Մանրամասներ. Ինչպես են հայ հետախույզները տարհանել խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմիններն ու անհրաժեշտ իրեղեն ապացույցները
Ինչ ասել է` հատուկ նշանակության գործողություն, և ինչպես են հայ հետախույզները տարհանել ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմիններն ու անհրաժեշտ իրեղեն ապացույցները: hayzinvor.am-ի թղթակցին մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
«Հետախույզը սովորաբար գործում է հակառակորդի թիկունքում, եւ ինքն է ընտրում՝ որտեղ, երբ, ինչպես գործել: Հետախույզի առավելություններից մեկն էլ այն է, որ նրան չեն սպասում, նախաձեռնողը ինքն է, ինքն է ընտրում թիրախը կամ նրան նախօրոք հանձնարարվում է, սակայն այս դեպքում ամեն ինչ այլ էր:
Պայմանները բավականին յուրահատուկ էին: Առաջին՝ գործողության վայրը, ըստ հակառակորդի, եղել է պատշաճ վերահսկողության ներքո: Խոցված ուղղաթիռը գտնվել է հակառակորդի դիրքից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:
Հատուկ գործողությունը ենթադրում էր կատարման հստակ ժամանակացույց, քանի որ այն շատ երկար չպետք է տեւեր: Լրատվամիջոցներին հետեւելով՝ թվում է, թե գործողությունն իրականացվել է նոյեմբերի 21-22-ը՝ մեկ ամբողջ օր, բայց այդպես չէ. այն փուլային առաջադրանք էր:
ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումը մի քանի անգամ ներթափանցել է տարածք եւ դուրս եկել, աշխատել է հակառակորդի քթի տակ: Առաջադրանք կատարող ստորաբաժանման զինծառայողներին այնտեղ սպասում էին, ուստի ԼՂՀ ՊԲ հրամանատարության որոշումը եւս յուրահատուկ է՝ սպային վայել:
Եթե գործեին տեսական, ռազմարվեստում ընդունված մեթոդներով, պետք է որ այդ քայլին չգնային, չպետք է ստորաբաժանում ուղարկվեր նման տարածք, քանի որ ռիսկի գործոնը շատ մեծ էր: Այնինչ զոհված սպաների դիակներն ստիպեցին կայացնել աննախադեպ որոշում: Իսկական զինվորականը չի խոչընդոտի զոհված սպայի դիակը մարտադաշտից դուրս բերելուն: Նույնիսկ Արցախյան պատերազմի ժամանակ մարտից հետո երկու կողմերը պայմանավորվում էին եւ մարտադաշտից դուրս բերում զոհված ընկերներին, չէին խանգարում իրար: Մեր հակառակորդը փոխվել է, լկտիացել, առավել նենգ է դարձել. գուցե այս պահվածքը նրանց անճարակության արդյունքն է:
ԼՂՀ ՊԲ զինծառայողները գործողության ընթացքում ամբողջովին ոչնչացրել են հակառակորդի ստեղծած ծուղակը: Ծուղակ ասելով՝ պետք է հասկանալ հակառակորդի ձեռնարկած լրացուցիչ միջոցառումները՝ ավելացրել էին դիպուկահարների, նոր դիրքերի թիվը, դիրքավորել էին այնպես, որ կարողանան ազդել ամբողջ տարածքի վրա, լրացուցիչ գնդացրորդներ էին նշանակել, լուսարձակներ էին բերել եւ փորձել տեղանքը լուսավորել երկու կողմից, բայց ոչնչացվել են:
Առաջադրանք կատարող խումբը փոքրաթիվ էր: Պարզ է՝ եթե գործողության մասնակցող անձնակազմը մեծաքանակ լիներ, կորուստ ունենալու հավանականությունն էլ կմեծանար: Անձնակազմը կխրախուսվի ամենաբարձր մակարդակով՝ ըստ զինվորական կարգի: Այս հարցում էլ պետք չէ շտապել, ինչպես, օրինակ, ադրբեջանական կողմը արեց՝ արագ խրախուսելով ուղղաթիռը խոցած զինծառայողին, ինչը թուլության նշան է եւ խոսում է այն մասին, որ հակառակորդը անլուրջ է եւ հերոս ստեղծելու խնդիր ունի»: