Սիրիան ՄԱԿ-ից պահանջել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ
Սիրիական Sana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիան ՄԱԿ-ից պահանջել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ՝ կապված այդ երկրի ռազմաօդային ուժերի կողմից Դամասկոսի երկու շրջանները ռմբակոծելու հետ:
Այս մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու ՄԱԿ ԱԽ-ի գործող նախագահին հասցեագրված նամակներում: Սիրիայի ԱԳՆ- ն ընդգծել է, որ «Իսրայելը հրեշավոր հանցանք է գործել Սիրիայի ինքնիշխանության դեմ՝ մի շարք կազմակերպությունների պատճառելով նյութական վնաս»:
Սիրիայի ԱԳՆ-ը կարծում է, որ «հարավածներն ուղղված են եղել երկրում գործող ահաբեկչական զինված խմբերին աջակցելուն, ընդ որում՝ դրանք հասցվել են երկրի մի շարք շրջաններում սիրիական բանակի հաղթանակներից հետո»:
Սիրիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռմբակոծությունները Դամասկոսին չեն հարկադրի հրաժարվել ահաբեկչության բոլոր տիպերի դեմ պայքարելուց և կոչ է արել Իսրայելի դեմ պատժամիջոցներ սահմանել ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան:
Իսրայելի ավիացիան երեկ հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, ինչպես նաև սիրիա-լիբանանյան սահմանից ոչ հեռու գտնվող Ադ-Դիմաս քաղաքում: Նախնական տվյալներով զոհեր չկան, հարվածի տակ են ընկել զինապահեստները: