Վրաստանի ադրբեջանցիները Հայաստանի տարածքում են արածեցնում իրենց անասունները
Tesankyun.am-ը գրում է. Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատումը դեռ չի ավարտվել: Սահմանագծում չկատարվելու հետեւանքով Տավուշի մարզի Դեղձավան գյուղի տարածքից 50 հա գտնվում է հայ սահմանապահների կողմից 2007թ.անցկացված փշալրից այն կողմ:
Դեղձավանի գյուղապետ Յուրա Հովհաննիսյանն ասաց, որ այդ 50 հեկտարից 5-ը դեղձավանցիներին սեփականաշնորհված հող է, 5 հա-ն՝ համայնքի պահուստային վարելահող, 40 հա-ն՝ արոտավայր: Դեղձավանի գյուղապետն ասաց,որ Վրաստանի ադրբեջանական գյուղերի բնակիչներն իրենց անասուններն արածեցնում են այդ արոտավայրերում:
Վրացական կողմը վիճարկում է նաեւ Դեբեդավան գյուղին պատկանող, Դեբեդի աջ ափին գտնվող 8-10 հա-ի պատկանելությունը: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանը հայտնեց,որ դրա մի փոքր մասն է վարելահող,մնացածն արոտավայր է:
Նա ասաց, որ 2008թ. գարնանը վարարած Դեբեդը իրենց գյուղի տարածքից քշել-տարել է 2.8 հա, որից 7000 քառակուսի մետրը դեղձի այգի էր: Դրանից հետո Դեբեդավան են եկել Տավուշի մարզպետարանի , ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողներ,որոնք ծանոթացելեն խնդրին:
Դամիրչյանն ասաց,որ ինքն այդ կապակցությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Նրա խոսքերով՝ ամեն տարի վարարած Դեբեդը քշում-տանում է որոշ տարածք: Վերջին մի քանի տարում հայկական տարածքում Դեբեդի ափը պաշտպանելու համար կառուցապատումներ չեն արվել: Վրացիները Դեբեդի ձախ ափը պաշտպանելու համար որոշ կառուցապատում արել են: Դամիրչյանի վկայութամբ՝ Դեբեդի վարարումներից հայկական ափն է տուժում,քանի որ այն դիրքով ավելի ցածր է: