Հրանտ Բագրատյան. «Չեք կարողանում իշխանությունը պահեք, տվեք մեզ»

ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում Հայաստանը զիջում է ինքնիշխանության 1/3-ը, մինչդեռ ՀՀ իշխանությունն ընտրվել է եվրոինտեգրման խոստումների վրա: Այս մասին այսօր ԱԺ նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Հիմա ոչ միայն չենք եվրոինտեգրվում, այլև զիջում ենք մեր ինքնիշխանությունը: Դա հնարավոր է, բայց պետք է դիմել ժողովրդին: Հանրաքվե անցկացրեք: Սրանից հետո մենք արտաքին տնտեսական քաղաքականություն չենք վարելու, վարելու է մի մարմին, որում ներկայություն ունենք: Ոչ մի պատգամավոր չի կարող սրան քվեարկել»,- ասաց Հ.Բագրատյանը՝ պնդելով, որ անհրաժեշտ է ԵՏՄ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնել:

Ըստ նրա՝ ցանկացած միություն փոխհամաձայնություն է, իսկ քանի որ ՀՀ-ն ԱՀԿ անդամ է, այդ ֆոնի վրա ԵՄ ինտեգրումը, ԵՏՄ միացումը դեզինտեգրացիա է, որը քայքայում է ԱՀԿ-ն. «Անցնում ենք տարածաշրջանային իմպերիաների: Ցանկացած իմպերիա փոխանակություն է: Հըլը մի հատ ասեք՝ էտեղ ով ինչ է փոխանակել»:

Հ.Բագրատյանը իրավիճակն ավելի պատկերավոր ներկայացնելու համար՝ նշեց, որ ստեղծվում է մի տուն, որտեղ ամեն մեկը մի հոգս է հոգում, մի բան է բերում, իսկ ՀՀ-ին միշտ տրվել է դեսերտը բերելու պատիվը, բայց առանց Ուկարինայի այդ տան գոյությունը հնարավոր չէ: Նա հարցադրում արեց, թե այսօր ի՞նչն է խանգարում հայ-ղազախական առևտուր անել, բայց նշեց, որ 2% մաքսադրույքը 8% չեն դարձնում:

Նշելով, որ 12 տարի առաջ ստեղծվել է ռուս-բելառուսական միությունը, 4 տարի առաջ՝ ՄՄ-ն, Հ.Բագրատյանը ներկայացրեց անդամ պետությունների տնտեսական աճերը, որ տարեցարի միայն նվազել են, ընդ որում՝ Բելառուսը այս 12 տարում 70 մլրդ գողացել է ՌԴ-ից: Անդամ երեք երկրներում նվազել են նաև առևտուրը, ներդրումները (բացառությամբ Ղազախստանից): Նրա խոսքով՝ ԵՏՄ մտնելուց հետո ՀՀ աճը, որ վերջին տարիներին նվազել է, կզորայանա: Պատգամավորը դիմեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին՝ «Դուք չեք հաշվել հնարավորությունների կորուստը»: Նա կրկին նշեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆիի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը գոռում էին ԵՄ մասին, թեև ավելի լավ էր չեզոք մնալ:

«Այսօր կրիզիս է ՀՀ-ում, լուրջ կրիզիս է սկսել: Այսօր Հայաստանում կա ռեվոլյուցիոն կրիզիս»,- նշեց նա՝ հավելելով, որ պատճառը ոչ թե միայն ռուբլու արժեզրկումն է ու քիչ է դոլար գալիս, այլև ՀՀ ղեկավարության աշխատանքը, որ միջազգային շուկայում նավթն էժանացել է, գազի գինը երեկ Ուկարինան ավելի էժան է հաստատել, բայց ՀՀ-ն գնում է ֆիքսված բարձր գնով. «Կարգին աշխատեք, մի տվեք մոնոպոլիաները»:

Անդրադառնալով 1994թ. տնտեսական հուշագրին՝ Հ.Բագրատյանը նշեց, որ այն ժամանակ ինքը մարդկանց նորմալ բացատրել է ու հասկացել են. «Ասել եմ՝ մենք չենք ստորագրում, փոխհատուցեք մեզ: Հիմա ասում եք ՝ եթե չստորագրենք, պետականությունը կկորցնենք, բայց ստորագրելով եք կորցնում: Չեք կարողանում իշխանությունը պահեք, տվեք մեզ: Եղեք պրոֆեսիոնալ»:

Տեսանյութեր

Լրահոս