Բաժիններ՝

Հաջողություններ` կրթության իրավունքի իրացման գործընթացում

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր առաջին անգամ կլոր սեղանի ձևաչափով Մարդու իրավունքների գրասենյակը հրավիրել էր հանդիպման ՀՀ պետական այն գերատեսչությունների ղեկավարներին, որոնց կառույցները, ըստ օմբուդսմենի, տարվա ընթացքում դրական և արդյունավետ են աշխատել մարդու իրավունքների գործունեության ոլորտում:

Կլոր սեղանի հրավիրյալներն էին` Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Անդրադառնալով կրթության և գիտության նախարարության գործունեությանը` օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը մեծ առաջընթաց է արձանագրել, մասնավորապես, ներառական կրթության ոլորտում, երբ համապատասխան փոփոխություններ են կատարվել «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում:

Օմբուդսմենն իր շնորհակալությունն է հայտնել նախարար Արմեն Աշոտյանին` վերոնշյալ ոլորտում հետևողական աշխատանքի համար` այն համարելով մեծ ձեռքբերում առանձնահատուկ կրթության պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրականացման գործում:

Բացի այդ, Կարեն Անդրեասյանը նշել է, որ նախարարությունն օպերատիվ է արձագանքել կոնկրետ դեպքերին դպրոցներում` կապված երեխաների իրավունքների խախտման հետ: Օմբուդսմենը որոշակի մտահոգություն է հայտնել դպրոցների տնօրենների կարգի ընտրության հետ կապված` ընդգծելով, որ որոշակի աշխատանք պետք է կատարվի այդ ուղղությամբ, որի առթիվ նախարարությունն իր համաձայնությունն է տվել:
Նախարար Արմեն Աշոտյանն իր շնորհակալությունն է հայտնել Մարդու իրավունքների գրասենյակին` նախարարության գործունեությունը գնահատելու համար: Նա նշել է, որ կրթության ոլորտն ահռելի է իր շահառուների թվով, որն էլ իր հերթին բերում է պոտենցիալ ռիսկերի` մարդու իրավունքների խախտման տեսանկյունից:

«Կրթության իրավունքների իրացման տեսանկյունից ոլորտի արձանագրած հաջողությունները հուսադրող են, բայց միաժամանակ` պարտավորեցնող: Երեխայակենտրոն և ուսանողակենտրոն կրթություն. սա պետք է լինի մեր գործունեության հիմնական առանցքը:

Ներառական կրթության ոլորտում Հայաստանի փորձն իրավամբ ունիկալ է Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածքում, որը գնահատվել է ՅՈՒՆՍԵՖ-ի և միաջազգային այլ հեղինակավոր կառույցների կողմից: Սակայն պետք է նշել, որ մարդու իրավունքների ոլորտում փոփոխությունը պետք է առնչվի ոչ միայն իրավական դաշտում համապատասխան կատարելագործմանը, այլ նաև մարդկանց հոգեբանության փոփոխությանը»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհական ոլորտում ևս իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ` ուսանողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, մասնավորապես, ուսանողների փոխադրման, կրթության մատչելիության տեսանկյունից:

Նախարարը նաև նշել է, որ համակարգի առանձնահատկությունը մարդու կրթության իրավունքի իրականացումն է, որը պահանջում է համալիր մոտեցում:

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր առաջին անգամ կլոր սեղանի ձևաչափով Մարդու իրավունքների գրասենյակը հրավիրել էր հանդիպման ՀՀ պետական այն գերատեսչությունների ղեկավարներին, որոնց կառույցները, ըստ օմբուդսմենի, տարվա ընթացքում դրական և արդյունավետ են աշխատել մարդու իրավունքների գործունեության ոլորտում:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս