Ռուբեն Բալոյանը տուժող կողմին խնդրել է, որպեսզի կողմերը հաշտության եզրեր գտնեն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործի քննության ընթացքում տուժողների և տուժողների իրավահաջորդների ներակացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել է ավտովթարի արդյունքում մահացած երեխաների ծնողների հետ. «Ես ինքս էլ խնդրել եմ, որպեսզի հաշտություն տեղի ունենա»:

Ռուբեն Բալոյանն ասաց, որ որքան հնարավոր է, տուժող կողմին բացատրել է, հստակ գնահատել է իրավիճակը, խնդրել է, որպեսզի կողմերը հաշտության եզրեր գտնեն:

Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ հաշտեցումն իր համար մնում է ամենակարևորը այս դատական պրոցեսում. «Իհարկե, մտքերի կռիվ է, մենամարտ է, պաշտպանում են, հարձակվում են, ես դա շատ լավ հասկանում եմ, ես էլ սպասում եմ լուռ, անտրտունջ: բայց ամբողջ դատավարության ընթացքում մշտական փորձեր արվել են, փորձեր արվել են հաշտեցման, չի ստացվել: Ես չեմ մեկնաբանում և ոչ ոք թող չմեկնաբանի: Բայց ես չեմ կարող չողջունել այն, ինչ ասաց քաղաքացի Բալոյանը: Ինձ համար շատ ողջունելի է: Եթե այնունամենայնիվ փնտրվում են հաշտության եզրեր, անկախ ամեն ինչից՝ կլինի փորձաքննություն, չի լինի փորձաքննություն, փորձաքննությունը կապացուցի սա կամ չի ապացուցի, ես դա գանահատում եմ շատ դրական քայլ: Եվ ինքս իմ կողմից ինչքան հնարավոր է (ճիշտ հասկացեք, իմ ձեռքերը կապված են, ես բանտում եմ), բայց ինչքան հնարավոր է, պատրաստ եմ գնալ յուրաքանչյուր քայլի, որը կտանի այս հաշտեցմանը: Ես միշտ մտածում եմ, որ այն ողբերգությունը, որ ապրում են ծնողները, նրանց հարազատները, բարձր է որևէ փաստաթղթային, դատավարական, փորձաքննական պրոցեսից»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս