Թեժ բանավեճ ԱԺ-ում՝ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Հակոբյանի միջև
Այսօր ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումների ժամանակ փոխադարձ մեղադրանքների շարան հնչեցրին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Օրինագծի վերաբերյալ Հակոբյանի ելույթից հետո Ա.Մինասյանը հայտարարեց. «Ձեր անձը շատ եմ հարգում, բաց լսելով Ձեզ, եկա եզրահանգման, որ այդտեղ կանգած է Լյուդովիկոս 14-րդը, որ ասում էր՝ պետությունը ես եմ»: Ա.Մինասյանը հայտարարեց, որ Հակոբյանը սոցիալական քաղաքականության «հերն անիծել է» և կոչ արեց չարաշահումների մասին խոսել, ու ասել, թե ինչպես է ժողովրդագրական վիճակի բարելավումը լուծվում այս օրինագծերի փաթեթով: Մինասյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք Հակոբյանը կարողացե՞լ է քննարկումների ժամանակ համոզել հանրությանը:
«Ինչքան գրքեր կարդացել եմ, ամերիկյան և այլն, բոլոր տեղերում հենվում են Արծվիկ Մինասյանի վրա՝ որպես սոցիալական դոկտրինայի հայր,- կսմիթների իր տոպրակը բացեց Հ.Հակոբյանը,- Տրամաբանության հետ է կապված, երբ Դուք կամ Ձեր նման ցուցակային պատգամավորները ասում եք՝ միայն 100% համամասնական, էն օրն ասեցի՝ էդ 100%-ը հակասահմանադրական է: Դուք ասում եք, ես չե՞մ կարող ասել»:
«Սենց որ գնա, Դուք ցուցակային նպաստներ էլ կքննարկեք,- տարակուսեց Ա.Մինասյանը,- Ի՞նչ կապ ուներ համամասնականի այդ հարցը այս օրինագծերի հետ, չհասկացա: Բայց հրաշալի նախաձեռնություն է, որ չաշխատող մայրերը նպաստ ստանան, ինչո՞ւ եք կտրում աշխատողների նպաստը: Ես մեղադրում եմ Ձեզ առաջին հերթին որպես մարտունեցի: Կանգնել եք էդտեղ ու պաշտպանում եք էդ նախագիծը»:
Ա.Մինասյանը հիշեցրեց նաև Հակոբյանի՝ «կուտակայինի հայր» լինելը, իսկ Հ.Հակոբյանը հիշեցրեց, երբ Մինասյանն էր փոխնախարար ու նա էր դեմ գնում բարեփոխումներին: «Ես երբեք չեմ տխրել, չեմ վիրավորվել իմ ծննդավայրով: Ով չունի, թող նա վիրավորվի, շատ էլ ուրախ եմ»,- հայտարարեց Հակոբյանն ու վստահեցրեց, թե նախագծի նպատակը մեկն է՝ խթանել ծնելիությունը:
«Ժողովրդի մասին կարելի է մտածել, բաց ժողովրդին քաղաքականության շահարկման առարկա դարձնել չի կարելի: Ժողովրդին սիրում են արյամբ, ներքուստ: Այստեղ հակաժողովրդական մարդ չկա»,- իր հերթին նկատեց նիստը նախագահող Գալուստ Սահակյանը: