ԵՏՄ անդամակցության օգուտներն ու վնասները՝ ըստ Աշոտ Թավադյանի
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ԵՏՄ անդամակցության օգուտների և վնասների մասին, աաց, թե իրենց կողմից կատարված համապատասխան հետազոտությունները ցույց են տվել, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանն ունեցել է հետևյալ օգուտները. «1. Գազի գնի նվազում 30 տոկոսով, թե ինչու դա չենք զգում, այլ խնդիր է: 2.Ադամանդի արտադրություն, այլ ապրանքների գների նվազում: 3. 270 մլն դոլար վարկ ատոմակայանը վերակառուցելու համար, իսկ վճարումը սկսելու է 2019-ից: 4. Ստացանք մաքսատուրքի մասնաբաժինը ավելի մեծ, քան հավաքում էինք, տարեկան մոտ 200 մլն դոլար:
Ուզում եմ նաև նշել, որ իր մասնաբաժնից 1 տոկոս զիջեց Ռուսաստանը, 0.05 տոկոս՝ Բելառուսը, 0.07 տոկոս զիջեց Ղազախստանը, այսինքն՝ հիմնական հարվածն իր վրա էլի Ռուսաստանը վերցրեց: Գուցե իր քաղաքական շահերից ելնելով, բայց ինձ առաջին հերթին մեր շահերն են հետաքրքրում»,- ասաց նա:
Տնտեսագետը առանձնացրեց նաև այն կետերը, թե ինչ տեղի կունենար Հայաստանի հետ, եթե չինտեգրվեր ԵՏՄ-ը: «Կարող է ունենանք պատրաստի արտադրանքի կտրուկ կրճատում. կկիրառեն մաքսատուրքեր և սանիտարական նորմեր: Մենք Ռուսաստանից մոտ 86 տոկոս տրանսֆերտներ ենք ստանում՝ 1.6 մլրդ, որը գերազանցում է մեր արտահանումը: Իհարկե, 1.6 մլրդը կդառնա 1.4 մլրդ, բայց եթե այս պրոցեսը չգնա, մի երկու միլիոն էլ ավել կկորցնենք: Կունենանք գազի գնի կտրուկ թանկացում և 1 մլրդ էլ այդտեղ կկորցնենք: Մեր տնտեսական պաշտպանությունը իրականացվում է այն ապրանքների հաշվին, որոնք ներքին գներով ստանում ենք Ռուսաստանից: Դա փակ թեմա է, բայց էլի միլիարդների հասնող գումար է:
Իսկ ի՞նչ են մեզ առաջարկում: Առաջարկում են Ասոցացման պայմանագիր և Եվրամիության փորձագետների հաշվարկներով՝ 5 տարվա ընթացքում Հայաստանը 146 մլն դոլար օգուտ կստանա, այն էլ այն պարագայում, եթե բացվի Թուրքիայի հետ սահմանը: Այսինքն՝ պետք է դե ֆակտո անդամակցությունը ԵՏՄ-ը դարձնենք դե յուրե, որպեսզի ավելի շատ օգտվենք»,- կարծում է տնտեսագետը:
Ինչ վերաբերում է ներդրումների հետ կապված խնդիրներին, բանախոսն ասաց, որ այդտեղ խնդիրներ են առաջանում՝ կապված սանկցիաների ու նավթի գնի անկման հետ: «Որոշ չափով կլինեն հետաձգումներ, բայց այդ 2 մլրդ ներդրումը Ռուսաստանի համար մեծ գումար չէ: Եվ կարծում եմ, որ քանի որ դա շատ կարևոր է ինտեգրացիոն գործընթացների համար, դա կարվի»: