Բաժիններ՝

Հայաստանում 1991 թվականից մի սկզբունք են կիրառում՝ «լսել են գեղում հարսանիք ա, չգիտեն՝ ում տանն ա». Հ. Մեսրոբյանը

Կառավարման իմաստով ցանկացած խոշորացում հաճախ լինում է դրական քայլ, որովհետև խոշորացումն իր մեջ նախատեսում է որոշակի օպտիմալացում, բայց այդ վերջին միացումը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության և Տարածքային կառավարման նախարարության, կառավարման իմաստով անտրամաբանական միացում է: Նման տեսակետ այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Հիշեցնենք, որ օրերս կառավարության նիստում որոշում կայացվեց միացնել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները:

Հ. Մեսրոբյանն իր տեսակետը այսպես պարզաբանեց. «Արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխատում է ոչ նորմալ, արտակարգ իրավիճակներում, և դա է իր տրամաբանությունը և ռազմավարությունը, որը, բնականաբար, ազդում է գործունեության մարտավարության վրա: Ինչ վերաբերվում է Տարածքային կառավարմանը, այն ավելի կայուն պայմաններում աշխատելու համար է՝ որպես կանոն, ռազմավարական իմաստով միտված է ռեգիոնների կայուն զարգացմանը:

Բնական է՝ ռազմավարությունից միշտ բխում է մարտավարությունը: Ռազմավարության իմաստով այդ երկու նախարարության աշխատելաոճը որակապես տարբեր են, բնական է՝ և մարտավարությունը: Նման կառույցների միացնելը կառավարման իմաստով ուղղակի անթույլատրելի է»:

Կարդացեք նաև

Կառավարման փորձագետ նկատեց, որ Հայաստանում 1991 թվականից մի սկզբունք են կիրառում՝ «լսել են գեղում հարսանիք ա, չգիտեն՝ ում տանն է». «Օպտիմալացում՝ ուրեմն՝ պետք է լինի վատ, զարգացում՝ ուրեմն՝ պետք է լինի անորակ: Մենք միշտ ընկնում ենք ձևի հետևից, երբ պետությունը գնում է ձևի հետևից, սա նշանակում է, որ պետությունը ըստ էության գոյություն չունի»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը հետազոտել է անվտանգության խնդիրը, որից պարզ էր դարձել, որ եթե այդ երկու նախարարությունները առանձին են աշխատում, խնդիր չեն կարողանում լուծել.

«Նրանք ունեն ընդհանուր նպատակներ, թեպետ մեթոդները կարող են լինել տարբեր և դա շատ լավ է»:

Նա նկատեց, որ փոքր հանրապետություններում չի կարող լինել 20 նախարարություն, դա, ըստ նրա, անիմաստություն է. «Միավորումը անհրաժեշտ է, ուղղակի ֆունկցիոնալ կառուցվածքային խնդիրների նպատակադրումները պետք է լինեն ճիշտ և օգտավետ:

Այդ դեպքում օպտիմալացումը հնարավոր է: Ինձ թվում է՝ Հայաստանը 5 նախարարությունով լրիվ կգոյատևեր, եթե մենք կարողանայինք ճիշտ լուծումներ տայինք զարգացումների համար»:

Հ. Մեսրոբյանն էլ նշեց, որ կառավարման չափորոշիչներից մեկը արդյունքն է. «Ասեք, խնդրեմ՝ 1991 թվականից ո՞ր օպտիմալացումն է բերել արդյունքի: Չի բերի երբեք, որովեհտև 1991 թվականից բերանս չորացավ այս հարցը բոլորին տալով՝ մենք ինչ պետություն ենք ուզում կառուցել, բոլորը ընդհանուր բաներ էին ասում: Դա պետության բովանդակությունը չէ, պետության բովանդակությունը արդյունքն է: Արդյունքը հետևյալն է՝ կենսամակադակը եղել է այսքան, դարձել է այսքան, ՀՆԱ-ն եղել է այսքան դարձել է այսքան.. այս սա է արդյունքը: Ես հիմա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այս երկու միավորումները դա բերելու է նրան, որ իրականության մեջ դուք փոփոխություն դեպի լավը չեք տեսնի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս