Բաժիններ՝

ՀԱԿը, ՀԺԿ-ն և ՎՍԴՀԿ-ն հայտարարություն են տարածել ազատամարտիկների վրա ավազակային հարձակումների վերաբերյալ

Հայ ազգային կոնգրես, ՀԺԿ-ն և ՎՍԴՀԿ-ն հայտարարություն են տարածել, որում ասված է.

«Հայ հասարակությանը ցնցեց դեկտեմբերի 9-ին արցախյան ազատամարտի հրամանատարներ, Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի («Ապարան» ջոկատի հրամանատար) և Մանվել Եղիազարյանի («Արաբո» ջոկատի հրամանատար), իսկ դեկտեմբերի 10-ին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ և մամլո խոսնակ Սուրեն Սարգսյանի վրա ավազակային հարձակումները։

Ռեժիմը, դավադրաբար, ձեռք է բարձրացնում մարդկանց վրա, որոնք ոչ միայն 1988-ից Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներ էին, այլև այդ Շարժման այն հերոսներից, որ ինքնակամ, անձնազոհաբար գնացին պաշտպանելու Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանի սահմանները։ Ռեժիմը դրանով անարգում է ազատամարտի երևույթը որպես այդպիսին՝ մահացու վիրավորելով նրա բոլոր մասնակիցներին ու ներկայացուցիչներին։

Փոքրոգի ու զազրելի այս արարքով Սերժ Սարգսյանի վարչախումբը նաև ցուցադրում է իր վախը ամբողջական իշխանափոխության օրակարգով ծավալված Համաժողովրդական շարժման նկատմամբ, որին աջակցում է նաև Ազատամարտիկների դաշինքը։ Այս քայլով վարչախմբը մատնում է սեփական հոգեվարքային վիճակը, երբ առողջ բանականությունն ու տրամաբանությունը անվերադարձ տեղի են տալիս։

Համաժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է ազատամարտիկների նկատմամբ իրականացված նողկալի արարքը, կոչ անում հասարակության բոլոր շերտերին ու անդամներին համախմբվել Համաժողովրդական շարժման շուրջ՝ օր առաջ լուծելու համար ամբողջական և համակարգային իշխանափոխության առաջնահերթ խնդիրը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս