Արմեն Աղայան. «Մեր ժողովուրդը դեռևս տառապում է 90-ականների բուրժուադեմոկրատական հեղափոխության պատճառած վերքերից»
«Որքան էլ հեղափոխություն բառը ոմանց վախեցնի, բոլորիս էլ պարզ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքը չի կարող սովորական լինել, միայն հեղափոխական ծավալի և նշանակության փոփոխություններով է հնարավոր հաղթահարել ազգային պետական ճգնաժամը»,- այսօր «Հայազն» կուսակցության համագումարի ժամանակ նման կարծիք հայտնեց կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:
Ըստ նրա՝ հայ ժողովուրդն ուղղակի ստիպված է արմատապես վերանայել ազգային պետական կաղապարը և գերակա քաղաքական ռազմավարությունը. «Զարմանալի չէ, որ ճգնաժամի աճելուն զուգընթաց մեզանում աճում են հեղափոխական տրամադրություններ, սակայն իրենց հեղափոխական համարողների պատկերացումները հաճախակի են տարբերավում»:
Ա.Աղայանը նկատեց, որ վերջին շրջանում շատ է խոսվում բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին: Իրենք սա մերժում են՝ որպես ժամանակավրեպ ու անպիտան մի կարգախոս, որն, ըստ նրա՝ օգտագործվում է օլիգարխիական վերնախավի ներքին իշխանակռվին գաղափարական երանգ հաղորդելու համար.
«Մեր ժողովուրդը դեռևս տառապում է 90-ականների բուրժուադեմոկրատական հեղափոխության պատճառած վերքերից: Եվս մեկ այդպիսի հեղափոխություն կարող է ուղղակի հայոց պետականության վերջ տալ»,- նշեց նա::
Ա.Աղայանի խոսքով՝ հեղափոխականների մեկ այլ խումբ հավատում են սահմանադրական հեղափոխությանը, նրանք կարծում են, որ դժբախտությունների պատճառը Սահմանադրության ոտնահարումն է, և եթե այն սկսի գործել, ապա բոլոր խնդիրները ինքնաբերաբար կլուծվեն. «Մենք համոզված ենք, որ հենց ազգային պետության սկզբունքներին չհամապատասխանող առկա Սահամանդրությունն է նաև ներկա ճգնաժամի, այդ թվում՝ դրա չգործելու պատճառներից մեկը»:
Ըստ Ա.Աղայանի՝ հեղափոխականների մեկ այլ խմբի ընդհանրապես չի հուզում, թե ինչ պետք է լինի հեղափոխությունից հետո: Հեղափոխությունը նրանց համար լոկ ապստամբություն է, հեղափոխություն հանուն հեղափոխության: Նրանք հավատում են, որ եթե մեկ անգամ իշխանությունը պատժվի, ապա հաջորդն իրեն ավելի զգոն կպահի, այնինչ պատմությունից հայտնի է, որ ամենավայրագ իշխանությունները ձևավորվել են հեղափոխական ապստամբությունների արդյունքում:
Պետք է հստակ տարբերել հեղափոխության ապստամբական եղանակը հեղափոխական ծավալի և նշանակության փոփոխություններից: «Հայազնը» ապստամբություններից չի վախենում, բայց «Հայազնը» ապստամբություն չի պլանավորում և չի պլանավորելու: Ինչ եղանակով էլ լինի իշխանափոխությունը, այն իրական հեղափոխության կվերածվի միայն դրան հաջորդող արմատական փոփոխությունների արդյունքում»: