Քրիսթին Լագարդ. Նավթի գների անկումը լավ լուր է
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիսթին Լագարդը դրական է համարում նավթի համաշխահային գների անկումը համաշխարհային տնտեսության համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Կլինեն և հաղթողներ, և պարտվողներ, բայց ընդհանուր առմամբ սա լավ լուր է համաշխարհային տնտեսության համար»,-Վաշինգտոնում կայացած գագաթաժողովին հայտարարել է Լագարդը:
ԱՄՀ տնօրենը նշել է, որ նավթի գների իջեցման շնորհիվ ԱՄՆ-ը, Ճապոնիան, Եվրամիությունը և Չինաստանը հավելյալ 0,8% տնտեսական աճ կունենան: Իսկ նավթ արտահանող երկրներից ամենաշատը, ըստ նրա, կտուժեն Ռուսաստանը, Իրանը, Վենեսուելան և Նիգերիան:
Քրիսթին Լագարդի խոսքով` նավթի գների անկումը բացասաբար կանդրադառնա այն երկրների վրա, որոնց տնտեսությունը կախված է նավթի արտահանումից: Լագարդն ասել է, որ դա լուրջ սպառնալիք է Ռուսաստանի համար.
«Տեսնենք, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի ռեակցիան»: Նա նաև ավելացրել է, որ իրեն մտահոգում են «Ռուսաստանի վերջին աշխարհաքաղաքական նախաձեռնությունները»: