Ինչպես է ԱԻՆ-ը խոշոր հրդեհի դեպքում պաշտպանելու կառավարության աշխատակիցներին
Նոյեմբերի 28-ին ՀՀ կառավարության շենքում (Կառավարության տուն 3) անցկացվեց «Խոշոր հրդեհի առաջացման դեպքում աշխատակիցների պաշտպանության միջոցառումների իրականացում» թեմայով ուսումնավարժանք:
Ըստ ուսումնավարժանքի պլանի` հրդեհ է բռնկվել շենքի երրորդ հարկում. անհրաժեշտ է կազմակերպել շենքում գտնվող նախարարությունների և այլ ծառայությունների աշխատակիցների տարահանումն ու հրդեհաշիջումը: Վարժանքը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Հրդեհի բռնկման մասին ահազանգ ստանալուց հետո` դեպքի վայր ժամանեցին հրշեջ-փրկարարները, ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատն ու կինոլոգիական խումբը, որոնք անմիջապես սկսեցին հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարահանման աշխատանքները:
ԱԻ նախարարության ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկների խումբը` տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, իրավիճակի վերահսկողությունը հանձնում էր շտապօգնության ծառայության աշխատակիցներին: Շտապօգնության մեքենաների` արագ և առանց արգելքների դեպքի վայր հասնելը գտնվում էր ոստիկանության վերահսկողության տակ:
Ավտոսանդուղքի միջոցով հրդեհաշիջման աշխատանքների իրականացումից, հրդեհի մեկուսացումից, մարման և նախարարությունների, գերատեսչությունների աշխատակիցների տարահանման միջոցառումներից հետո հրշեջ-փրկարարաները կատարեցին նաև ինքնափրկաման գործողություններ:
Ուսումնավարժանքի ընթացքին հետևում էր նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը: Նա բարձր գնահատեց լայնամասշտաբ ուսումնավարժության ամբողջ գործընթացը` հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն