
Տեղի կունենա վենչուրային համաժողով և «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ

Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա վենչուրային համաժողով, որի ընթացքում կներկայացվեն «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի մասնակից թիմերի ծրագրերի շնորհանդեսները:
Վենչուրային համաժողովը կազմակերպվում է Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամի (CRDF Global) համատեղ ջանքերով:
«Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում: Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:
Վենչուրային համաժողովը հնարավորություն կընձեռի ծանոթանալու հայ հետազոտողների, սկսնակ թիմերի և ընկերությունների կողմից մշակված` տեղեկատվական, հաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գյուղատնտեսության և մաքուր տեխնոլոգիաների ոլորտների 15 ներդրումային ծրագրերին: Նշված ծրագրերի շնորհանդեսները մասնակիցների կողմից կներկայացվեն հայ-ամերիկյան գնահատման հանձնաժողովին: