերի ու քաղաքացիների համատեղ ջանքերով` անկախ նրանց քաղաքական և գաղափարական տարբերություններից»: Դատապարտող հայտարարություններով են հանդես եկել բազմաթիվ այլ կուսակցություններ` բացի ՀՀԿ-ից:
Պետք է նկատել, որ միջադեպերն ընդհանրություն ունեն այնքանով, որ բռնության ենթարկվածները, բացի այն, որ ընդդիմադիր գործիչներ են, մշտապես խիստ քննադատական ելույթներ են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, մասնավորապես` հայտնի է, որ այս տարվա հոկտեմբերին Արամ Մանուկյանն Աբովյան քաղաքում Եռյակի հանրահավաքի ժամանակ հայհոյախառն արտահայտություններ էր արել Սերժ Սարգսյանի ու նրա հարազատների հասցեին:
Եվ այս իմաստով խիստ ուշագրավ է Լևոն Երանոսյանի հարցազրույցը «Ժողովուրդ» օրաթերթին: Ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով, որ իր հրահանգով են ծեծել Մ. Եղիազարյանին և Ռ. Պետրոսյանին, նա բառացիորեն ասել է. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, ուզենա իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ասել, ես նրա ականջները կկտրեմ շան թուլի պես»: Սրանից ելնելով` կատարվում է եզրակացություն, որ Լևոն Երանոսյանը հրահանգում է` հերթով ծեծել նրանց, ովքեր հայհոյել են նախագահին: Լևոն Զուրաբյանն էլ դեպքից հետո ասաց, որ Լևոն Երանոսյանն իր հայտարարությամբ մատնում է իրեն` ըստ էության ասելով, որ ինքը կատարում է Սերժ Սարգսյանի հանձնարարականը:
Սակայն մեր զրուցակից Ստեփան Սաֆարյանը, խստորեն դատապարտելով կատարված բռնությունները և նաև Լևոն Երանոսյանի հայտարարությունը, այնուամենայնիվ համոզված է, որ այստեղ գործում է «երրորդ ուժ», որը հմտությամբ օգտագործել է այդ հանգամանքը: Քաղաքական վերլուծաբանը «168 Ժամի» հետ զրույցում շեշտեց, որ վերոնշյալ բոլոր միջադեպերը մեկ շղթայի մասն են կազմում, որովհետև մինչ այդ նման բաներ չէին լինում, իսկ այդ շղթայական զարգացումը նշանակում է, որ կա որոշակի ռազմավարություն:
Սաֆարյանի կարծիքով` այդ ռազմավարության գլխավոր նպատակը ներքաղաքական իրավիճակի «թեժացումն» է, ինչը խոստացել էր անել ոչ իշխանական ուժերի Եռյակը, և ինչը տեղի չունեցավ, որովհետև Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո կրքերը հանդարտվեցին, և իշխանության ու ոչ իշխանության միջև հաստատվեց որոշակի ստատուս-քվո:
«Սա, անշուշտ, Հայ ազգային կոնգրեսի սրտով չէր, և դրա մասին են վկայում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև կարծիքների հրապարակային փոխանակումը: Եվ, կարծեք թե, ինչ-որ մի երրորդ կողմ կա, որին դա ձեռնտու չէ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Այսպիսով, նա սլաքներն ուղղում է ոչ թե դեպի իշխանությունը, այլ դեպի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավելի ճիշտ` դեպի «քոչարյանական դաշտ»:
«Ակնհայտ է, որ իշխանությունը, ի դեմս ոստիկանապետի և նրա տեղակալի, մերժելի, բայց նաև անզգույշ հայտարարություններ է անում, Մհեր Սեդրակյանը նույնպես ինչ-որ հայտարարություններ է անում, որի արդյունքում բանավեճ է ծագում իր և ազատամարտիկների միջև, և հանկարծ այդ ընթացքում տեղի են ունենում բռնության մի քանի միջադեպեր:
Հասարակական կարծիքը շատ հեշտ է ուղղորդել դեպի կոնֆլիկտի կողմերը: Շատ հեշտ էր ասել, որ տեղի ունեցածը կարող էր անել Մ. Սեդրակյանը, որովհետև Մ. Սեդրակյանի և ազատամարտիկների կոնֆլիկտը շարունակություն ստացավ հայտարարությունների մակարդակով: Կարելի է ասել, որ իշխանությունը արեց, որովհետև որքան էլ ՀԱԿ-ը դժգոհեց «Բարգավաճի» կողմից պրոցեսը դադարեցնելուց, այնուամենայնիվ դեկտեմբերի 10-ին շարունակվեց հրապարակային ակտիվությունը, և այսպես շարունակ, այսինքն` հասարակական կարծիքը շատ ուղղորդելի է, որովհետև կոնֆլիկտի թվացյալ կողմերն իրենք են:
Բայց ես կարծում եմ, որ կա մի շրջանակ, մի դաշտ, ես դա կանվանեմ ոչ թե` Ռոբերտ Քոչարյան, այլ` քոչարյանական դաշտ, որն, իմ կարծիքով, ուրախ չէր այս տարվա զարգացումների հանգուցալուծումից, որովհետև դրա արդյունքն, ըստ էության, կողմերի միջև, այսպես ասած, հրադադարի ռեժիմի ստորագրումն է: Հետևաբար, առաջին շրջանակը, որին ձեռնտու է այս իրավիճակը, քոչարյանական դաշտն է»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:
Մեկ այլ վարկած առաջ քաշեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Մեզ հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ բռնությունները կարող են կապված լինել կառավարության կազմի մեջ փոփոխության և նոր` ներքին գործերի նախարարություն ստեղծելու հնարավորության հետ:
Արմեն Բադալյանը ենթադրում է, որ իշխանության ներսում եղած ոչ բոլոր խմբավորումները կուզենային, որ այդ ազդեցիկ նախարարությունը գլխավորի գործող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Նա մի քանի օր առաջ նշեց, որ ինքն այդքան էլ կողմ չի այդ գաղափարին, բայց, այնուամենայնիվ, արդյոք բոլո՞րն են ցանկանում, որ այսօրվա ոստիկանապետը դառնա ազդեցիկ ՆԳ նախարարը, իսկ որպեսզի դրան խանգարեն, հնարավոր է` ստեղծվում է բռնությունների տպավորություն, որ այ, ջարդում են իշխանություններին քննադատողներին:
Եվ այդ բռնությունները չբացահայտելու դեպքում, անկախ ամեն ինչից, չբացահայտման մեղքն ընկնում է ոստիկանապետի վրա, ինչը կարող է թուլացնել նրա հնարավորություններն իշխանության համար ապագա պայքարում: Ենթադրում եմ, որ նշված բռնությունները նաև այդ ենթատեքստն ունեն»,- ասաց փորձագետը:
Ըստ նրա` Նախախորհրդարանի, ազատամարտիկների և Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպերը մեկ ընդհանրություն ունեն` բռնություն, բայց չի կարելի բոլորը մեկ հարթության վրա նայել, որովհետև, ճիշտ է, գործողությունը մեկն է, բայց դրանք կարող են ունենալ տարբեր դրդապատճառներ և հետապնդել տարբեր նպատակներ.
«Երբ բռնություն է կատարվում երեք տարբեր ուժերի ներկայացուցիչների վրա, թե՛ լրագրողների, թե՛ հասարակության ենթագիտակցության մեջ այն տպավորությունն է ստեղծվում, որ բռնություն են կատարում իշխանություններին արմատապես քննադատող կառույցների ներկայացուցիչների նկատմամբ, այսինքն` Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված բռնությունը ենթագիտակցության մեջ բարձրացնում է Նախախորհրդարանի և Ազատամարտիկների խորհրդի քաղաքական կարգավիճակը, որովհետև գիտեն, որ Արամ Մանուկյանն ընդդիմադիր է, նա քննադատում է, նրա նկատմամբ բռնություն են կիրառում, բայց դրանից առաջ բռնություն են կիրառել նաև մյուսների նկատմամբ:
Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի հետ կապված հարցին, ես որքան հիշում եմ` նա վերջին 25 տարիներին է քաղաքական գործունեությամբ զբաղվում, և չեմ կարծում, որ շատ էական, որակական տարբերություն կա այսօրվա և 2008 թ. մարտի 1-ից հետո նրա գործունեության միջև, և եթե նա այդ պատճառով է բռնության ենթարկվել, հաստատ բռնության կենթարկեին մարտի 1-ից հետո, երբ փաստացի Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները շատ ավելի դաժան են իրենց պահել իշխանությունների հանդեպ, և շատ ավելի դաժան է եղել նրանց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը:
Իսկ այսօր տարբեր պատճառներով այդ լարվածությունը քաղաքական դաշտում չկա»:
Իսկ ինչ վերաբերում է Լևոն Երանոսյանին, ով սպառնացել էր կտրել բոլորի ականջները, ովքեր տհաճ բան կասեն նախագահի հասցեին, փորձագետը նկատեց, որ նա չափազանց բարդ խնդիր է իր առջև դրել, որովհետև Հայաստանում Սերժ Սարգսյանին քննադատողները, մեղմ ասած, շատ են: