Թուրքիայում դադարեցվել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման աշխատանքները
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքում կասեցվել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման աշխատանքները, ինչի պատճառը դրա շուրջ անցկացված մրցութային համակարգն է:
2008 թվականին Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած հիմնարկեքի հանդիսավոր արարողությունից հետո պլանավորված էր «դարի նախագծի» իրագործումն ավարտել 2011 թվականին: ԲԹԿ-ի կառուցման շուրջ անցկացված մրցույթի համաձայն՝ ԲԹԿ-ի թուրքական հատվածի (76 կիլոմետր) կառուցման համար անհրաժեշտ էր 294 միլիոն լիրա (ներկայումս 1 դոլարը հավասար է 2.22 լիրայի):
Սակայն ժամանակի հետ մեկտեղ բավական աճեցին ԲԹԿ-ի կառուցման ծախսերը և առաջին մրցույթից հետո՝ 2012 թվականին, անցկացվեց նոր մրցույթ: Ընդհանուր առմամբ, ԲԹԿ-ի կառուցման համար նախատեսված ծախսերն աճել են եռակի, իսկ երկաթուղին, այնուամենայնիվ, դեռ չի կառուցվել: Երկրորդ մրցույթի համաձայն՝ ԲԹԿ-ի կառուցման ծախսերը կազմելու էին 537 միլիոն լիրա:
Ներկա դրությամբ ԲԹԿ-ի կառուցման համար արդեն իսկ ծախսվել է 435 միլիոն լիրա, և չնայած դրան՝ ներկայումս ավարտված է շինարարական աշխատանքների միայն 39 տոկոսը: Այժմ հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ ԲԹԿ-ի կառուցման աշխատանքներն ավարտելու համար անհրաժեշտ է 1.5 միլիարդ լիրա:
ԲԹԿ-ի նախագծի իրագործման համար ֆինանսական ծախսերի սկզբնական ու վերջնական ծախսերի այդ լուրջ տարբերությունը մտահոգում է Թուրքիայի կառավարությանը, որը ստեղծել է տեսչական խումբ՝ դրա հանգամանքները պարզելու համար: Ընդգծվում է, որ շահագործման հանձնվելուց հետո ԲԹԿ-ը տարեկան կփոխադրի 3 միլիոն ուղևորի ու 6.5 միլիոն տոննա բեռ: