Ֆրանսիայում մտավախություն ունեն, որ ռուս ծովայինները կարող են փախցնել «Միստրալ» տիպի «Վլադիվոստոկ» նավը. Le Figaro
Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ ներկայիս լարվածությունը որոշակի մտավախություն է առաջացնում, որ կարող է կրկնվել շերբուրյան մոտորանավակների սցենարը. 1969 թվականի ամանորյա գիշերն Իսրայելի հատուկ ծառայությունները դրանք գաղտնի հանեցին երկրից:
Միջադեպը գրանցվել է երկուշաբթի, երբ 400 ռուս ծովայիններ, որոնք ամռան սկզբից Սեն Նազերում պատրաստություն են անցնում «Միստրալ» տիպի «Վլադիվոստոկ» ռազմանավի վրա, ցանկացել են վերջնականապես հիմնավորվել ոչ վաղ անցյալում կառուցված ուղղաթիռակրի վրա:
Պաշտոնապես նավը պետք է Ռուսաստանին հանձնվեր նոյեմբերի 14-ին, սակայն Ֆրանսիայի կառավարությունը դեռ ձգձգում է դա: Ռուս նավաստիների պատրաստությունն ավարտվել է օրեր առաջ, և նրանք իրենց պահում են այնպես, կարծես թե, ոչինչ տեղի չի ունեցել: Նրանք ցանկացել են իրենց անձնական իրերը տեղափոխել «Վլադիվոստոկ» նավի վրա, որն արդեն իսկ պատրաստ է նավարկության:
Եվ այնուամենայնիվ, նրանց խանգարել են անել դա: Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ եթե դա տեղի ունենար, ապա նավը դրանով իսկ կհայտնվեր ռուս ծովայինների տրամադրության տակ, և կդառնար ռուսական նավ, ինչից հետո շատ դժվար կլիներ նրանց այնտեղից հեռացնելը: Աղբյուրը չի բացառել, որ ռուսները պատրաստվում են հեռանալ այդ նավով: Ռուսական կողմն արդեն իսկ ամբողջովին վճարել է «Վլադիվոստոկի» համար:
Ֆրանսիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող է կրկնվել 1969 թվականի ամանորյա գիշերը շերբուրյան մոտորանավակների սցենարը: Ֆրանսիան 1965 թվականին Իսրայելի հետ ստորագրել էր 12 հրթիռակիր մոտորանավակ վաճառելու մասին պայմանագիր:
Եվ այնուամենայնիվ, Վեցօրյա պատերազմից (1967 թվականի հունիս) հետո Շառլ դե Գոլը բեռնարգելք դրեց Իսրայելին հարձակողական սպառազինություն վաճառելու վրա: Իսկ 1968 թվականի դեկտեմբերին Բեյրութի օդանավակայանում իսրայելական ռեյդից հետո նա ընդհանրապես չեղյալ հայտարարեց մոտորանավակների մասին պայմանագիրը:
Եվ այնուամենայնիվ, 1969 թվականի դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Ֆրանսիայում նավերը հանվեցին խարսխից և հետո հաղթարշավով մտան Հայֆայի նավահանգիստ: Այն ժամանակ Իսրայելի հատուկ ծառայությունների այդ գործողությունն անհարմար դրության մեջ գցեց Ֆրանսիայի իշխանություններին:
Սակայն պատմաբանները վստահեցնում են, որ Ֆրանսիայի կառավարությունը տեղյակ է եղել իսրայելցիների պլանի մասին, սակայն խոչընդոտներ չի հարուցել, քանի որ Իսրայելն արդեն իսկ մասնակի վճարել էր մոտորանավակների համար: