
Թուրքիայի ռազմական դպրոցների կուրսանտներին արգելել են դիտել «Գահերի խաղը» հեռուստասերիալը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմական դպրոցների կուրսանտներին արգելել են դիտել «Գահերի խաղը» հեռուստասերիալը: Զինված ուժերի ներկայացուցիչները համապատասխան կետը հավելել են կրթական կանոններում՝ «ուսանողների պաշտպանության» բաժնում:
Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ նմանատիպ սերիալիներ դիտելու արգելքը պետք է կուրսանտներին պաշտպանի «սեռական շահագործումից, պոռնոգրաֆիայից, էքսգիբիցիոնիզմից (սեռական վարքագծի շեղված ձև, երբ սեռական հաճույք են ստանում անծանոթներին, սովորաբար՝ հակառակ սեռին, ինչպես նաև հանրային վայրերում, սեռական օրգանների ցուցադրությամբ), բռնություններից, ոտնձգություններից և բացասական պահվաքծի այլ ձևերից»:
Հեռուստասերիալը ռազմական ակադեմիայում ցուցադրվել էր անգլերենի ուսուցման դասընթացի շրջանակներում: Սակայն բարձրագույն հրամանատարությանը դուր չի եկել, որ նրանում առկա են ավելորդ բաց տեսարաններ, որոնք չեն համապատասխանում երիտասարդ սպաների դաստիարակման ոգուն: