Բաժիններ՝

Մակնշման կանոնները խախտող ծխախոտ վաճառողները կպատժվեն

ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Դրա նպատակը առանց ՀՀ կառավարության սահմանած կարգով մակնշված՝ առավելագույն մանրածախ գնի, ինչպես նաև սահմանված կարգով մակնշված՝ առավելագույն գնից բարձր գնով ծխախոտի արտադրանքի վաճառքն արգելելն է և մակնշման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության միջոցներ սահմանելը:

Հավանության է արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը պայմանավորված է ՀՀ տարածքում գործող անմաքս առևտրի խանութների համար ԱԱՀ-ով հարկման հավասար իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման դեպքում բոլոր անցակետերում և մաքսային մարմինների սահմանած այլ վայրերում կապահովվի անմաքս առևտրի խանութների գործունեությունը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որով սահմանվում է քննչական կոմիտեի ծառայողների կենսաթոշակի իրավունքն անցումային շրջանում:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով սահմանվում են արտաքին առևտրի  ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները: Դրանք արտահանելու և (կամ) ներմուծելու համար լիազոր մարմինը տալիս է լիցենզիա կամ թույլտվություն կամ սերտիֆիկատ: Օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:

Նիստում քննարկվել է «Անձեռնմխելի կապիտալի հիմնադրամների (ԱԿՀ) մասին» օրենքի և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների  նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը: Նախագծով նախատեսվում է  ստեղծել ԱԿՀ-ներ, ինչին ի պատասխան կառավարությունն առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից և դրան անդրադառնալ կառավարության ՀՀ Ազգային ժողով  ներկայացնելիք օրենքների նախագծերի փաթեթի շրջանակում:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս