«Կարծում եմ` Գագիկ Ծառուկյանը պատվախնդիր մարդ է և չի փչացրել իր հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ»
Ոչինչ էլ չի լինի. պայմանավորվածության կգան իշխանության հետ և կկիսեն իրար հետ իշխանությունը: Այսպիսի կանխատեսում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը անում Եռյակ-իշխանություն պայքարի վերաբերյալ:
«Համամասնության, բաժնեմասի խնդիր է` ով ավելի շատ կստանա: Կարծում եմ` հասարակությունն այստեղ անելիք չունի: Ցավոք սրտի, բոլորը չեն գիտակցում դա, նաև կա մի ստվար հատված, որը եթե երեկ ընտրություններին 5000 դրամ էր վերցնում, այսօր տեսնում է, որ թե´ իշխանությունը թե´ ոչ իշխանական ուժերը ֆինանսապես բավականաչափ ուժեղ են, և այստեղ կարող է որոշակի շահ հետապնդել: Հայաստանի շահն այստեղ չկա»,- այսօրվա ասուլիսում նշեց Արարատ Զուրաբյանը:
Ըստ նրա` Հայաստանի իշխանությունն այսօր ունի մեկ խնդիր` սահմանադրական փոփոխություններն իրականացնելիս փորձել ստեղծել որոշակի կոնսեսուսի միջավայր և իշխանությունը ոչ իշխանականների հետ կիսել հենց այդ շրջանակներում:
Այս համատեքստում ընդդիմադիր գործիչը շեշտեց, որ Հայաստանում իշխանությունն ուզուրպացված է տասնամյակներ շարունակ, և յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է պայքարի օրինական իշխանություն ձևավորելու համար:
Հարցին, թե ինչո՞ւ չի ակտիվանում ՀՀՇ-ն, նա պատասխանեց, որ քաղաքական ակտիվության ցանկություն բոլորն էլ ունեն, բայց ակտիվության համար անհրաժեշտ է պարարտ հող, որոշակի միջավայր, սակայն Հայաստանն այսօր այնպիսի բարդ իրավիճակում է, որ տեսանելի ապագայում շատ դժվար է պատկերացնել քայլերի մի շարք, որը կարող է ձևավորել իրենց քաղաքական ուժի համար ընդունելի մի իրողություն:
ՀՀՇ-ն չի բացառում համագործակցությունը որևէ քաղաքական ուժի, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կազմակերպության հետ, բայց, ըստ Ա. Զուրաբյանի, պետք է լինի իրական քաղաքական գործընթաց, իսկ դա հնարավոր է այն դեպքում, եթե համագործակցությունը ձևավորվի կոնկրետ գաղափարների, հստակ ծրագրերի և որոշակի նպատակների շուրջ:
Պատասխանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Եռյակի հնարավոր կապի վերաբերյալ հարցին` Արարատ Զուրաբյանն ասաց, թե չի բացառում, որ Քոչարյանը կարող է վերադառնալ «Եռյակի խողովակով», անգամ եթե երեք ուժերից երկուսը համաձայն չեն դրան:
«Երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է,- նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստանին»` ասում է Զուրաբյանը,- ուստի «Բարգավաճ Հայաստանն» իրավունք ունի իր համար որոշում կայացնել և նախագահական ընտրություններում առաջադրել նրան, ում ուզում է, լինի Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Վարդան Օսկանյանը: Ես չեմ լսել, որ ԲՀԿ-ի որևէ անդամ ասի, որ Ռոբերտ Քոչարյանը «քըխ» է, նա ինչ-որ վատ բան է արել այս երկրում: Կարող է` ՀԱԿ-ից ինչ-որ մեկի հետ պայմանավորվածություն ունենան` «մենք երկու բառ կասենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեզ հետ կապ չունի, որ մեր շարքերը մեզնից չփախնեն, բայց, միևնույն է, կանենք այն, ինչ անելու ենք»: Նման սցենարներ հնարավոր են: Կարծում եմ` Գագիկ Ծառուկյանը պատվախնդիր մարդ է և իր հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ չի փչացրել»:
Արարատ Զուրաբյանը նաև ավելացրեց, թե նորմալ է համարում այն, որ «Բարգավաճ Հայաստանն» ունի իր քաղաքական ծրագրերը և հետևողականորեն գնում է դրանց լուծմանը, բայց իրեն զարմացնում են մյուս երկու քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», որոնք սպասարկում են մեկ այլ քաղաքական ուժի շահերն այն պարագայում, երբ այդ ուժերը որևէ ընդհանրություն իրար հետ չունեն.
«Սա ունի բացատրություն: Բացատրության մասին ես չեմ խոսի, որովհետև, կարծում եմ, յուրաքանչյուրդ էլ ինձնից ավելի լավ գիտեք այդ բացատրությունը: Բայց ինձ ցավ է պատճառում այն, որ մարդիկ սկսում են ինչ-որ հայտարարություններ անել, մրոտել միմյանց, վիրավորել: Դա թե´ քաղաքական, թե´ լրատվական դաշտի համար անընդունելի երևույթ է: Ձեր աչքի առջև առանձին լրատվամիջոցներ այնպիսի հարձակումներ են գործում մարդկանց վրա, որ չգիտեմ` ինչ ասեմ»: