Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին հիշեցրել է նրա դատաիրավական համակարգի թերությունների ու ռասայական խտրականության մասին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիի արած այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ը մտահոգ է, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները.

«Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերը չեն արտացոլում օբյեկտիվ իրողությունն ու հանդիսանում են մարդու իրավունքների հարցը նպատակամղված ձևով քաղաքականացնելու ու այն ճնշման գործիքի վերածելու փորձի բաղկացուցիչ մաս:

Ադրբեջանում օրենքի, հիմնարար իրավունքների ու ազատությունների գերակայությունն ապահովվում է Սահմանադրությանը, օրենքներին ու այն միջազգային փաստաթղթերին համաձայն, որոնց միացել է երկիրը: Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական զարգացումը, և կարիք չկա տվյալ հարցում արտաքին միջամտության ու «խորհուրդների»:

ԱՄՆ-ում ռասայական խտրականությունը ձեռք է երել համակարգային բնույթ, ինչի հետևանքով ամերիկյան հասարակությունում խորացել է դիմակայությունը, թերություններ կան դատաիրավական համակարգում, ոստիկանությունն ու իրավապահ մարմինները կիրառում են անհամաչափ ուժ, աճել է բռնությունը և լուրջ խնդիրներ կան այլ ոլորտներում:

Այդ մասին են վկայում Ֆերգյուսոնի ու ԱՄՆ-ի մյուս քաղաքներում գրանցված բողոքի զանգվածային ակցիաներն ու դրանց ուղեկցած բռնությունները: Կարծում ենք, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Ադրբեջանի վերաբերյալ կանխակալ հայտարարությամբ հանդես գալուց առաջ պետք է պատասխաներ միջազգային հանրության մտահոգությանը՝ կապված ԱՄՆ-ում մարդու իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

ԱՄՆ-ը պետք է հրաժարվի այդօրինակ ոչ տեղին պնդումներից՝ միջազգային մակարդակում հանդես գալով որպես մարդու իրավունքների «հովանավոր» և պետք է առավել լուրջ ուշադրություն հատկացնի բուն երկրում մարդու իրավունքների հարցերին՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»:

Տեսանյութեր

Լրահոս