Քննարկվել են հայ-ֆրանսիական բարեկամական կապերի սերտացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների էլ ավելի խորացմանը և սերտացմանը:
Դեսպան Շարպանտիեն նշել է, որ Ֆրանսիայի բարեկամ երկրում դեսպանի պաշտոնի ստանձնումն իր համար մեծ պատիվ է, և պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար:
Բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության մակարդակը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է ֆրանսիական ներդրումային ընկերությունների ներգրավմամբ փոխգործակցության ակտիվացումը, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը, զբոսաշրջության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության խորացումը:
Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի հայ-ֆրանսիական տնտեսական կապերի սերտացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչմանը: Իր հերթին Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հավաստիացրել է, որ պաշտոնավարման շրջանում կանի առավելագույնը՝ մինչ այս կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված լուրջ ձեռքբերումները պահպանելու և երկկողմ գործակցության ավելի բարձր մակարդակի հասնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031