Շանթ Հարությունյանի և մյուսների գործով վճիռը բողոքարկվել է
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի և Շահեն Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը վերաքննիչ դատարան է բողոքարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Մեզ հետ զրույցում փաստաբանը տեղեկացրեց, որ դատարանին խնդրել է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ՝ հռչակելով Շանթ և Շահեն Հարությունյանների և Վարդան Վարդանյանի անմեղությունը, կամ գործն ուղարկել նոր դատաքննության: Ինեսա Պետրոսյանը վերաքննիչ դատարանին նաև խնդրել է փոխել ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի խափանման միջոց կալանքը, բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դատարան հրավիրելու վերաբերյալ, հաստատել, որ նախագահի կողմից խախտվել է գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանի և մյուսների անմեղության կանխավարկածը, հաստատել, որ խախտվել է իր պաշտպանյալների՝ կոնվենցիայով երաշխավորված հավաքների ազատ իրականացման իրավունքը:
Ինչպես հայտնի է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 10-ի դատավճռով՝ գործով ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել խուլիգանության մեջ. Շանթ Հարությունյանը դատապարտվել էր` 6, Վարդան Վարդանյանը՝ 5, Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանը վճռել էր նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նրա նկատմամբ փորձաշրջան սահմանելով 4 տարի ժամկետով:
Խոսելով դատարանի վճռի մասին՝ Ինեսա Պետրոսյանն ասաց, որ իր վճռում դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այն հանգամանքին, թե ինչու են Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները փողոց դուրս եկել. «Իրենք այս ամենը դիտել են միայն քրեական հանցագործության լույսի ներքո՝ փաստորեն փորձելով դա քողարկել դրա տակ: Մինչդեռ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները փորձում էին իրացնել իրենց սահմանադրական իրավունքը, այսինքն՝ բարձրացել իրենց ձայնը, օգտվել երթ անցկացնելու իրենց իրավունքից»:
Փաստաբանն ասաց, որ դրա մասին նրանք նախօրոք հայտարարել էին, դեռ նոյեմբերի 31-ից սկսվել էր նստացույցը, Շանթ Հարությունյանն էլ «Ես սկսում եմ հեղափոխություն» բովանդակությամբ պաստառ էր տեղադրել Ազատության հրապարակում: Նրա խոսքով՝ 2013թ. նոյեմբերի 5-ին՝ «Գայ Ֆոքսի» միջազգային օրը, պետք է երթ տեղի ունենար, սակայն «Ոստիկանության աշխատակիցների կողմից սադրանք տեղի ունեցավ», որին այդպես էլ դատարանը գնահատական չի տվել:
Նրա խոսքով՝ դատարանն անդրադարձել է միայն քաղաքացիական հագուստ կրող ոստիկաններին, համարել, որ նրանց չէին կարող ընկալել որպես Ոստիկանության աշխատակիցներ, նրանք խուլիգանական գործողությունները խափանել են` որպես քաղաքացիներ: Ի. Պետրոսյանն ասաց, որ նոյեմբերի 5-ին ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն եղել: Այսպես, օրինակ՝ եթե երթի մասնակիցները խախտումներ են թույլ տալիս, ըստ փաստաբանի, նրանց պետք է բարձրախոսով զգուշացնել, որ կարող է միջամտություն լինել, երթը կարող է խափանվել: Նրա խոսքով, սակայն, ապացուցված է, որ երթի մասնակիցներին չեն նախազգուշացրել. «Ավելին, ինչպես երևում է տեսանյութում, իրենք ճանապարհ բացեցին, Շանթ Հարությունյանն ու իր ընկերներն անցան երթևեկելի մաս, որպեսզի շարունակեին իրենց երթը, և այդ պահին միանգամից սկսվեց ոտնձգությունը նրանց նկատմամբ»:
Փաստաբանն աբսուրդ, անօրինական համարեց Շանթ Հարությունյանի որդուն դատապարտելը: «Աբսուրդ է Շահեն Հարությունյանի նկատմամբ ունենալ մեղադրական դատավճիռ: Ի սկզբանե երեխային տարան, շուրջ մեկ օր անազատության մեջ պահեցին երեխային, ով ընդամենը 14 տարեկան էր: Շատ լուրջ հոգեբանական ճնշում եղավ, նրան ասել էին, իբր հայրն ու ընկերները չկան: Հասկանո՞ւմ եք: Մենք գործ ունենք 14 տարեկան երեխայի հետ, ով 15 տարեկան դարձավ դեպքից միայն ամիսներ անց: Դրանից հետո Շահենի համար հորինել այս հոդվածը, որպեսզի նա հանցագործության սուբյեկտ դառնա, և կարողանան նրան դատի տալ, սա հենց խոսում է նրա մասին, որ ակնհայտ քաղաքական է, ակնհայտգ որպեսզի Շանթին էլ ավելի ցավացնեն»,- ասաց փաստաբանը:
Նա հիշեցրեց նոյեմբերի 5-ին Շահեն Հարությունյանի գործողությունները. «Նրա հորը գցել էին ծուղակի մեջ, ծեծում էին, նա իր անելանելի վիճակից բղավում էր, և ընդամենը իր բարձրախոսով մեկ անգամ հարվածում է ոստիկանին: Սա դարձնել խուլիգանության 4-րդ մաս, պարզապես աբսուրդ է»: Ինեսա Պետրոսյանը հարց հնչեցրեց, թե ո՞վ պետք է գնահատական տա Շահեն Հարությունյանի նկատմամբ կիրառված բռնությանը: Ինեսա Պետրոսյանն «անտանելի ծանր» որակեց նրա նկատմամբ 4 տարի ժամկետով սահմանված փորձաշրջանը՝ նշելով, որ ակնհայտ երևում է իշխանությունների վերջին նպատակը: Նա՝ Շանթ Հարությունյանին 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելը խայտառակ խիստ որակեց: