Չպետք է «բանակի մարտունակություն» հասկացությունը շփոթել գնվող սպառազինության քանակի հետ. ադրբեջանցի քաղաքագետ

Minval.az-ին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաևը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ադրբեջանի ռազմական ծախսերի մեծացմանը.

«Ադրբեջանի իշխանությունները որոշել են երկրի 2015 թվականի պաշտպանական բյուջեն ներկայիս 3.8 միլիարդ դոլարից հասցնել մինչև 4.8 միլիարդ դոլարի: Ինչի՞ մասին է խոսում այդ միտումը. Ադրբեջանն իրեն ապահովագրո՞ւմ է ռիսկերից կամ էլ պատրաստվո՞ւմ է պատերազմի:

Նախևառաջ չպետք է «բանակի մարտունակություն» հասկացությունը շփոթել գնվող սպառազինության քանակի հետ: Սպառազինության քանակը մարտունակության միայն մի մասն է: Բնականաբար, սպառազինության գնումն ինչ-որ կերպ նպաստում է ռազմական ու ֆիզիկական հնարավորությունների աճին:

Պատերազմի ժամանակ ամեն ինչ ստուգման է ենթարկվում բացառապես մարտադաշտում: Դրա համար էլ վաղաժամ է վստահաբար խոսել մեր բանակի աճող մարտունակության մասին: Եվ երկրորդ՝ ինձ համար որոշակի իմաստով կասկածելի է թվում սպառազինության գնման հանդեպ առկա տարվածությունը:

Պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևի ժամանակ էլ գնվում էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, սակայն ցայժմ հայտնի չէ, թե այդ միլիարդների որ մասն է հայտնվում վերջին տարիներին երկրում ի հայտ եկած մեծ քանակությամբ գեներալների գրպանում, և որ մասն է իրականում ծախսվում սպառազինության գնման վրա:

Արդյոք ընդհանրապես ռացիոնալ ձևո՞վ են իրականացվում այդ գնումները, արդյոք մենք թանկացված գներով չե՞նք գնում ռազմական տեխնիկա: Չէ՞ որ ԶԼՄ-ներում քանիցս տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Պաշտպանության նախարարությունը գնել է ընդհանրապես ոչ ամենաորակյալ զենք, իսկ երբեմն էլ անգամ գնել է հին զենք:

Դժբախտաբար, թափանցիկության բացակայության դեպքում մենք չենք կարող այդ ամենի մասին իմանալ մանրակրկիտ ձևով: Պետք է ընդգծել, որ Ադրբեջանը նախկինում երբեք չի ունեցել այնքան ռազմական հզորություն, որքան որ ունի այսօր: Պետք է միանշանակ ողջունել դա:

Սակայն այդ ողջ սպառազինությունը մնում է զորանոցներում՝ ժամանակի հետ վերածվելով անօգտակար մետաղի կույտի: Մյուս կողմից էլ Ադրբեջանը Հայաստանին հարկադրում է գումարներ ծախսել սպառազինության գնման համար, ինչը համեմատելի է սպառազինությունների այն մրցավազքի հետ, որը գոյություն է ունեցել ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև, և ինչը ճգնաժամի պատճառ դարձավ ԽՍՀՄ-ում»:

Տեսանյութեր

Լրահոս