Ռուսները համոզված են և համոզում են իրենց կայսրության պայծառ ապագայում
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հոբելյանական 9-րդ նիստը: Հոբելյանական, քանի որ լրացել է խորհրդարանական ակումբի ստեղծման մեկ տարին: Իսկ նիստի քննարկման թեման էր՝ «Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին»:
Այսօրվա քննարկմանը Հայաստանի կողմից մասնակցում էին խորհրդարանական երեք հանձնաժողովների նախագահներ. Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրանք էլ փորձում էին ներկայացնել այն իրավիճակը, որ ձևավորվել է Հայաստանում և հայ հասարակության շրջանում՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի արդյունքում: Եթե մյուս ելույթ ունեցողները խոսում էին այն մասին, որ Հայաստանի խորհրդարանը 103 կողմ ձայնով է վավերացրել անդամակցության պայմանագիրը, որ դա գիտակցված որոշում է, որ հայ հասարակությունը դրանից մեծ սպասելիքներ ունի և այլն, ապա Արտակ Դավթյանը ներկայացրեց այն մտավախությունները, որ ունի հայ հասարակությունն այդ միությունից: Ըստ Դավթյանի, ամենահիմնական մտահոգությունն այն է, որ Հայաստանն անդամակցելով ԵՏՄ-ին՝ կորցնում է իր ինքնիշխանությունը, և Ռուսաստանի տնտեսությունն այսօր անկումային վիճակում է, ինչն իր ազդեցությունն է թողնելու նաև Հայաստանի տնտեսության վրա: Արտակ Դավթյանին հետաքրքրում էր, թե ինչ կարծիքի են ռուս խորհրդարանականներն այս մտահոգությունների մասին, և կարո՞ղ են ինչ-որ կերպ փարատել դրանք:
Ինչպես և պետք էր սպասել, ռուս պատգամավորների և վերլուծաբանների պատասխաններն առանձնապես չէին տարբերվում ռուսական պաշտոնական քարոզչության կաղապարներից: Սուվերենության մասով. այո՛, Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանության որոշ մասը, այնպես, ինչպես կորցնում է Ռուսաստանը և ԵՏՄ-ին միացող մյուս բոլոր երկրները: Օրինակ՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների հումանիտար ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ փորձագետ Նիկոլայ Սիլաևն ասում է, որ ցանկացած ինտեգրացիա ենթադրում է ինքնիշխանության կորուստ, բայց թե ինչ չափով տեղի կունենա այդ ինքնիշխանության կորուստը, ցույց կտա ապագան, և կախված կլինի ինտեգրացիայի խորությունից:
Միխայիլ Կրոտովը, ով Դաշնային խորհրդի նախագահի խորհրդականն է, ասում է, որ Հայաստանը երկու ճանապարհ ուներ՝ կամ ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը և ընդհանրապես զրկվել ինքնիշխանությունից, այդ թվում և՝ արտաքին հարաբերություների բնագավառում, կամ միանալ ԵՏՄ-ին, որտեղ Հայաստանը հնարավորություն ունի ներկայացնել իր սեփական մոտեցումները, հավասար իրավունքներով ներկայացված լինել ԵՏՄ բոլոր կառույցներում, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ինչը նշանակում է, որ առանց Հայաստանի համաձայնության՝ չի կարող որևէ որոշում ընդունվել:
Սրանք, իհարկե, լոկ խոսքեր են, որոնց միջոցով ռուս խորհրդարանականներն ու չինովնիկներն ուզում են ցույց տալ, որ իրենք հարգում են ավելի փոքր ժողովուրդների իրավունքները, և իրենց չեն տեսնում կայսրություն կառուցող ազգի դերում: Բայց, որ ռուսները կառուցում են կայսրություն և ուզում են, որ այդ կայսրության պայծառ ապագային հավատան նաև այն ազգերը, ովքեր այս կամ այն կերպ պարտադրված են միանալ այդ կայսրությանը, միանշանակ է:
Ռուսներն ուզում են կայսրության հպատակ ժողովուրդներին համոզել մի քանի հարցում: Առաջին՝ իրենց կայսրությունն ամենաբարոյականն է, և անգամ Ֆրանսիայի և Գերմանիայի ժողովուրդները սպասում են, որ Ռուսաստանը կազատի իրենց հակաքրիստոնեական այն արժեհամակարգից, որն այսօր գերիշխող է Եվրոպայում: Երկրորդ՝ այն դժվարությունները, որոնց առջև կանգնած է Ռուսաստանը, ժամանակավոր են, և իրենց երկիրը մոտ ապագայում կհաղթահարի դրանք: Երրորդ՝ Հայաստանը և մյուս պետությունները, որոնք միանում են ձևավորվող կայսրությանը, ստանում են ավելի մեծ ազատություններ և իրավունքներ, քան նրանք կստանային ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում, և զուտ օգտապաշտական նկատառումներից ելնելով՝ ԵՏՄ-ն կարող է ապահովել ավելի մեծ նյութական բարեկեցություն, քան ԵՄ-ն, քանի որ Ռուսաստանի հանքահումքային ռեսուրսներն անհամեմատ ավելի մեծ են:
Օրինակ, ռուսներն ասում են, որ ԵՏՄ շրջանակներում պետք է ձևավորել եկամտի ստեղծման կենտրոններ, այսինքն՝ Ռուսաստանը երաշխավորում է, որ եկամտի ստեղծումը չի կենտրոնանա միայն Ռուսաստանում, այլ այն ավելի լայն տարածում կունենա: Նման կոնցեպցիա կար ԽՍՀՄ-ում, որտեղ իսկապես աշխատում էին հավասարաչափ բաշխել արտադրական հզորությունները: Բայց այս պնդումներին ի պատասխան՝ կա մի պարզունակ հարց. Հայաստանում արդեն երկու տարի խոսվում է այն մասին, որ ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերությունը պետք է ներդրումներ անի հայկական «Նաիրիտ» գործարանում, որոնց շնորհիվ այդ գործարանը կսկսի աշխատել: Բայց այդ հավաստիացումները ոչ մի արժեք չունեն, քանի որ ոչ մի ներդրում էլ չի արվում, և «Ռոսնեֆտն» ինքը ֆինանսական ներարկումների կարիք ունի:
Հայաստանը հունվարի 1-ից դառնում է ԵՏՄ անդամ: Հայ քաղաքական և տնտեսական վերնախավը համակերպվել է այդ իրողության հետ, և իրականում դրանից խուսափել այլևս անհնար է: Բոլորը հասկանում են, որ դա նույնն է՝ ինչ բարձրանալ մի նավ, որն ակնհայտորեն խորտակվում է. և այս պայմաններում կա փրկության երկու տարբերակ: Առաջինն այն է, որ նավի անձնակազմին ի վերջո կհաջողվի վերանորոգել նավը և այն փրկել նավաբեկությունից, մյուսը՝ որ նավի խորտակումից հետո կհայտնվեն փրկարարները և նավաբեկյալներին կփրկեն աղետից: Եթե անկեղծ լինենք, Հայաստանում ավելի շատ հավատում են երկրորդ տարբերակին, չնայած այսօրվա բարեկամության ակումբում խոսում էին, որ տեղի կունենա առաջին տարբերակը: