Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները
Հայաստանի և Վրաստանի վարչապետների գլխավորած կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ Վրաստանի կառավարությունում տեղի են ունեցել երկկողմ բարձր մակարդակի բանակցություններ:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առևտրատնտեսական կապերն ավելի սերտացնելու հեռանկարները:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Վրաստան այցելելու հրավերի համար` ընդգծելով, որ բարձրաստիճան պաշտոնական հաճախակի փոխայցերը վկայում են հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին և նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
Իր հերթին Իրակլի Ղարիբաշվիլին ողջույնի խոսքում ընդգծել է, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը և զարգացումը և շնորհակալություն հայտնել Հայաստան իր պաշտոնական այցի ընթացքում արժանացած ջերմ ընդունելության համար:
Բարձր գնահատելով երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը` զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական հարաբերություններում ևս առկա ներուժի լիարժեք իրացումը և այդ համատեքստում անդրադարձել առաջիկա անելիքներին: Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալն ավելացնելու նպատակով կողմերն անհրաժեշտ են համարել ներդրումային նոր ծրագրերի իրականացումը և հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:
Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են նաև տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրների անդամակցության հարցին: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, սակայն միաժամանակ շարունակելու է նաև ակտիվ համագործակցել Եվրոպական միության հետ բոլոր հնարավոր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ առկա բազմաթիվ համատեղ ծրագրերի և բարեփոխումների շարունակական իրականացումը:
Հայաստանի և Վրաստանի վարչապետներն ընդգծել են, որ տարբեր ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունը պետք է ծառայի երկու երկրների տնտեսությունների զարգացմանը, գործարար միջավայրի համար նոր հնարավորությունների ստեղծմանը և չխոչընդոտի հայ-վրացական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի սերտացմանը:
Գոհունակություն հայտնելով տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, հումանիտար և մշակութային ոլորտներում ծավալված համագործակցության ընթացքից` զրուցակիցներն անդրադարձել են նշված յուրաքանչյուր բնագավառում իրականացվող ծրագրերին: Մասնավորապես, կարևորվել է Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի շինարարության ու արդիականացման, ինչպես նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր` «Բարեկամության» կամուրջի շինարարական աշխատանքների շարունակականությունը: Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման առումով ՀՀ վարչապետը մեծապես կարևորել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը:
Երկուստեք ընդգծվել է էներգետիկ ոլորտում Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման կարևորությունը, որի ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարարության և գերմանական KfW բանկի միջև:
Կարևորելով Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթումի կանոնավոր չվերթերի գործարկումը` Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանձնարարել են պատասխանատու մարմինների ղեկավարներին քննարկել չվերթերի վերսկսման լուծումներ:
Հայկական կողմը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցը, որի հետ կապված խնդիրներ են առաջացել: Տեղեկացնելով, որ Վրաստանի միգրացիոն քաղաքականության օրենսդրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ, վրացական կողմը բանակցությունների ընթացքում խոստացել է, որ մինչև 2015 թ. առաջին եռամսյակի ավարտն բարձրացված բոլոր խնդիրներին լուծում կտրվի օտարերկրյա, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացիների համար:
Պատմամշակութային կապերի սերտացման համատեքստում զրուցակիցները կարևորել են մշակութային հարուստ ժառանգության պահպանումը և վերականգնումը: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի վերանորոգման նպատակով 2015 թ. բյուջեով միջոցներ նախատեսելու համար:
Հովիկ Աբրահամյանը Իրակլի Ղարիբաշվիլիին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար նախատեսված հայտարարությամբ: