Վարդան Բոստանջյան. «Նման իրավիճակ Հայաստանում երբևիցե չէր եղել»
Տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ այն տնտեսական ծանր իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, երկար չի շարունակվելու: Համենայնդեպս, նա չի ուզում մտածել, որ այս իրավիճակը երկար կշարունակվի:
«Առավել ևս, որ 2014 թվականին համաժողովրդական շարժումը լայն թափ է ստանում և հասարակությունը ոչ միայն երկրի ներսում այլև դրսում ցույց է տալիս, որ գործող իշխանությունների հետ շարունակել այլևս չի կարելի: Հարկավոր է համակարգային փոփոխություններ, և, ամենայն հավանականությամբ, պետք է ենթադրել, որ դա կլինի»,- այսօրվա ասուլիսում ասաց Վ. Բոստանջյանը:
Ըստ նրա՝ այսօր ընդհանրապես աշխատանք չկա, չկա եկամուտ, չկա արժանավայել կյանք: Փոխարենը՝ կա արտագաղթ, ներդրումների քաղց և այլն. «Այսինքն՝ բոլոր դրական բաները չկան, բոլոր բացասական բաներն առատ են»:
Հարցին էլ՝ որքանո՞վ են այդ բացասական միտումները պայմանավորված դրսի և որքանո՞վ ներսի գործոններով, արդյոք ճի՞շտ կլինի բոլոր մեղքերը բարդել կառավարության գործունեության վրա, Վ.Բոստանջյանը պատասխանեց, թե հասկանալի է, որ արտաքին գործոնները կարող են ունենալ նշանակություն մեզ համար ոչ ցանկալի զարգացումների առումով. «Բայց բոլոր դեպքերում, եթե մենք մեր սեփական իրավիճակը, մեր դրությունն ենք ուզում իմաստավորենք ու գնահատենք, երբեք ուրիշ արտաքին գործոններով չպետք է պայմանավորենք: Առաջին հերթին մենք պետք է մտածենք՝ ով ենք մենք, ինչպես ենք մենք կառավարում, ինչպես ենք օգտագործում մեր հնարավորությունները, որից հետո նոր կարող ենք ասել՝ ճգնաժամ, արտաքին գործոններով պայմանավորված միտումներ և այլն»: