
Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը մասնակցել է «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսին Փարիզում

Դեկտեմբերի 4-ին Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտում տեղի է ունեցել նախկին դիվանագետ, Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննոյի «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Պաղեստինի և Սոմալիլենդի` Ֆրանսիայում գործող ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորներից մեկը:
Իր ելույթում Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ներկայացրել է Արցախի անցած ուղին և երկրում տեղի ունեցող պետականաշինության գործընթացը:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը ոչ միայն դրական ազդեցություն կունենա երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում, այլ նաև կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: